կարևոր
4714 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-08 10:14
Հասարակություն

Թե իմ մահվանից հետո բացեն սիրտս, ապա կտեսնեն ձեր թողած երկու խոշոր վերքերը․ հայրը՝ նահատակված որդիներին

Թե իմ մահվանից հետո բացեն սիրտս, ապա կտեսնեն ձեր թողած երկու խոշոր վերքերը․ հայրը՝ նահատակված որդիներին

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, կրտսեր որդուս՝ Երվանդի, նահատակության օրն է… Չորս տարվա մեջ երկրորդ անդառնալի կորուստս… 2016-ի ապրիլի 4-ին ավագս՝ Նորայրը (քառասուն էլ չկար), մարտիրոսվեց Թալիշի դիրքերում, 2020-ի այս օրը՝ Երվանդս (42-ը դեկտեմբերին պիտի լրանար), Մեխակավանի (Ջաբրայիլի) ուղղությունում: Երկուսն էլ՝ թշնամական արկի պայթյունից:

Երվանդիս առողջական վիճակը միանգամայն անհամատեղելի էր զինվորական ծառայության համար, մանավանդ՝ մարտական դիրքերում: Բայց ինչպես ավագ եղբոր դեպքում էր, Հայրենիքի սերը շատ ավելի վեհ ու վես էր նրա համար, քան մնացյալ ամեն ինչ՝ ծնողներ, ընտանիք, սիրասուն զավակներ, նախընտրած մասնագիտությամբ՝ դիվանագիտական աշխատանք (ռազմաճակատ մեկնելուց ԱՀ ԱԳՆ աշխատակազմի Սփյուռքի բաժնի պետն էր), ինչ մնաց թե՝ առողջական վիճակ: Զինկոմիսարիատում համառորեն պնդել էր, որ իրեն նույնպես զորագրեն որպես կամավորական-աշխարհազորայինի: ՙՄի՞թե ես պակաս հայրենասեր հայ եմ, քան մյուս տղերքը՚,- հետո մեզ այդպես հաղորդեցին նրա այդ համառ պնդումների վկաները: Եվ, ի վերջո, հասավ նպատակին, զինվորական համազգեստ ու հրաձիգ ստանալով՝ միացավ մարտադաշտ մեկնող աշխարհազորայինների հերթական ջոկատին: Մեկնեց առանց հրաժեշտ տալու մեզնից թեկուզ որևէ մեկին:

Նույն այդ կիրակի օրվա՝ սեպտեմբերի 27-ի, վաղ առավոտյան, երբ աշխատավայր էի շտապում ոտքով (տրանսպորտ չկար), նոր պատերազմի պայմաններում օրվա անելիքներիս անցնելու համար, ԱԳՆ գերատեսչական շենքի մոտով անցնելիս հանկարծ ՙպապա՚ կանչը լսեցի, նայեցի՝ աջ ու ձախ, ապա վերև՝ Երվանդս էր շենքի պատշգամբից: Իր մշտական լուսաշող ժպիտը դեմքին: ՙՈ՞ւր այդպես՚,- հարցրեց: ՙՌադիո: Պատերազմ է՝ տեսնեմ ինչ եմ անում,- պատասխանեցի,- դո՞ւ…՚: ՙԴե, չե՞ս ասում՝ պատերազմ է, ես էլ իմ անելիքն ունեմ՚,- դարձյալ ժպտում էր: ՙԴե լավ, մատաղ, գործիդ կաց, ես գնամ՚,- ասելս ու առաջ շարժվելս մեկ եղավ՝ անմտորեն չենթադրելով, որ տղաս նույնպես կարող է ի զեն ելած կռիվ մեկնել: Էհ, մտածեի՝ կբարձրանայի իր մոտ կամ թե ինքը կիջներ, կրծքիս կսեղմեի, ամուր-ամուր, Աստված մի արասցե՝ վերջին անգամ ու նույն մաղթանքը կտայի: Մաղթանք, որ տակավին 16-ամյա պատանի Նորայրիս էի տալիս Երևանում՝ Արցախյան առաջին ազատամարտի տարիներին, երբ ամեն անգամ՝ հերթափոխային կարճատև հանգստից հետո, իր կամավորական ջոկատի հետ միասին նորից մեկնում էր առաջին գիծ. ՙՄատաղ, զգույշ կաց, պինդ կաց, տղամարդ կաց…՚: Ապրիլյանի առաջին իսկ օրը Նորայրս էլ անսպասելի, առանց հրաժեշտի գնաց կռիվ, չիմացա, մաղթանք չտվի: Պատերազմի 3-րդ օրը խոցվեց մահացու… Մինչդեռ 90-ականների մարտերում թեթևակի վերք անգամ չէր ստացել: Երևի թե հայրական մաղթանքս էր ականջահաճո, թե սրտահաճո եղել Բարձրյալին՝ Աստծուն… Արդ յոթերորդ տարին է՝ հոգուս մեջ ձաղկում եմ ինքս ինձ՝ ինչո՞ւ զլացա ու բարեմաղթանք չտվի իմ հոգու լույս, իմ թև ու թիկունք, որդիներին…

Երբ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից՝ Արցախի ազատամարտիկների միության գրասենյակի մոտից, ավտոբուսով ռազմաճակատ մեկնող կամավորականներին հեռուստալրագրողը հարցրել է, թե տղերք, ո՞ւր եք գնում, տղաներից Նորայրս զինակից ընկերների անունից պատասխանել է. ՙԳնում ենք մեր հայրենիքը պաշտպանեկու…՚:

Ասում են նաև՝ ընկերներից մեկը հարցրել է Երվանդին, թե ինչո՞ւ իր այս առողջական վիճակում անպայման ուզում է մարտի գնալ: ՙԳնում եմ հայրենիքս պաշտպանելու, նաև եղբորս՝ Նորայրի վրեժն առնելու…՚:

Հետո ես իմացա նաև, որ սեպտեմբերի 27-ի ողջ օրը՝ մինչև երեկո, Երվանդը մշտական էլեկտրոնային ու հեռախոսային կապի մեջ էր Սփյուռքի մեր համայնքների պատասխանատուների հետ, այդ օրվա և հետագա համատեղ անելիքները պայմանավորել, վերջում բոլորին էլ ապսպրել էր, որպեսզի կապն այսուհետ շարունակեն պահպանել բաժնի աշխատակիցների հետ, քանզի ինքն այլևս աշխատավայրում չի լինելու՝ մեկնում է ռազմաճակատ:

Հոկտեմբերի առաջին տասնօյակում էր՝ հայկական լրահոսում հրապարակվեց մարտական գործողությունների ժամանակ որդուս նահատակվելու գույժը՝ նաև նշելով ԱՀ ԱԳՆ-ում նրա՝ Սփյուռքի բաժնի պետի զբաղեցրած պաշտոնը և այն, որ Երվանդը կամավոր էր մեկնել ռազմաճակատ: Որքան անսպասելի էր՝ այդ տեղեկությունն անմիջապես հրապարակվեց նաև ադրբեջանական մամուլում, ընդ որում, նախ, մարտադաշտ որպես կամավորական նրա մեկնելու մասին միևնույն նշումով, ապա, երևի թե քիչ թե շատ խելքի գալով՝ առանց դրա, սակայն ամեն անգամ էլ ցնծությամբ շեշտելով, թե ՙադրբեջանական ուժերը հերոսական մարտերի ընթացքում ոչնչացրել են բարձրաստիճան հայ դիվանագետի՝ Սփյուռքի բաժնի պետ ՝Երվանդ Հաջիյանին՚ և, իբր թե, ՙում ձեռքի տակով էին մինչ այդ անցնում և ով տնօրինում էր հսկայական խոշոր դրամական հոսքերը՚… Ի՞նչ ասեմ՝ իսկը անուղեղ քոչվոր խաշնարածի դատողություն…

Չգիտեմ՝ Երվանդս հսսցրե՞ց, արդյոք, եղբոր՝ Նորայրի վրեժն առնել թշնամուց: Շաբաթներ անց՝ որդուս զինակիցններից մեկը, այցելելով մեզ Երևանում՝ տեղահանվածներիս ժամանակավոր կացարանում, հիացմունքով էր վկայում ընկերների նկատմամբ Երվանդի մարդկային հոգածու ու մարտական խիզախ պահվածքի մասին, հայտնելով, թե մի քանի օր շարունակ դիրքային ահեղ կռիվների մեջ էին՝ կասեցնելով թշնամական ստվար ուժերի բազմաթիվ գրոհները, ամեն անգամ գետնին փռելով հակառակորդի մեծ թվով զինվորների:

Սրտիս դաղ է մնացել՝ չկարողացանք ու չհասցրինք հավուր պատշաճի հողին հանձնել նահատակ որդուս մարմինը: Արցախի մայրաքաղաքն ադրբեջանական հրթիռա-հրետանային կայանքների պարբերական գնդակոծության տակ էր: Հոկտեմբերի 7-ի երեկոյան դեմ էր, հենց քաղաքի հրետակոծության ներքո որդուս դագաղը մի քանի հոգով մի կերպ հասցրինք Ստեփանակերտի գերեզմանատում, այնտեղ, ուր 2016-ի ապրիլի 7-ին ամփոփել էինք Նորայրիս մարմինը ու պահ տվինք հարազատ եղբորը… Անգամ ծաղիկներ ու ծաղկեպսակներ չխոնարհեցինք նրա թարմ շիրմին՝ որտեղի՞ց դրանք պատերազմող երկրում, ինչ մնաց թե որևէ քահանա տերունական աղոթք ասեր՝ հոգու հանգստություն ու երկնային արքայություն մաղթելով քրիստոնեական հավատքի մկրտված նվիրյալին …

Տղերքս, խորն է, անասելի խորն է ձեր կորստյան ցավը: Թե երբևէ՝ իմ մահվանից հետո, դիահերձարանում բացեն սիրտս՝ ձեր թողած երկու խոշոր վերքերը և դարձյալ հազարավոր չսպիացած վերքեր կտեսնեն այնտեղ՝ Արցախյան ազատամարտի նախորդ ու նոր պատերազմներում, հիմա էլ Մայր հայրենիքի՝ Հայաստանի սահմաններում նահատակված ու նահատակվող մեր բոլոր քաջորդիների անուններով, ովքեր անվարան՝ հայրենիքի պաշտպանության զոհասեղանին որդիաբար դրեցին իրենց ամենաթանկը՝ սեփական կյանքը: Ապա եթե փորձեն վերծանել սրտիս մեջ սեպագրված արնածոր արձանագրությունը, ապա անպայման կկարդան հետյալը միայն. ՙԴուք՝ իմ մորմոք ցավ, իմ հպարտություն՚:

Հավետ ձեր հայր՝ Միքայել ՝

6 հոկտեմբերի, 2022թ.

Արցախ,

Ստեփանակերտ

Միքայել Հաջյան