կարևոր
4021 դիտում, 2 տարի առաջ - 2022-09-28 17:09
Հասարակություն

«Զիջենք, որ վերջանա, փրկվենք» արատավոր մտայնությունն ու մեր անելիքը

«Զիջենք, որ վերջանա, փրկվենք» արատավոր մտայնությունն ու մեր անելիքը

Դոնեցկում եւ Լուգանսկում, ինչպես նաեւ Խերսոնի եւ Զապորոժիեի շրջաններում ավարտվեց Ռուսաստանի դաշնությանը միանալու հարցով հանրաքվեն, որի արդյունքներն ի սկզբանե պարզ էին։

Տրամաբանությունը հուշում է, որ կայացած հանրաքվեից հետո, ուկրաինական ճգնաժամը թեւակոխելու է բոլորովին նոր փուլ, ինչը ենթադրում է աշխարհաքաղաքական նոր զարգացումներ, դիվանագիտական առճակատման, ինչպես նաեւ՝ պատերազմական գործողությունների կտրուկ սրացում։ Նման պայմաններում բնականաբար, Ռուսաստանի ուշադրությունը հիմնականում կենտրոնացած է լինելու ուկրաինական ճակատի վրա եւ գլոբալ ու տարածաշրջանային առումներով մյուս բոլոր խնդիրներն ինքնաբերաբար երկրորդական պլան են մղվելու։

Միեւնույն ժամանակ, Իրանում փողոցային անկարգությունների թափը թեեւ որոշակիորեն կոտրվել է, այդուհանդերձ դրանք ամբողջությամբ չեն մարել եւ Արեւմուտքը շարունակում է երկիրը ներսից ապակայունացնելու փորձերը։ Առկա պայմաններում Իրանի իշխանությունների ողջ ուշադրությունը հիմնականում կենտրոնացած է իրավիճակը կարգավորելու եւ երկրում կայունության լիարժեք վերականգնման վրա։ ներկա դրությամբ, Ռուսաստանի պես, Իրանի համար եւս մյուս բոլոր խնդիրները ստացել են երկրորդական նշանակություն։

Իր հարեւանությամբ ստեղծված ճգնաժամային օջախների անմիջական ազդեցությունից չի կարող զերծ մնալ Հարավային Կովկասը, որտեղ, ընդհանրապես, ապականությունն ու պատերազմական պայմաններն ավելի հաճախակի դիտվող վիճակներ են, քան կայունությունն ու տեւական խաղաղությունը։

Այս բոլորի հանրագումարը մեզ ստիպում է երիցս արձանագրել, որ փաստացի պատերազմական պայմաններում գտնվող Հայաստանի համար աշխարհաքաղաքական պայմանների բարելավում ակնկալելն անմտություն է, իսկ նոր պատերազմի հնարավորություն հավանականությունը՝ չափազանց բարձր, մանավանդ այն պայմաններում, երբ ՀՀ ինքնիշխան տարածքն արդեն երկու տարի է ինչ սողացող բռնազավթման է ենթարկվում, իսկ թշնամին չի էլ փորձում թաքցնել իր գլխավոր նպատակը, որն է Հայաստանի՝ երկու կեսի բաժանումն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» միջոցով եւ Սյունիքի ու Վայոց ձորի վերջնական բռնակցումն իր տարածքին։

Նման պայմաններում, «մեզ սպասվող ծանր, ցավոտ լուծումների», «բոլոր լուծումների վատ լինելու», «բոլոր այդ վատ լուծումներից ամենաքիչ ցավոտ լուծումն ընտրելու», «այլընտրանք չլինելու», մեզ դեմ տված ցանկացած փաստաթուղթ ստորագրելու եւ «փրկվելու» մասին խոսակցությունները կեղծ դիսկուրս են, կործանարար մոլորություն, որոնց գայթակղությանը ոչմի դեպքում չպետք է տրվել։

Աշխարհաքաղաքական այս բարդ պայմաններում, երբ բազմիցս ապացուցվել է, որ թշնամին կանգ չի առնելու այնքան ժամանակ, քանի դեռ չի իրականացրել իր ծրագիրն ամբողջությամբ, մեր իրական օրակարգը պետք է ձեւավորվի բացառապես խաղի դաժան օրենքներին համապատասխան եւ համահայկական ուժի եւ հնարավորությունների համախմբման անհրաժեշտության շուրջ, ինչը կնպաստի Հայաստանի վերածննդին, հզորացման վերականգնմանը եւ առկա մարտահրավերներին համարժեք եւ համչափ արձագանքմանը։

Մենք պետք է գիտակցենք, որ Կովկասն ընդգրկող Մեծ Մերձավոր Արեւլեքում ոչ մի փաստաթուղթ էլ չի կարող լուծել առկա խնդիրներն ու երաշխավորել տեւական, մնայուն եւ իրական խաղաղություն։ Հայաստանի եւ հայության համար խաղաղությունը հասանելի է միայն եւ բացառապես 44-օրյա պատերազմի արդյունքում ուժերի խախտված հավասարակշռության վերականգնմամբ եւ թշնամու նկատմամբ ռազմաքաղաքական երբեմնի գերակայության վերստին հաստատման միջոցով։

Այլ ելք չկա եւ լինել չի կարող։ Ստորագրված ցանկացած փաստաթուղթ առ ոչինչ կդառնա, եթե մենք շարունակենք գործել «զիջենք, որ վերջանա, փրկվենք» արատավոր եւ վտանգավոր մտայնությամբ, իսկ թշնամին կշարունակի գործել եւ իրականացնել իր ծրագիրն՝ առաջնորդվելով «կա՛մ մենք, կա՛մ դուք» սկզբունքով։

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ