կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-04 20:00
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչքան զիջենք, այնքան պիտի ուզեն՝ ուտելու ժամանակ է ախորժակը բացվում․ Պարույր Սանթրոսյան

Սարսափելին պատվերով մտավորականներն են՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Երևանի տարածաշրջանային N 1 պետական քոլեջի տնօրեն Պարույր Սանթրոսյանը՝ խոսելով կրթական ու մշակութային ոլորտների՝ հասարակության ազգային դաստիարակությանը չնպաստելու մասին։

Նա համարում է, որ Խորհրդային շրջանից ի վեր Հայաստանում մտավորականներ չկան՝ կան նոմենկլատուրային մարդիկ։

Առաջիկա ընտրություններին՝ քվեախցիկի առջև կանգնող մարդուն նա մեկ խորհուրդ ունի տալու՝ երբեք մարդկանց կուռք մի սարքեք, գնացեք գաղափարների հետևից, որովհետև մարդը սխալական է, գաղափարն է կարևորը։

Այս խորհուրդը նա, սովորաբար, տալիս է իր չափահաս ուսանողներին, որոնք ընտրելու իրավունք կունենան։

«Ինձ իմ հիշողությունը թույլ չի տալիս այլ ընտրություն անել»,-ասաց Պարույր Սանթրոսյանը։

Նա չի համարում, որ իր ընկերները, ուսանողները,  ովքեր իրենց կյանքն են տվել, պարտվել են․ «Պարտվել ենք մենք՝ ապրողներս, որ այդ իրավունքը ստացել ենք տղերքի կյանքի գնով»։

Զոհվածի ծնողն ուզում է մխիթարվել գոնե այն մտքով, որ զոհվել է հանուն հայրենիքի, բայց, նրա համոզմամբ, այդ հայրենիքն էլ չի մնացել․ ամենասարսափելին սա է։

«Ինձ թվում է՝ իմ վերջին 30 տարվա կյանքը, որովհետև ես 18 տարեկան եմ եղել, երբ սկսվել է արցախյան շարժումը, ինչ-որ ջուրը տարավ, գնաց։ Որովհետև նույնիսկ վատով հանդերձ՝ փոքր քարերով արժանապատվություն էինք կառուցել»,-նկատեց նա։

Անընդհատ զիջելով հնարավոր չէ հասնել խաղաղության, համոզված է Պարույր Սանթրոսյանը, ուտելու ժամանակ է ախորժակը բացվում՝ ինչքան զիջենք, այնքան պիտի ուզեն, ինչքան ավելի անպատասխան են մնում իրենց գործողությունները, այնքան պիտի ուզեն։

«Ես բնավ դեմ չեմ քաղաքակիրթ հարևանությանը, բայց երբ ընդամենը 6 ամիս է անցել․․․ Ես ինքս այն մարդկանցից եմ, ով տեսել է այդ կորուստները, ես տասնյակից ավելի զոհված շրջանավարտներ ունեմ, ովքեր իմ աչքի առաջ ընդունվել են, ես ճանապարհել եմ բանակ, բայց հիմա ընդամենը հուշերն են մնացել։ Երբ մեջբերում են Հրանտ Մաթևոսյանի խոսքը, որ՝ մարդը անասունից իր հիշողությամբ է տարբերվում, ես ուզում եմ հասկանալ՝ այդ դեպքում գիտակից մարդը ամբոխից ինչո՞վ է տարբերվում․ ինձ համար պատասխանը մեկն է՝ պատմական հիշողությամբ»,-ասաց Պարույր Սանթրոսյանը։

Նա նշեց, որ եթե մենք մոռանում ենք մեր պատմությունը, եթե մենք խաչ ենք քաշում մեր պատմության վրա, եթե այսօր՝ Շուշին, երեկ՝ Ղարսն ու Վանը մեր պատմական հայրենիքը չեն եղել, ապա ինքը չունի բացատրություն այն ամեն ինչի, ինչ տեղի է ունենում։

«Քաղաքակիրթ աշխարհը ցույց է տվել՝ խոսքը հրեաների և գերմանացի ժողովրդի մասին է, որ երբ քաղաքակիրթ պետություն է, Հոլոքոստը ընդունում է Գերմանիան, փոխհատուցում և այսօր չկա այդ թշնամությունը։ Ես ինչպե՞ս կարող եմ ներել և մոռանալ՝ ինքս լինելով պոլսահայի ժառանգ, ու մեր հարևան պետությունը անընդհատ հերքում է։ 6 ամիս առաջվանը մոռացանք․․․ սա գալիս է ապացուցելու, որ օսմանցիները քան դեռ չեն ընդունել այս ամենը, առանց ներողության հարաբերությունները հնարավոր չէ վերականգնել․ ինչքա՞ն կարող ենք տեսնել կտրվող գլուխներ, որ հասկանանք»,-ասաց Պարույր Սանթրոսյանը։

Նա նշեց, որ ունի շրջանավարտներ, որոնք անհետ կորած են, ունի շրջանավարտ, որ գերիների ցուցակում է․ փոխանակ մտածելու այս երկիրը ինչ-որ ձևով վերականգնելու մասին, այդ ամենը թողել և փորձում ենք ինչ-որ հարաբերություներ ստեղծել մարդկանց հետ, որոնք խոսում են Զանգեզուրի, Մեղրիի մասին։

«Ես էլ ուզում եմ հարցնել՝ բա դուք ինչո՞վ եք տարբեվում որպես ամբոխ և գիտակից մարդ»,-ասաց նա։

Պարույր Սանթրոսյանը հարց է ուղղում՝ իսկ օսմանցիները երբևէ թաքցրե՞լ են իրենց նկրտումները հայկական տարածքների հանդեպ, պետական իրենց քաղաքականությունը ուղղակիորեն միտված է մեր ոչնչացմանը․ «Եթե 1915 թ-ին ճակատագիրը հնարավորություն տվեց մեզ վերածնվելու, կարծում եմ, երկրորդ անգամ չի տա»։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով։