Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
1992թ.-ին ձևավորված հերոսական «Շուշիի առանձնակի գումարտակի» փոխհրամանատար, Նոր կազմավորվող ՀՅԴ կամավորական զորամիավորման հրամանատար Հարմիկ Հովսեփյանի հետ մտովի 25 տարի հետ ենք գնում, տեղափոխվում պատերազմի դաշտ, հիշում գումարտակի կազմավորումը, ուրախ ու տխուր օրերը, խոսում ձեռքբերումների և կորուստների մասին: Իրանահայ ազատամարտիկը պատմում է, թե ինչպես էր քաղաքականությունը խանգարում մարտի դաշտում, ինչ զոհողությունների էին գնում, ինչպես և անդրադառնում է «հող հանձնելու» խոսակցություններին:
Մինչև «Շուշիի առանձնակի գումարտակի» ստեղծումը, դաշնակցությունը Արցախի տարբեր շրջաններում ուներ խմբեր՝ կռվող ջոկատներ, որոնք զբաղվում էին այդ շրջանների պաշտպանությամբ: Ունեին մարզիչներ, ովքեր սովորեցնում էին ազատամարտիկներին ինչպես վարվել զենքի հետ: Մինչև 1992 թ.-ը, այսինքն՝ մինչև գումարտակի ձևավորումը, գոյություն ուներ վաշտ՝ դաշնակցության 1-ին վաշտը, որի հիմքի վրա էլ ձևավորվեց գումարտակը: «Տղերքի մեծ ներդրումով, հատկապես Պետրոս Ղևոնդյանի, վաշտի հիման վրա ստեղծվեց գումարտակ: Աշխարհի տարբեր երկրներից, Հայաստանի տարբեր շրջաններից հայորդիներ եկել մասնակցել են գումարտաի կազմավորմանը, մարտերին: Լիբանանից, Պարսկաստանից, Սիրիայից, Կանադայից, ԱՄն-ից տղերք են եկել և իրենց սուրբ պարտքն են տվել Արցախի ազատագրման գործին»,-պատմում է Հարմիկ Հովսեփյանը և ավելացնում, որ սփյուռքից եկած տղերքի ռազմական իմացությունները շատ էին օգնում, որովհետև նրանք այլ երկրների բանակներում էին ծառայել: «Օրինակ՝ ես Պարսկաստանի բանակում եմ ծառայել և Դաշնակցության դպրոցն անցել: Կարևոր էր նաև, որ դրսից եկածները փաստում էին՝ Արցախի խնդիրը միայն արցախցունը չի, այն համայն հայ ժողովրդի պատերազմն է, իսկ արցախցին էլ ավելի էր գոտեպնդվում դրանից, զգում, որ մենակ չի: Նա ասում էր՝ օրինակ, եթե Բորիս Տեր-Ղազարյանը Պարսկաստանից եկել է, իմ կողքին կռվում է, ես ինչպե՞ս չկռվեմ»,-պատմում է ազատամարտիկը:
-Ընկեր Հարմիկ, ինչպե՞ս որոշեցիք գալ արցախյան պատերազմին մասնակցելու, ինչպե՞ս այդ լուրն ասացիք ձեր ընտանիքին:
-Երբ արցախյան շարժումը նոր սկսվեց, ու դեռ քար ու փետով էին կռվում, ես զիվոր էի Իրանում, մեր դաշնակցության կոմեիտեի ղեկավարին ասեցի, որ պատրաստ եմ ծառայությունս շարունակել Հայաստանում կամ Արցախում, ուր ինձ ուղարկեք: Մորս և կնոջս ասել էի, որ գնում եմ Հայաստան, դե պարզ էր՝ ինչի համար եմ գնում, բայց շրջապատիս ասել էի, թե Գերմանիա եմ գնում, շատերն էլ նախանձում էին ինձ/ծիծաղում է/: 90թ-ին առաջին անգամ եկա, ուղարկեցին Շահումանի շրջան: Այնտեղ զբաղվում էի կամավոր-ազատամարտիկների մարզումով և պահեստի պատասխանատուն էի: Դաշնակցության գաղտնի բերած զենք-զինամթերքն էի բախշում:
-Ինչպե՞ս ձևավորվեց Շուշիի առանձնակի գումարտակը, ովքե՞ր էին հիմնասյուները:
-Մարտակերտի անկումից հետո վիճակը ծանրացել էր: Այդ ժամանակ տեղափոխվեցինք Շուշի ու սկսեցինք գումարտակի ձևավորումը: Գումարտակի ձևավորման հենասյուններն էին Պետրոս Ղևոնդյանը, Արտաշես Մխիթարյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Ալբերտ Ալավերդյանը /հրազդանցի Աբոն/, Հրաչ Թադևոսյանը և էլի շատ տղաներ, որոնք գումարտակի բեռն իրենց ուսերին են տարել: Հրամանատարի տեղակալներ են եղել Բորի Տեր-Հովհաննիսյանը, ես, Արտաշես Մխիթարյանը, Ալբերտ Ալավերդյանը, Վարդգես Մխիթարյանը և էլի ուրիշ շատ հերոս տղաներ: Ռոմիկ Մարգարյանը նունպես գումարտակի հենասյուներից էր:
Սկզբում մոտ 60-ն էինք, հետո քիչ-քիչ ավելացանք: Գումարտակին կա՛մ ասում էին Ժիրոյի, կա՛մ Պետոյի գումարտակ: Բայց ընդհանրապես անձի շուրջ չի ձևավորվել այս գումարտակն, այլ գաղափարի: Բոլորն էլ իրենց մեծ դերակատարումն ունեցել են գումարտակում: Չի եղել, որ անձի դերը որոշիչ լինի: Եղել են պահեր, որ շատ քիչ էինք թվաքանակով, բայց ստիպված էինք այդ քչով անգամ միանգամից 2 դիրք պահել:
Մեր գումարտակի հաջողության գաղտնիքներից մեկն այն էր, որ նոր եկածը միանգամից մարտի դաշտ չէր գնում: Նա զինվորական պատրաստվածություն պիտի անցներ, մարտական դասեր պիտի տայինք: Երբ համոզվում էինք, որ պատրաստ է, էլի սկզբում փորձառուների հետ էինք դիրքեր ուղարկում, որ կողքից նայելով սովորեին: Մյուս կարևոր կետն այն էր, որ դասակի մեջ ինչ տեսակի զենք կար, բոլորը բոլոր զենքերին տիրապետում էին: Եթե, ասենք, նռնականետ կրակողը վիրավորվեր, մյուսները կարողանում էին փոխարինել:
-Կհիշե՞ք՝ գումարտակի 1-ին մարտը, նաև՝ կարևոր մարտերը:
-Գումարտակը ճակատագրական դեր ունեցավ Չիչխան-Սրխավենդ ճակատամարտի ժամանակ: Առաջին մարտի հրամանատարը Ժիրայր Սեֆիլյանն էր: Երկրորդ, երրորդ ու էլի շատ կարևոր մարտերի ժամանակ գումարտակը ղեկավարում էր Պետրոս Ղևոնդյանը, հետո՝ Ալբերտ Ալավերդյանը և ուրիշներ: Գումարտակը շատ հայտնի է իր պաշտպանական գործունեությամբ. Կիչան-Սրխավենդի պաշտպանությունը, Մարտակերտի շրջանի շատ բարձունքների ազատագրումը, Ֆիզուլու պաշտպանական մարտերը, Զանգելանի, Կուբաթլուի շրջանում մի շարք գյուղերի ազատագրումը պատկանում է «Շուշիի առանձնակի գումարտակին»:
Շուշիի ազատագրմումից հետո, երբ դեռ ընդամենը վաշտ էինք, մայիսի 11-ին, հետ ենք մղել ադրբեջանական զորախմբին: Լուսահոգի Դուշման Վարդանն էր մարտը ղեկավարում: Վաշտը ետ մղեց Շուշին ետ վերցնել ցանկացող ադրբեջանցիներին՝ շարքից հանելով թշնամու 2 տանկ և ոչնչացնելով 200 անձից բաղկացած հետևակ:
Գումարտակը երեք անգամ շրջափակման մեջ է ընկել, և փառք Աստծո, 3 անգամ էլ կարողացել է շրջափակումից դուրս գալ: Առաջին անգամ, շրջափակման մեջ ընկանք, երբ Պետրոս Ղևոնդյանի ղեկավարության տակ էինք: Կիչան-Սրխավենդի բարձունքում էինք: Արցախի բանակի այդ ժամանակվա հրամանատար Սամվել Բաբայանը, էդ շրջափակման մասին խոսելիս, ասել էր՝ եթե կարող եք, Պետոյին համոզեք շրջափակումից դուրս գա, նահանջի, չեք կարող, ուրեմն այդ դիրքերը հետ բերեք: Սամվել Բաբայանը վստահ էր, որ Պետոն այդտեղից դուրս եկող չի: Պետոն գիտեր, որ եթե Խաչենի հովիտը թշնամուն անցնի, մեկ ժամից Ստեփանակերտում կլինեն: Նա ասում էր՝ եթե սա զիջենք, Արցախից էլ բան չի մնա: Չկարողացան Պետոյին համոզել, բայց հաջողեցին դիրքերը հետ բերել: Ամենադաժան մարտերը Ֆիզուլիի շրջանում էին: Ամեն օր զոհ ու վիրավոր ենք ունեցել, եղել է, որ մի օրում 3 զոհ ենք տվել:
Մեր հրամանատարները երբեք քարտեզի վրայով մարտ չէին վարում: Նրանք մարտի դաշտում էին: Օրինակ՝ Պետրոս Ղևոնդյանը, Ալբերտ Ալավերդյանը, Սմբատը՝ տղերքը բոլորն առաջին գծում էին, այսինքն՝ զինվորի կողքին: Տղերքն էլ, որ տեսնում էին հրամանատարն իրենց հետ է, իրենցից առաջ է վազում, ավելի էին գոտեպնդվում: Ու դա է մեզ տարել հաջողության: Բացի դա, մեզ մոտ զինվոր-հրամանատար հարաբերություններ չէին, այլ ավագ ու կրտսեր եղբայրների:
-Ասում են՝ լարված պահերին մարդու հումորի զգացումն ավելի է սրվում: Կհիշե՞ք հետաքրքիր, զավեշտալի դեպքեր այն օրերից:
– /Ժպտում է/ Հիշում եմ՝ Մարտակերտում էինք: Բորիս Տեր- Հովհաննիսյանը հոգնած քնած էր, ավտոմատս հա մաքրում էի ու անընդհատ մուրը քսում Բորիսի դեմքին: Հիմա արթնցել է, տղերքը նայում, ծիծաղում են: Բորիսը մտածում է՝ գժվել են սրանք, ինչի են ինձ նայում, ծիծաղում: Մի անգամ էլ Բորիսին թոքաբորբ էր բռնել, մեր բժիշկն էլ ամեն օր անտիբիոտիկ էր սրսկում: Մի անգամ հենց բժիշը սրսկում էր, ես նկարեցի: Տարիներ հետո նկարն իրեն ուղարկեցի ու հետևում գրեցի՝ Բորիս ջան, էս նկարում միայն սրսկվող տեղդ ա երևում, բայց ում ցույց եմ տալիս ասում են՝ էս հո մեր Բորիսն ա:
Բայց ամենաուրախալի պահն այն էր, երբ հաջողություն էինք գրանցում՝ առանց զոհի ու առանց վիրավորի: Ցավալի էր, երբ թեկուզ հաջողության դեպքում, զոհ ու վիրավոր էինք ունենում: Չնայած պատերազմի դաշտում մերվում ես մահվան հետ, բայց ընկերոջ կորուստը շատ դաժան բան է, բոլոր նահատակված ընկերներիս համար շատ եմ վշտացել:
-Պարոն Հարմիկ, արդյո՞ք, այն օրերի իշխանությունը ընդունո՞ւմ էր ձեր գործողությունները, համաձայնո՞ւմ էր ձեզ հետ: Գիտեմ, որ նաև տարաձայնություններ են եղել: Կասեք՝ ի՞նչ ազդեցություն էր ունենում անհանդուրժողականությունը մարտի դաշտում:
-Մենք դաշնակացական հրամանատարներ ունեինք, որ ստիպված կուսակցությունից դուրս էին գալիս, որ զորամիավորումը զենք-զինամթերք ստանար: Երբ Շահումյանի շրջանը կազմավորում էինք, Շահեն Մեղրյանն էր այնտեղ: Եղել, որ 3-4 շաբաթ ուղղաթիռ չի եկել Շահումյան: Լևոն Տեր-Պետրոսյանի հրահանգով դիտավորյալ անտերության էինք մատնվում:
-Կուզեի անդրադառնաք առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթին: Որպես պատերազմի մասնակից՝ ինչպե՞ս եք գնահատում նրա՝ ազատագրված տարածքները խաղաղության դիմաց հետ տալու առաջարկը: Եվ, իրո՞ք, ճի՞շտ էր ՀԱԿ նախագահը, որ ասում էր, թե սփյուռքից 14 մարդ է ազատամարտին մասնակցել պատերազմին:
-Պատերազմի արհավիրքը մեր ժողովրդի գլխից, ցավոք, անպակաս է լինելու: Քանի դեռ Թուրքիան իր ազգային անվտանգության թեզը հիմնել է պանթուքիզմի վրա, պատերազմի վտանգը մեր գլխին կախված է մնալու: Ադրբեջանը նույնիսկ ավելի ագրեսիվ է այսօր քան Թուրքիան: Ապացույցներ հո պետք չեն տեսեք ինչ սադրանքներ են ամեն օր տեղի ունենում սահմանի վրա: Ադրբեջանի նախագահը ոչ միայն ամենաչնչին փոխզիջման մասին չի խոսում այլեւ հայտարարում է, թե Այս Հայաստանն էլ ստեղծվել է ադրբեջանական տարածքների վրա: Ինչ տարածք, որ այսօր խաղաղ զիջենք թշնամուն, վաղը մեր թոռները պարտավոր են արյունով հետ բերել, որովհետև այդ տարածքները լինելու են ելման կետ թշնամու համար: Մեր փրկությունը հզոր բանակ, պատրաստված ժողովուրդ ունենալու մեջ է:
Տարիներ առաջ Լևոն Տեր-Պետրոսյանն ասում էր 3 հոգի են սփյուռքից մասնակցել արցախյան ազատամարտին, հիմա կարող է մի քանի գիրք է կարդացել, մի քանի ինֆորմացիա է ստացել, ասում է՝ 12: Ընդհանուր առմամբ, մոտ 100 հայորդի է եկել՝ աշխարհի տարբեր երկրներից: Իհարկե, դա շատ փոքր թիվ է, հաշվի առնելով, թե ինչ մեծ համայնքներ ունենք, բայց այդ քիչ թիվը մեծ որակ է տվել:
Սառա Գալստյան