կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-29 14:43
Քաղաքական

Ժողովրդին կհամախմբենք իշխանության դեմ այն ժամանակ, եթե որդեգրեն «Զիջենք, որ զարգանանք» սկզբունքը. Ռուստամյան

Ժողովրդին կհամախմբենք իշխանության դեմ այն ժամանակ, եթե որդեգրեն «Զիջենք, որ զարգանանք» սկզբունքը. Ռուստամյան

Հրանտ Մարգարյանն իր ելույթով արտահայտել է այն, ինչ մենք ամբողջ նախընտրական քարոզարշավի ընթացքում հրապարակի վրա ասել ենք. մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի նորընտիր նախագահ Արմեն Ռուստամյանը` անդրադառնալով ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կոշտ քննադատություններին իշխանության հասցեին:

«Մենք շատ հստակ ասել ենք, թե ինչու ենք մտել այս ընտրական պայքարի մեջ, և ասել ենք, որ մտել ենք որպես ընդդիմություն, ձևակերպել ենք մեր ընդդիմադիր կեցվածքը` թե' արտաքին թե' ներքին հարցերի մասով»,- նշեց նա:

Ըստ Ռուստամյանի` անցյալի` 90-ականների դասերը հանգեցնում են այն եզրակացության, որ կա շատ մեծ վտանգ, որ նույն սխալը կկրկնենք: «Դրա համար ես միշտ ասել եմ, որ սա դեժա վյու է հիշեցնում: Անհանգստությունը շատ հստակ է` նորը չլինի լավ մոռացված հնի կրկնություն: Այսինքն` մենք չպետք է բերենք նրան, որ հին մենաշնորհը փոխարինվի նոր մենաշնորհով: Մենք 5 խնդիր էինք դրել, որով էլ պայմանավորել էինք հետագա համագործակցությունը Նիկոլ Փաշինյանի հետ: Այդ խնդիրներից մեկն այն էր, որ մենք պետք է ամրապնդեք խորհրդարանական համակարգը և լուծենք իրենց իսկ կողմից ձևակերպված` սուպերվարչապետական համակարգի խնդիրը: Սուպերվարչապետական համակարգից հրաժարում մենք այսօր չենք տեսնում: Նախարարությունների հետ կապված փոփոխությունները, որ բերել էին, դրանով ակնկալում էինք տեսնել ներքին գործերի նախարարության ամրագրում. այդ կերպ ոստիկանության և մի շարք այլ կառույցների վերահսկողությունը կփոխանցվեր ԱԺ-ին»,- ասաց նա:

Ըստ Ռուստամյանի` կան խորքային հարցեր: «Նոր իրավիճակում, երբ պատասխանատվությունն ամբողջապես մեկ քաղաքական ուժին է պատկանում, այդ հարցերին պետք է շատ ուշադիր հետամուտ լինել: Մենք դեռ ունենք հույս, որ, ինչպես ասացի, կզարգանանք` չզիջելով: Այսինքն` սեփական ռեսուրսի վրա կենտրոնանալով` կզարգանանք այնպես, ինչպես կպահանջեն մեր շահերը: Մենք առայժմ դա չենք տեսնում, կգա ծրագիր, կկատարվեն քայլեր, կտեսնենք, բայց հույս ունենք, որ կգնա այդ ուղղությամբ: Եթե այդ քայլերը կատարվեն, մենք համագործակցելու որևէ խնդիր չունենք»,- ասաց նա:

Հարցին` ժողովրդին չե՞ն համախմբի իշխանության դեմ, Ռուստամյանը պատասխանեց. «Կհամախմբենք, եթե լինի հակառակ ծրագիրը` զիջենք, որ զարգանանք: Եթե այդպիսի վիճակ եղավ, կհամախմբենք: Դա արել ենք Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, դա արել ենք Սերժ Սարգսյանի ժամանակ` «Ոչ»-ի շարժումով, և եթե հիմա նոր իշխանությունները նման զիջումների չպետք է գնան և ռեսուրսը մեր մեջ ամրացնելու քաղաքականություն տանեն, մենք ամբողջությամբ կսատարենք այդ իշխանությանը»: