կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-06-01 12:20
Քաղաքական

Նրանց, ովքեր մտածում են, որ շարժումը կարող է դադար վերցնել, խոր հիասթափություն է սպասվում. Իշխան Սաղաթելյան

Նրանց, ովքեր մտածում են, որ շարժումը կարող է դադար վերցնել, խոր հիասթափություն է սպասվում. Իշխան Սաղաթելյան

ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հերքում է տեղեկությունը, թե առաջիկայում «Դիմադրություն» շարժումը հայտարարելու է թայմ աութի մասին։

«Այդ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում, մենք դադարի որեւէ տարբերակ չենք քննարկում, որովհետեւ դրա պատճառը չկա։ Հակառակը՝ մենք քննարկում ենք պայքարը ընդլայնելու տարբերակները եւ գնում ենք այդ ուղղությամբ։ Կարծում եմ՝ անցած ժամանակահատվածում մեր գործողություններով որեւէ մեկին հիմք չենք տվել նման եզրակացություն անելու։ Հետեւաբար, բացառում ենք նման սցենարը, ու էն որ ասել ենք՝ հետ քայլ չկա, նահանջ չկա, այդ տրամաբանությամբ գնում ենք առաջ, մնացածը խոսակցություններ են, որոնք պարբերաբար հրապարակ են նետվում։ Հունիսի 3–ը շատ կարեւոր օր է։ Բոլոր նրանց, ովքեր ակնկալիքներ ունեն կամ մտածում են, որ շարժումը կարող է դադար վերցնել կամ անկում ապրել, խորը հիասթափություն է սպասվում»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նշենք, որ ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների նախաձեռնությամբ հունիսի 3–ին ԱԺ արտահերթ նիստ է գումարվելու։ Օրակարգում հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ հայտարարության նախագիծն է։

Ընդդիմության պատրաստած հայտարարության տեքստում նշվում է.

«Հայաստանն աջակցելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը: Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:

Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության միջեւ պետք է լինի հուսալի ցամաքային կապ․ Արցախն անկլավ չի լինելու: Հայաստանի Հանրապետությունն Արցախի ժողովրդի անվտանգության եւ ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է:

Սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զորքերի դուրս բերման նախապայմանով: Սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքների արդյունքում բացառվում է Հայաստանի Հանրապետության ամբողջականության խաթարումը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում բացառվում է որեւէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի Հայոց ցեղասպանությունը:

Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ճանապարհների ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ միջանցքային տրամաբանությամբ»։