Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ընկերվար (սոցիալիստ) երիտասարդների միջազգային միությունը (International Union of Socialist Youth) հանդես է եկել հայտարարությամբ, որում իր համերաշխությունն է հայտնել ՀՅԴ երիտասարդներին: Հայտարարությունն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը։
«Ընկերվար երիտասարդների միջազգային միությունը (IUSY)-ն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որում իր համերաշխությունն է հայտնում ՀՅԴ երիտասարդականին և Հայաստանում ընթացքող շարժմանը։
Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև։
Հիշեցնենք, որ IUSY-ն աշխարհի խոշորագույն երիտասարդական-քաղաքական կազմակերպությունն է։
‼️ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ․ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆ ՀՅԴ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆԻՆ‼️
IUSY-ն ուշադրությամբ և մեծ մտահոգությամբ հետևում է Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումներին։
Շաբաթներ շարունակ Հայաստանի քաղաքացիները փողոցներում բողոքի ցույցեր են անում՝ կոչ անելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ տալ հրաժարական։ ՀՅԴ Երիտասարդականը, որը մեր կազմակերպության լիիրավ անդամ է, ակտիվ դեր է խաղում Հայաստանում ձևավորված դիմադրության շարժման մեջ։
Հայաստանի քաղաքացիների կոչը բխում է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունից, մասնավորապես՝ Արցախյան (Լեռնային Ղարաբաղի) հակամարտության հարցում դրսևորած վերաբերմունքից ու վարած քաղաքականությունից։ Քաղաքացիները պահանջում են հավաստիացում, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Քաղաքացիները նաև պահանջում են առաջնահերթություն տալ Արցախի ժողովրդի ինքնորոշման և անկախություն ստանալու իրավունքին։
2021 թվականի հունիսին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ վարչապետ Փաշինյանը և նրա թիմը հանդես եկան այն խոստումով, որ Արցախյան հիմնախնդրի արդարացի լուծումը կլինի միայն այն դեպքում, եթե այն ընդունելի լինի հայկական կողմի համար։ Վերընտրվելուց ի վեր Փաշինյանը հրաժարվեց իր նախընտրական խոստումներից՝ անտեսելով Հայաստանի քաղաքացիների հանրային կարծիքը Արցախյան հիմնախնդրի շուրջ բանակցությունների և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ու տարածքային ամբողջականության վերաբերյալ։
Հայաստանի ժողովրդի համար անընդունելի բանակցությունների շարունակմանը զուգահեռ՝ բողոքի ցույցերը Հայաստանում ուղեկցվում են քաղաքացիների անօրինական ձերբակալություններով, ցուցարարների նկատմամբ բիրտ ուժի ակնհայտ կիրառմամբ և ոստիկանական ուժերի անհամաչափ գործողություններով։ Բողոքի ցույցերի ակտիվ մասնակիցներ՝ ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունների անդամները երկու շաբաթ է՝ սպասում են իրենց դատավարությանը։
IUSY-ն իր համերաշխությունն է հայտնում մեր ընկերներին, որոնք գտնվում են բանտում և ուշադիր հետևում են նրանց դատավարության շուրջ ընթացող զարգացումներին։
IUSY-ն խստորեն դատապարտում է հայաստանյան իշխանությունների կողմից իրականացվող անհիմն ձերբակալությունները և խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնության գործողությունները:
IUSY-ն դատապարտում է կառավարության կողմից քաղաքացիների իրավունքների խախտումը և ոստիկանության կողմից ուժի անհամաչափ կիրառումը։
IUSY-ն կոչ է անում Հայաստանի կառավարությանը՝ ապահովել հիմնարար ազատությունների լիարժեք իրականացումը և խուսափել ուժի կիրառումից կամ կիրառման սպառնալիքից։
IUSY-ն կոչ է անում ներգրավված բոլոր կողմերին՝ քաղաքական գործընթացները շարունակել խաղաղ ճանապարհով և օրենքին համապատասխան։
IUSY-ն կարևորում է մարդու հիմնական իրավունքների, արժանապատվության և ազատությունների հավատարմությունը: Ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և արդարությունը պետք է պաշտպանվեն բոլոր ժամանակներում»: