Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի և Միացյալ Նահանգների պատվիրակությունները համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ ռազմավարական երկխոսության հանդիպման արդյունքների վերաբերյալ։ Կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը բոլոր ոլորտներում հարաբերությունների ամրապնդման գործընթացին. ասվում է փաստաթղթում։
Հիմնական թեման Հարավային Կովկասում անվտանգությունն ու հակամարտությունների կարգավորումն էր։ Նշվում է, որ պատվիրակությունները մտքեր են փոխանակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների շուրջ։ Ընդգծվել է ԱՄՆ-ի՝ որպես միջնորդական մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի դերը։
Հայտարարությունը մեջբերել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալ Կարեն Դոնֆրիդի խոսքերը, որ Միացյալ Նահանգները կշարունակի իր օգնությունն ու համագործակցությունը Հայաստանի կառավարության հետ՝ կառուցելու ժողովրդավարական և տնտեսական ինստիտուտներ, որոնք արտացոլում են ընդհանուր արժեքները և ապահովում են լավ կառավարում։
Հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը ընդլայնված երկխոսություն է տեղի ունեցել Հայաստանի ժողովրդավարացման գործընթացին ԱՄՆ-ի աջակցության հարցի շուրջ։ Ամերիկյան օգնությունը վերաբերում է այնպիսի ոլորտներին, ինչպիսիք են մարդու իրավունքները, մեդիագրագիտությունը, սոցիալական պաշտպանությունը, արդարադատությունը և ոստիկանական պարեկային ծառայության ներդրումը: Պատվիրակությունները քննարկել են դատական իշխանության անկախության, խոսքի ազատության ամրապնդման խնդիրները։
Կողմերը քննարկել են նաև տնտեսական համագործակցությունը, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում, որոնցից են առևտուրն ու ներդրումները։
Հիշեցնենք, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցը Միացյալ Նահանգներ մեկնարկել է մայիսի 2-ին և կշարունակվի մինչև մայիսի 6-ը։