կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-21 11:21
Քաղաքական

Ուկրաինական դանակը հասավ ռուսական ոսկորին

Ուկրաինական դանակը հասավ ռուսական ոսկորին

Մարտի 21-ին ԱՄՆ նախագահ Ջ. Բայդենը խոշոր բիզնեսմենների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ձևավորվում է նոր աշխարհակարգ, որը գլխավորելու է Միացյալ Նահանգները, և ոչ ոք չի կարող խանգարել դրան: Նա միայն մոռացավ նշել, որ այդ գործընթացը ԱՄՆ-ն ծրագրել է տասնամյակներ առաջ, և արդեն մոտ 40 տարի է, ինչ հաջողությամբ իրականացնում է: Հաջողությունների շարքում նա կարող էր նշել հաղթանակը Սառը պատերազմում, ԽՍՀՄ փլուզումը, Հարավսլավիայի մասնատումը, Հյուսիսային Աֆրիկայից մինչև Աֆղանստան ընկած որոշ պետությունների ջախջախումը, մի քանիսի հասարակական կարգի տապալումը կամ տնտեսության քայքայումը և այլն, և այլն: Նոր, միաբևեռ աշխարհակարգ կառուցելու համար անհրաժեշտ է քանդել հինը, քանդել հիմնովին: Հինը ձևավորվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի հետևանքով: Միջազգային հարաբերությունները կարգավորող պայմանագրերը, եվրոպական և ասիական պետությունների սահմանները գծվել ու հաստատվել էին մեծ եռյակի՝ ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից և անսասան մնացին մինչև Խորհրդային Միության և Վարշավյան պայմանագրի փլուզումը: Ուրեմն անհրաժեշտ էր ռեվիզիայի ենթարկել այդ պատերազմի պատճառներն ու հետևանքները, շրջանցել միջազգային օրենքները, վերանայել ու նոր գնահատականներ տալ մասնակից պետությունների, դրանց ղեկավարների դերակատարությանն ու վարած քաղաքականությանը, և ամենակարևորը` վերաձևել արևելաեվրոպական պետությունների սահմանները, որոնք հաստատվել էին 1939 թ.։

Նոր աշխարհակարգ կառուցելու ճանապարհին կանգնել է Ռուսաստանը, որն այսօր Արևմուտքի հիմնական թիրախն է: Անշուշտ, ռուս-ուկրաինական պատերազմը, որում հաղթող, որպես այդպիսին, չի կարող լինել, քանի որ այն, ըստ էության, քաղաքացիական պատերազմ է, ԱՄՆ-ի հերթական հաջողությունն է, որին հասնելու համար ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո չափազանց մեծ միջոցներ ու եռանդ էին ներդրվել: Իսկ 2014 թ. կազմակերպված հեղաշրջումից հետո, երբ իշխանության բերեցին հավաքագրված օլիգարխներին և բանդերական նացիստներին, ովքե՞ր արդեն անթաքույց սկսեցին Ուկրաինան նախապատրաստել պատերազմի ռուսների դեմ: Պատերազմ մինչև վերջին ուկրաինացին, ինչպես նշեց Բորիս Ջոնսոնը: ՌԴ բոլոր փորձերը՝ խուսափելու դրանից, ապարդյուն էին: Ռուսաստանը արդեն նշանակված էր մեղադրյալ և դատապարտված էր կատարելու ագրեսորի դերը: Մինչ այդ ԱՄՆ-ին հաջողվեց համախմբել դաշնակիցներին Եվրոպայում և հակառուսական ճակատ ստեղծել: Եվրոպացիները մահու չափ վախենում են Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ ներքաշվելուց՝ հասկանալով, որ ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ ՆԱՏՕ-ն չեն փրկի իրենց, եթե ծայրահեղության հասցված ռուսները դիմեն միջուկային հարվածի: Բացի այդ՝ Գերմանիայի և Ֆրանսիայի նման արդյունաբերական ծանրաքաշ երկրները հասկանում են, որ ԱՄՆ-ի կողմից թելադրվող պատժամիջոցները, մանավանդ էներգետիկ ոլորտում, ծանր կացության մեջ են դնում հենց իրենց տնտեսությունները: Ինչպե՞ս բացատրել, որ եվրոպացիները, մի կողմ դնելով այս փաստարկները, այդուհանդերձ ենթարկվեցին ԱՄՆ-ի պահանջներին:

Կարելի է ենթադրել հետևյալը: Նախ՝ ամերիկացիները հավաստիացրել են եվրոպացիներին, որ իրենք երբեք չեն անցնի կարմիր գծերը, ինչը կարող է առիթ տալ ռուսներին միջուկային պատերազմ սկսել արևմտաեվրոպական պետությունների դեմ: Այդ գծերը նշել են հենց ռուսները, այն է՝ ՆԱՏՕ-ն այլևս չպետք է ընդլայնվի դեպի արևելք, և Ուկրաինան չպետք է անդամակցի այդ կազմակերպությանը: Մյուս կողմից՝ ԱՄՆ-ն թույլ չի տա նատոյական որևէ երկրի անմիջական մասնակցությունը այս պատերազմին և կկասեցնի ցանկացած քայլ, որը կարող է առիթ հանդիսանալ դրա համար: Նրանք նաև բացատրել են, որ հակառակորդին կարելի է սասանող հարված հասցնել այլ պետությունների ձեռքերով՝ լավ զինելով նրանց: Չէ՞ որ Ուկրաինայում թափվելու է ռուսների արյունը, այլ ոչ թե արևմտաեվրոպացիների: Իսկ հաջողության դեպքում ռուսական արյունը կթափվի նաև Մոսկվայում, երբ պատժամիջոցների հետևանքով ստեղծված տնտեսական կոլապսը և սոցիալական ծանր վիճակը կհանգեցնեն հեղաշրջման, եթե ոչ քաղաքացիական պատերազմի Ռուսաստանում: Ազատվելով Վ. Պուտինից՝ ինչպես Ուկրաինայում 8 տարի առաջ, ՌԴ-ում իշխանության կբերվեն մարդիկ, որոնք հլու-հնազանդ կկատարեն բոլոր հրահանգները և կվերացնեն եվրոպացիների մտահոգությունները: Այդ հեղաշրջումը հեռու չէ, մանրակրկիտ նախապատրաստված է, գործող անձինք սպասում են ազդանշանի, որը կտրվի հարմար պահի: Իսկ մինչ այդ համբերատարությամբ պետք է տանել հնարավոր զրկանքները, հաղթահարել դժվարությունները:

Ուկրաինային առնչվող ռազմաքաղաքական զարգացումներում հատուկ ուշադրության է արժանի ՆԱՏՕ-ի անդամ այնպիսի երկրների վարքագիծը, ինչպիսիք են Լեհաստանը, Թուրքիան և Ռումինիան, որոնց տարածքային հավակնությունները Ուկրաինայի նկատմամբ ունեն պատմական հիմքեր և համատեղվում են ԱՄՆ-ի կողմից վերջին համաշխարհային պատերազմի հետևանքով ձևավորված իրողությունների վերանայման հետ:

Լեհաստանին ձեռնտու չէ ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ Ուկրաինայի հաղթանակ Լեհերը ձգտում են հասցնելու հակամարտությունը այնպիսի կետի, երբ բախման ճակատը կմոտենա պատմական Գալիցիային, և նրանք հնարավորություն կունենան «խաղաղապահների» անվան տակ զորք մտցնելու Արևմտյան Ուկրաինա, այսինքն՝ օկուպացնելու, իսկ հետո վերամիավորելու այն տարածքները, որոնք մինչև 1939 թ. Լեհաստանի կազմում էին: Իսկ եթե հաջողվի նույն իրավիճակը ստեղծել նաև Բելառուսում, ապա կվերամիավորեն նաև այդ երկրի արևմտյան հատվածը, որը նույնպես մինչև 1939 թ. պատկանում էր իրենց: Լեհաստանի նման նպատակների իրականացումը նախադեպ կհանդիսանա նաև Ռումինիայի համար, որի արևելյան հատվածը՝ Բեսարաբիան, կցվեց ԽՍՀՄ-ին՝ կազմելով Մոլդովական ԽՍՀ-ն, և դրանից հարավ ընկած զգալի մի տարածք միացվեց Ուկրաինային:

Եթե ՌԴ-ն չկարողանա ավարտին հասցնել զինվորական գործողությունը Ուկրաինայի ողջ տարածքում, ուստի և չկարողանա խոչընդոտել լեհական զորքի ներխուժումը Գալիչինա, ապա ստիպված կլինի համաձայնել երկրի մասնատմանը: Այդ դեպքում լեհերը ԱՄՆ-ի օգնությամբ, քաղաքական և դիվանագիտական ճանապարհներով կհիմնավորեն ու կվերամիավորեն տարածքը՝ համաձայն 1939 թ. քարտեզի:
Թուրքիան, որը, 18-րդ դարից սկսած, չի համակերպվում Ղրիմի կորստյան հետ և բաց չի թողնում որևէ հնարավորություն՝ ետ բերելու այն, ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև ուկրաինական խաղի ակտիվ մասնակիցն է: Ի տարբերություն նշված երկու պետությունների՝ Թուրքիային ձեռնտու է Ռուսաստանի պարտությունը. միայն այդ դեպքում է իրական հնարավորություն ստեղծվում ետ բերելու Ղրիմը: Հաղթած Ուկրաինայի ձեռքից Ղրիմը կարելի է վերցնել, գնել, իսկ Ռուսաստանից՝ ոչ: Մինչև 2014 թ. մարտին ռուսների կողմից այդ թերակղզու վերամիավորումը թուրքերը նախապատրաստական մեծ աշխատանք էին կատարել, մասնավորապես ուժեղացնելով ղրիմյան թուրքամետ թաթարների համայնքը, ծավալելով ֆինանսատնտեսական և գաղափարաքարոզչական ակտիվ գործունեություն, և վստահ էին, որ, օգտագործելով իշխանության եկած օլիգարխներին, քայլ առ քայլ կսեփականացնեն Ղրիմը: Եթե ուկրաինացիները կարողանային դիմադրություն կազմակերպել և գոնե մեկ շաբաթ դիմադրել ռուսներին, չէր բացառվի թուրքերի ռազմական ներխուժումը Ղրիմ: Այսօր էլ, եթե Ռուսաստանը չկարողանա ավարտին հասցնել Ուկրաինայում ձեռնարկած գործողությունն ու ընկրկի կամ մնա կեսճանապարհին, Թուրքիան, իհարկե Ուկրաինայի խնդրանքով և ԱՄՆ-ի օրհնությամբ, ոտք կդնի Ղրիմ:

Ռուսաստանի հավակնությունները Ուկրաինայի նկատմամբ ավելի հիմնավոր են պատմական և էթնիկական առումներով: Դարեր շարունակ այդ տարածքները եղել են ռուսական պետության կազմում, իսկ բնակչության ճնշող մեծամասնությունը համարել է իրեն ռուս: Սակայն Ռուսաստանի համար գլխավորը տարածքային հարցերը չեն: Մինչև Ուկրաինայում արևմտամետ, ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու քաղաքական ուղի ընտրած ուժերի՝ իշխանության գալը և նրանց կողմից խտրականությունները ռուսների, նրանց լեզվի ու մշակույթի նկատմամբ, ուկրաինական նացիստների հերոսացումը և բանդերական ջոկատների կամայականություններն ու հաշվեհարդարները ընդդիմախոսների նկատմամբ Ռուսաստանը երբևէ կասկածի տակ չի դրել Ուկրաինայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը:

Ռուսաստանի համար կենսական խնդիրը անվտանգությունն է: Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, այն էլ՝ ռուսների նկատմամբ թշնամաբար տրամադրված և ԱՄՆ-ի անմիջական կառավարման տակ գտնվող իշխանությունների գլխավորությամբ, մահացու սպառնալիք է Ռուսաստանի համար: Դեռ անցած տարվա դեկտեմբերին ՌԴ-ն պաշտոնապես դիմեց ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ղեկավարությանը՝ մանրակրկիտ բացատրելով այս հանգամանքը, և պահանջեց նրանցից պաշտոնական փաստաթղթային երաշխիքներ, որ Հյուսիսատլանտյան կազմակերպությունը կդադարեցնի իր ընդլայնումը դեպի արևելք՝ նկատի ունենալով նախ և առաջ Ուկրաինայի անդամակցությունը: Քննարկումներ և բանակցություններ վարելու իմիտացիայից հետո նրանք տասխանեցին, թե ամեն երկիր ազատ ընտրության իրավունք ունի, այսինքն՝ պատասխանատվությունը բարդեցին ուկրաինացիների վրա:

Այս խաղը հասկանալու համար այն պետք է դիտել ԱՄՆ-ի գլոբալ քաղաքականության ենթատեքստում: ԱՄՆ-ի գլոբալ քաղաքականությունը պլանավորողները մանրամասնորեն հաշվարկել են ՌԴ-ի դեմ պատերազմի կործանարար հետևանքները: Երկու գերտերությունների սպառազինության հզորության մակարդակն այնքան բարձր է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների թվի ավել կամ պակաս լինելը էապես չի կարող փոխել ուժերի հարաբերակցությունը, և Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին լուրջ առավելություններ չի տալիս, ավելին՝ մեծացնում է հակառակորդի հետ բախման վտանգը: Միայն պատերազմի սկսվելուց հետո ՆԱՏՕ-ի ղեկավարությունը հստակ հայտարարեց, որ մտադիր չէ ընդունել Ուկրաինային դաշինքի կազմ: Փոխարենը նրանք նույնքան մանրակրկիտ մշակել են հակառակորդին պարտության մատնելու մարտավարությունը՝ առանց նրա հետ անմիջական բախման մեջ մտնելու, այսինքն` մեկ այլ պետության կամ ուժի ձեռքերով: Իհարկե, կողմնակի ճանապարհներով հակառակորդին վնաս հասցնելը հին մարտավարություն է, բայց հիմնականում օգտագործվել է որպես օժանդակ միջոց, իսկ մեր օրերում դառնում է առաջնային հակառակորդներին ծանր հարված հասցնելու և պարտության մատնելու գործում: ԱՄՆ-ն այս մարտավարությունը մեծ արդյունավետությամբ կիրառում է Ուկրաինայում: Այսպես, անկախ այն բանից, թե ինչով կավարտվի այս պատերազմը, ԱՄՆ-ն, չմասնակցելով դրան որպես կողմ, լուծեց մի քանի կարևոր խնդիրներ: Նախ՝ մեղադրելով ռուսներին ագրեսիայի մեջ՝ կիրառեց տոտալ պատժամիջոցներ և ծանր հարված հասցրեց ՌԴ տնտեսությանը:

Երկրորդ՝ անընդհատ զենք ու զինամթերք մատակարարելով ուկրաինացիներին՝ երկարաձգում է նրանց դիմադրությունը` հնարավորինս մեծ նյութական ու մարդկային կորուստներ պատճառելու համար ռուսներին: Այդ կորուստների պատասխանատվությունը բարդելով Վ. Պուտինի վրա և ծավալելով հզոր քարոզչություն նրա դեմ հասարակության մեջ բորբոքում է սոցիալական դժգոհությունները` Ռուսաստանում ներքին իրավիճակը ապակայունացնելու նպատակով: Միաժամանակ, հաջողությամբ խուսափելով մեծ ծախսերից, ԱՄՆ-ն Ուկրաինային ցուցաբերվող օժանդակության ֆինանսական բեռը, ինչպես նաև հազարավոր փախստականների հոգսը բարդում է ԵՄ երկրների վրա, պարտադրում վերջիններիս զրոյացնել ՌԴ-ի հետ համագործակցությունը բոլոր ուղղություններով ու մակարդակներով՝ կախման մեջ դնելով ԵՄ աշխարհատնտեսական շահերն իր գլոբալ ռազմավարությունից:

Ջ. Բայդենի, նրա ետևում կանգնած՝ ԱՄՆ ռազմավարությունը պլանավորող գործիչների հնչեցրած դրույթները նոր աշխարհակարգ ձևավորելու վերաբերյալ հնարավորություն են տալիս բացատրելու 30 տարում Ուկրաինայում կատարված իրադարձությունների պատճառներն ու հետևանքները, դրանց ծավալման համակարգային բնույթը: Դրանք նաև հնարավորություն են տալիս հասկանալու ՌԴ-ի նկատմամբ վարվող քաղաքականության ընդհանուր տրամաբանությունը և կանխատեսելու հետագա քայլերի ժամանակն ու ուղղությունները: Հասկանալի է, որ ՌԴ-ի նման աշխարհաքաղաքական մրցակցին խաղից դուրս թողնելու համար «ուկրաինական դանակի» հարվածը բավարար չէ, ուստի կսրվեն այլ «դանակներ»: Դրանցից մեկը կսրվի Հարավային Կովկասում: Դրա հիմքերը նախապատրաստվել են դեռ 2018 թ.: Թվարկենք վերջին 5 տարում այս տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունները:

2018 թ․ տեղի ունեցավ թավշյա հեղափոխություն Հայաստանում: Իշխանության բերված նեոլիբերալները երկու տարում խարխլեցին երկրի միջազգային հարաբերությունները, բանակը, պետական ինստիտուտները: Այդ ընթացքում Ադրբեջանը խորացրեց ռազմաքաղաքական համագործակցությունը Թուրքիայի հետ, շեշտակի մեծացրեց ժամանակակից զենք ու զինամթերքի գնման ծավալները, հազարավոր թուրք և իսրայելցի զինվորական մասնագետների օգնությամբ վարժեցնում էր իր սպաներին ու զինվորներին: Ակնհայտ էր, որ Ադրբեջանը պատրաստվում էր պատերազմի: Սակայն նույնքան ակնհայտ էր, որ ազերիները պատրաստվում էին հաղթանակի, իսկ Հայաստանը՝ պարտության:

Չնայած Ռուսաստանի բազմաթիվ նախազգուշացումներին և բանակցությունների միջոցով պատերազմից խուսափելու կոնկրետ առաջարկներին՝ հայկական կողմը համառորեն անտեսում էր դրանք:

Պատերազմում Հայաստանը պարտություն կրեց և վերջնագիր ստորագրեց: Ռուսական խաղաղապահ զորքերը մտան Արցախ՝ թույլ չտալով Ադրբեջանին ամբողջությամբ տիրել այդ հանրապետությանը:

Այսպիսով՝ 2022 թ. Հարավային Կովկասում ստեղծվել է մի իրավիճակ, երբ առկա են երկու իրական ուժեր՝ Ադրբեջանը և ՌԴ խաղաղապահ զորքերը: Փոխադարձ հանդուրժողականությունը նրանց միջև ձևական է և չի կարող քողարկել իրարամերժ նպատակներով պայմանավորված իրական հակասությունները երկու երկրների միջև: Ադրբեջանի համառ ձգտումը՝ վերակցելու Արցախը և վերականգնելու իր պատկերացրած տարածքային ամբողջականությունը, անհամատեղելի է ռուս խաղաղապահների ներկայության հետ: Բացի Ռուսաստանից, ի դեմս իր խաղաղապահների, որևէ այլ արգելք Ադրբեջանի համար գոյություն չունի: Հայաստանի իշխանությունները չունեն ռազմական, քաղաքական ու դիվանագիտական ռեսուրսներ Արցախը պաշտպանելու համար և հատուկ ջանքեր էլ չեն գործադրում այդ ուղղությամբ: Ադրբեջանում աստիճանաբար թափ է հավաքում հակառուսական հիստերիան, հաճախակի են դառնում հարձակումները արցախյան բնակավայրերի վրա, սադրանքները խաղաղապահների նկատմամբ:

Այստեղից էլ ձևավորվում է այն ինտրիգը, որն ամերիկյան ռազմաքաղաքական կենտրոններում կպլանավորվի և որպես գործնական ծրագիր կօգտագործվի Ռուսաստանի դեմ: Բնականաբար, այդ ծրագրի իրականացման տեսուչ կնշանակվի Թուրքիան, որն արդեն հսկում և ուղղորդում է հարավկովկասյան պետությունների գործողությունները: Այսինքն՝ Ռուսաստանի դեմ կսրվի մի նոր՝ «ադրբեջանական դանակ»: Հետագա իրադարձությունները կընթանան արդեն ուկրաինական սցենարով: Իհարկե, չի կարելի բացառել, որ ադրբեջանցիները կփորձեն դիվանագիտական ճանապարհով, քաղաքական որոշակի փոխզիջումներով հասնել ռուսների հեռանալուն և խուսափել նրանց հետ բախումից: Թույլ չեն տա: Խաղի մեջ մտնելուց հետո խաղի կանոնները չի կարելի փոխել: Իլհամ Ալիևը պետք է որ լավ հիշի նման փորձի հետևանքները Վիկտոր Յանուկովիչի դեպքում:

Իսկ ի՞նչ դեր է հատկացված Հայաստանին: Իսկ ի՞նչ դեր կարող է խաղալ մի պետություն, որի իշխանությունները կույր են, խուլ են ու համր ազգային և պետական շահերի հանդեպ: Թերևս միայն մեկ դեր՝ լինել սրաքար ադրբեջանական դանակը սրելու համար:

Նոր աշխարհակարգի ձևավորման ամերիկյան ռազմավարության տրամաբանությունը թույլ է տալիս պատկերացնել աշխարհաքաղաքական նման զարգացումներ: Բացի ամերիկյանից՝ կան, սակայն, այլ ռազմավարություններ ևս, և թե ինչպես կզարգանա նոր աշխարհակարգի կառուցման գործընթացը, ցույց կտա ժամանակը:

Վարդան Հակոբյան

«Դրօշակ» թիվ 4 (1665), 2022թ․