կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-12 14:15
Քաղաքական

Դանակը ոսկորին է հասել

Դանակը ոսկորին է հասել

Մեր ընդդիմադիր գործիչները և, ինչու չէ, նաև իշխանության ներկայացուցիչները` մեր պատգամավորները, բավականին առաջարկներ արել են ժամանակին, որ հարկավոր է վերանայել, այնպես անել, որ բյուջեի գումարները հնարավորինս ավելի նպատակային օգտագործվեն. այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՀԿ խմբակցություն ղեկավար Վահրամ Բաղասարյանը` արձագանքելով Հովիկ Աբրահամյանի այսօրվա ուշագրավ հայտարարությանը, համաձայն որի` պետական ապարատը պետք է կրճատվի:

«Հիմա արդեն կոնկրետ գործողությունների պետք է անցնել: Եթե կան առաջարկություններ, դրանք պետք է պատգամավորների կողմից հնչեցվեն: Բազմիցս նշվել է, որ մեքենաները շատ են, բյուջետային հաստիքները ուռճացված են, գործուղումները շատ են, դրանք վերանայման կարիք ունեն և նորից պետք է վերանայվեն»,- ասաց Բաղդասարյանը`հավելելով. «Բնականաբար, արդեն իսկ դրա նախաքայլերը եղել էին, եթե հիշում եք` թռիչքների հետ կապված ` էկոնոմ կլասով թռչելու, բիզնես կլասով թռիչքները սահմանափակելու վերաբերյալ: Այդ հարցը կարծես համակարգվել էր, որ որքան հնարավոր է խնայողություն լինի: ԱԺ-ում մենք արդեն բավականին բծախնդիր ենք դարձել և միայն նպատակային գործուղումներն ենք խրախուսում, և գիտեք, որ մեր գործուղումները բավականին արդյունավետ են: Եթե անգամ այդտեղ մենք կարող ենք սեղմումներ կատարել, պետք է ԱԺ-ն նորից վերանայի իր գործուղումները»:

Պատգամավորի խոսքով` ապրիլյան իրադարձություններից հետո պետք է ամեն մի լումայի ավելի ուշադիր լինենք: «Եթե ուզում ենք ռազմական բյուժե ավելացնել, ավելի նպատակային ուղղվածություն ցուցաբերել և մեր միջոցներն ավելի արդյունավետ օգտագործել, պետք է այդպես անել»,- ասաց նա և ընդգծեց, որ խնայելու հորդորը բոլորին է վերաբերում, բայց եթե ֆիզիկական անձն իր բիզնեսի միջոցով եկամուտներ է ստեղծել, տեղին չէ նրան ուղղություն տալ, թե իր եկամուտներն ինչ կերպ պետք է ծախսի:

«Բոլորս տակտիկական մտածելակերպ պետք է ունենանք և զուսպ լինենք, որովհետև մենք ունենք անվտանգության խնդիր, բոլորիս ուշադրությունը պետք է սևեռվի այդ խնդրի լուծման վրա»,- ասաց նա:

Դիտարկմանը` մենք պատերազմող երկիր ենք, և կարել էր կանխատեսել, որ նման իրավիճակի առջև ենք կանգնելու, հնարավոր չէ՞ր, արդյոք, ավելորդ ծախսերն ավելի վաղ սկսել կրճատել, Բաղդասարյանը պատասխանեց. «Մի հայկական բնավորության գիծ կա` մինչև դանակը ոսկորին չի հասնում, մենք ավելի զգոն չենք լինում: Բայց ասեմ, որ այդ տենդենցը միշտ եղել է, բայց ոչ այսպես կտրական, և ասեմ, որ այդքան էլ կանխատեսելի չէր, որնման ծավալի լայնամասշտաբ գործողություններ կլինեն: Քանի որ մեր թշնամին անկանխատեսելի է, մենք պետք է հզոր լինենք: Ավելի զգոն իրավիճակ է ստեղծվել, և անձնական ծախսերից սկսած` յուրաքանչյուրը պետք է ուշադիր լինի»: