Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ազգային ժողովն այսօր ՏԻՄ օրենքում ընդունեց փոփոխություն, համաձայն որի, եթե օրենքով միավորված համայնքի ավագանու առաջին նիստն ավագանու լիազորությունները ստանձնելու պահից քսան օրվա ընթացքում չի գումարվում կամ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով այդ ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, ապա Հայաստանի Հանրապետության վարչապետը նշանակում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Այս մասին ֆեյսբուքում գրել է «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արսեն Բաբայանը։
«Այս օրենսդրական հերթական բեսպրեդելի նպատակն ակնհայտ է, դրանով իշխանությունը նպատակ ունի յուրացնելու համայնքային իշխանությունը: Սակայն մի կարևոր հանգամանք կա՝ այս փոփոխությունը չի կարող կիրառվել Վանաձորի ավագանու նկատմամբ.
1) Ընդունված նորմին անհնար է հետադարձ ուժ տալ, իսկ Վանաձորի ավագանին լիազորությունները ստանձնել է մինչև այս փոփոխության ընդունումը: Ակնհայտ է նաև, որ սա ավագանու անդամների համար վատթարացնող նորմ է: Նրանք այս փոփոխությամբ զրկվելու են համայնքի ղեկավար ընտրելու իրենց լիազորությունից: Իսկ հետագայում՝ նաև ավագանու մանդատներից:
2) այս կանոնը հնարավոր է կիրառել քննարկվող փոփոխությունից հետո ընտրված ավագանու նկատմամբ, այն էլ միայն մեկ անգամ: Այսինքն, ընտրությունից հետո ավագանու մեկ նիստ (առաջին անգամ) գումարված լինելը ամբողջությամբ սպառում է այդ նորմի կիրառությունը մինչև տվյալ համայնքի ավագանու նոր ընտրություններով նոր ավագանու լիազորությունների ստանձնումը:
3) Վանաձորի ավագանին արդեն մեկ անգամ գումարել է իրավազոր նիստ և ավագանին քվեարկությամբ հաստատել է ներկայացուցչի լիազորություն: Այդ հաստատված լիազորությունն ընդունել է վարչական դատարանը:
4) իսկ այն դեպքում, եթե որևէ մեկը չի համաձայնվի սույն տեքստի 3-րդ կետին, ապա կհամարվի ավագանու լիազորությունները չստանձնված և, այդպիսով, նշված փոփոխությունը կրկին կիրառելի չի լինի Վանաձորի համար, քանի որ փոփոխությամբ սահմանվել է ավագանու լիազորությունների ստանձնված լինելու պայմանը: Քանի դեռ չկա ավագանու լիազորությունների ստանձնում, չի սկսվելու 20-օրյա ժամկետի հաշվարկը:
5) Վանաձոր համայնքի ղեկավար ընտրելու ավագանու լիազորությունը չի իրացվում ավագանու կամքից անկախ և ավագանու համար «անհաղթահարելի ուժի» հետևանքով, քանի որ լիազորության իրացման արգելքը սահմանվել է վարչական դատարանի կողմից: Քանի դեռ չկա դատարանի որոշումը, չի կարող արդարադատության իրականացման գործընթացը վատթարացնող ազդեցություն ունենալ և այդպիսով հայցվող պահանջը համարվել բավարարված: Սա դեմ է արդարադատության ողջ էությանը: Այսինքն, քանի դեռ դատարանում վեճը քննության փուլում է, բոլոր այն ժամկետների հոսքը, որոնք կառաջացնեն իրավունքից զրկվելու հետևանքներ, պետք է կասեցվեն:
Հ.Գ. Քանի՞ անգամ եմ զգուշացրել, որ Վահագն Հովակիմյանին այսպիսի պատասխանատու գործեր չի կարելի վստահել»,- գրել է Բաբայանը: