կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-28 20:05
Հասարակություն

Մայր բուհում քննարկել են «SIS Education»-ի հեռանկարային առաջարկները

Մայր բուհում քննարկել են «SIS Education»-ի հեռանկարային առաջարկները

ԵՊՀ եվրոպական լեզուների ֆակուլտետի ուսանողական խորհրդի արտաքին կապերի հանձնաժողովի նախաձեռնությամբ ս.թ. մարտի 23-ին ԵՊՀ-ում տեղի է ունեցել Ջոնս Հոփքինսի և Օքսֆորդի համալսարանի ուսանող, նորաստեղծ «Ռազմավարական Նշանակության Սաղաթելյան Կրթական Ինստիտուտի» (SIS Education) հիմնադիր-նախագահ Նվեր Սաղաթելյանի հանդիպումն ուսանողների հետ:

Նվեր Սաղաթելյանն ուսանողներին է ներկայացրել նորաստեղծ կառույցը, ուղեղների արտահոսքի վեկտորի փոփոխման նախագծի իրագործման հինաքարային երեք սկզբունքները և կառույցի վերջնական ձևավորման չորս փուլերը, ապա անդրադարձել կառույցի գաղափարախոսությանը, դրա համամարդկային, բայց և իր խորքում՝ ազգային կառույց մնալու յուրօրինակ բնույթին։

Այնուհետև Ն․ Սաղաթելյանը մանրակրկիտորեն ներկայացրել է կառույցի աշխատանքային ուղղվածությունները՝ ընդգծելով յուրաքանչյուր դեպարտամենտի գործառույթը և կառույցի կողմից մշակված խորհրդատվական ծառայությունների գործընթացը դիմորդի «SIS Education»-ի բարդ քննական փուլը անցնելուց հետո։

Բանախոսն անդրադարձել է նաև նախագծում առկա նորարար լուծումներին, որոնք բաժանված են երկու պայմանական մասերի։

«Առաջին՝ ամբողջ աշխարհում ցրված մարդիկ համընդհանուր ղեկավարմամբ կձգտեն մեկ նպատակի։ Որևէ երկրի կողմից ուղեղների արտահոսքի փոփոխման դեպքում չկա գեթ մեկ դեպք, երբ կազմակերպությունը / պետությունը սկզբնական շրջանում իր մեջ է ներառել այդ թվով միջազգային ուսանողների, իսկ մեր դեպքում՝ վստահ ենք, որ ոչ թե դա կթուլացնի կառույցի հիմքերը, այլ, ընդհակառակը, կնպաստի բազմազանությանը, սակայն  պետք է աչալրջությամբ պահենք մեր զգոնությունը, քանզի պատմությունն ու փորձը ցույց են տալիս, որ օտարերկրյա ազդեցությունը ազգային կառավարման մահացու թշնամին է, բայց զինակիցը՝ փոխշահավետ հիմքերով համագործակցության դեպքում։ Երկրորդ՝ ինչպես գիտեք, յուրաքանչյուր դպրոց ունի իր խորհրդատուն (counselor), հետևաբար,  խոսել նույն խորհրդատվական աշխատանքի մասին՝ ավելորդ է, այդ պատճառով մենք մշակել ենք խորհրդատվության մեր նորարարական մոդելը, որի առանցքային կետերից մեկն էլ այն է, որ ուսանողի հետ աշխատում է ոչ թե «councellor»-ը այլ դիմորդի համալսարանում սովորող / սովորած անձը, քանի որ նա շատ ավելի լավ է տեղեկացված տվյալ համալսարանի պահանջներից։ Ինչպես նաև յուրաքանչյուր «SIS Education»-ի շահառուի հետ աշխատում է 2 մենթոր, մեկը պատասխանատու է դիմումատվության գործընթացի տեսական, մյուսը՝ գործնական մասի համար»,- իր խոսքում նշեց Նվեր Սաղաթելյանը։

Բանախոսի ելույթի վերջին հատվածը նվիրված էր «SIS Education»-ի միջոցով աշխարհի ամենազդեցիկ ուղեղային և ուժային կենտրոններում ներգրավվածության հնարավորություն ստացած անձանց ներուժի կոնսոլիդացման հեռանկարներին։

Նվեր Սաղաթելյանի խոսքով՝ կառույցի հովանու ներքո կազմավորվող փոքր շղթաները կհանգեցնեն մի ընդհանուր պատկերի, որն առաջիկա 12 տարիների ընթացքում իր մեջ է ներառելու 10,000 հայ և 2,000 միջազգային անհատների՝ կապելով ամբողջ աշխարհը հսկայածավալ և հզորագույն ցանցի մեջ, որը խստորեն կառաջնորդվի հետևյալ սկզբունքով՝ ստեղծել աշխարհի համար գիտական նոր հորիզոններ բացահայտող համայնքի, ովքեր հանդես կգան ոչ թե որպես հասարակ խնդրարկուներ, այլ իբրև փոխադարձ պայմանավորվածությամբ գործող բարձր կողմեր։