կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-15 19:05
Հասարակություն

SIS Education. «Վարդաններին» դեպի «Վարդան Գրեգորյաններ» տանող ճանապարհը

SIS Education. «Վարդաններին» դեպի «Վարդան Գրեգորյաններ» տանող ճանապարհը

Յուրաքանչյուր գիտակից մարդ խոր ըմբռնումով է մոտենում ՀՀ-ում տիրող ճգնաժամային իրավիճակին, որն օրեցօր վատթարանում է։ Դրա դեմ, այսպես կոչված, պայքարում, իսկ իրականում ՀՀ ինքնիշխանության ու մշակութային ժառանգության կորստի դեգերումներում, բացարձակապես ուշադրություն չի դարձվում տաղանդների արտահոսքին։ Նախկինում եղել են  վերահսկման բազմաթիվ փորձեր, հայրենադարձության և այլ ծրագրեր, սակայն հավաստագրերի բաժանումից և հրաժեշտի երեկոյից հետո մոռացվել-գնացել են՝ առանց հետագա մնայուն ազդեցության։

Վերջին տարիների ձախողումներից հետո էլ ավելի օրակարգային է դարձել ազգանվեր, կիրթ և իմաստալից կենսագրությամբ համայնքի ստեղծումը, որ կառաջնորդի երկու հայկական պետությունները։ Սակայն միշտ սեղանին է եղել հարցերի հարցը՝ ո՞վ է հանդգնելու իր վրա վերցնել տաղանդների արտահոսքի վեկտորները փոխելու պատասխանատու գործը, բացահայտելու տաղանդավոր երեխաներին, ուղղորդելու հեռանկարային աշակերտներին, աջակցելու ազդեցիկ ուսանողներին և կոնսոլիդացնելու գիտական սփյուռքի ողջ ներուժը՝ այդպիսով ստեղծելով միջազգային մի ինստիտուտ, որ հեռանկար ունի ազդեցություն ունենալու համաշխարհային ուղեղային և ուժային կենտրոնների վրա։

Հանրահայտ պատմական փաստ է, որ ամենազդեցիկ կառույցները ժամանակին հիմնվել են երիտասարդների կողմից։ Երեք տարի առաջ կզարմանայի, եթե պատմեին, որ այդ մարդը ես եմ լինելու՝ գյուղական դպրոցից մի երիտասարդ, որը հասավ աշխարհի առաջատար անգլիական դպրոցներից մեկը և ամիսներ առաջ սովորելու առաջարկ ստացավ աշխարհի մի շարք լավագույն համալսարաններից, ներառյալ՝ Ջոնս Հոփքինսի Համալսարանը՝ այդպիսով ստանալով նաև Օքսֆորդի համալսարանում  բակալավրի մեկ տարվա ուսումնառության հնարավորություն։

Նորաստեղծ ինստիտուտն անվանել եմ «Saghatelyan Institute for Strategic Education (SIS Education)» թարգմանաբար՝ «Ռազմավարական Նշանակության Սաղաթելյան Կրթական Ինստիտուտ», առաջնորդվելով՝ Կրթվածություն, Միասնություն, Առաջնորդություն կարգախոսով։

Եթե դեռ կարդում եք, ուրեմն հայտնվել եք այնտեղ, ուր պետք է և լինեիք։

Ինստիտուտի աշխատանքներն այս պահին կենտրոնացած են երեք հիմնական ուղղություններով։

Ուղղություն 1-ին. օժանդակել ուսանողներին՝ ընդունվելու աշխարհի լավագույն 30 համալսարանների ցուցակում տեղ գտած ամերիկյան համալսարաններ։

Ուղղություն 2-րդ. օժանդակել ուսանողներին՝ ընդունվելու աշխարհի հեղինակավոր ամերիկյան և բրիտանական միջնակարգ ու ավագ դպրոցներ։

Ուղղություն 3-րդ. բացահայտել 13-14 տարեկան՝ բացառիկ ունակությունների և տաղանդների տեր աշակերտների, ֆինանսական և խորհրդատվական ներդրումներ կատարելով՝ դարձնել 1-ին և 2-րդ ուղղությունների մաս։

Ուղղություն 4-րդ. ստեղծել խորհուրդ, որի կազմում ընդգրկված կլինեն արդեն իսկ համաշխարհային հռչակ վայելող հայեր և օտարերկրացիներ՝ պատրաստ տրամադրելու իրենց ժամանակը և գիտելիքները գալիք սերնդին, ինչպես նաև իրականացնել ռազմավարական նշանակության հետազոտական աշխատանքներ, մասնակցել քննարկումների, տարատեսակ գիտական և հասարակական աշխատանքների՝ նպատակաուղղված նոր մտքերի գեներացմանը և սփռմանը։

➼Ներկա պահին ինստիտուտն աշխատանքներ է տանում  տվյալ համալսարանների ուսանողների և շրջանավարտների՝ իր խորհրդում ներգրավելու ուղղությամբ։ Շարժմանը միանալու համար խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը հետևյալ էլ․ փոստին՝ [email protected]։

Կառույցի օրհասական անհրաժեշտությունը և առաքելությունը

Կառույցի իմաստը և օրհասական անհրաժեշտությունն ընդգծելու համար առաջ քաշենք Վարդան Գրեգորյանի օրինակը, որը եղել է Նյու Յորքի հանրային գրադարանի և Քարնեգի հիմադրամի նախագահը, նաև Բաղեղի Լիգայի (Ivy-League) անդամ՝ Բրաունի համալսարանի առաջին օտարազգի նախագահը։ Նա նաև զգալի ներդրում է ունեցել երկու հայկական պետությունների զարգացման գործում։ Սակայն նկատի ունեցեք երկու փաստ.

1. Թավրիզի գրադարաններում նոր գիտելիքներ որոնող՝ անկոշիկ ու անխնամ Վարդան Գրեգորյանին Բեյրութում ուղղորդել և Սթենֆորդի համալսարան ուսումնառության է ուղարկել Առաջին հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանը, հետագայում Գրեգորյանը իր «Տուն Տանող Ճանապարհը» գրքում գրում է՝ պարտական եմ Սիմոն Վրացյանին ամեն ինչի՝ պաշտպանության, աջակցության, սիրո և ընկերության համար։

2. ԵՊՀ-ն չի համագործակցում աշխարհի որևէ հեղինակավոր համալսարանի հետ, իսկ Երևանում չկա գեթ մեկ ազդեցիկ գրադարան։ Կարելի՞ է, արդյոք, հետևություն անել, որ չէր գործում մի այնպիսի կառույց, որ կուղղորդեր ԵՊՀ-ի ղեկավար կազմին՝ համագործակցելու Վարդան Գրեգորյանի հետ, հնարավորություն ստանալով և՛ գրադարան կառուցելու, և՛ համալսարանական համագործակցություն ձեռք բերելու։ Հետևաբար, հասկանալի է, որ Վարդան Գրեգորյանի ներուժը ՀՀ-ում կրթության բարելավման նպատակով լավագույնս չի օգտագործվել, քանզի կապող վստահելի կամուրջ չի եղել, իսկ նորանոր կարճանպատակ/աննպատակ ՀԿ-ներ՝ որքան ասես։

Այսպիսով՝ SIS Education-ի առաքելությունն է բացահայտել «Վարդանների», ուղղորդել նրանց՝ մինչև դառնան «Վարդան Գրեգորյաններ», ապա ներդնել նրանց ողջ ներուժը լայնախոհորեն սահմանված հստակ ռազմավարական ծրագրերի իրականացման գործում՝ անկախ այդ պահին նրանց քաղաքացիությունից, աշխատանքային գործունեության երկրից ու դիրքից, ինչպես նաև ՀՀ-ում օրվա իշխանության և պետական ինստիտուտների քմահաճույքներից, քանզի իշխանություններն անցողիկ են իսկ հայրենիքը՝ մնայուն, այդպիսով ստեղծելով կայուն, բայց և այնպես կայծակնային զարգացման հայկական մոդելը։

Վերջապես հարց է առաջանում՝ կառույցը համաշխարհայի՞ն, թե՞ ազգային գաղափարախոսության կրող է։ Պատասխանը հետևյալն է՝ Հայ բուն ազգային և համաշխարհային արժեքները ոչ թե հակասական, այլ փոխլրացնող են, ուրեմն, մտքում պահելով գաղափարը, որ յուրաքանչյուր ժողովուրդ իր հայրենիքն ունի, սակայն մարդկությունը դեռ անհայրենիք է մնում, պնդում ենք, որ մարդկության հայրենիքը, դրա ոգին գրադարանն է, քանզի դա մի հաստատություն է, որտեղ ձախերն ու աջերը, սատանան ու Աստված, մարդկային ձեռնարկումները, ձեռքբերումներն ու ձախողումները դասակարգված պահվում են, որպեսզի մարդկությանը սովորեցնեն, թե ինչն է պետք ընդօրինակել, ու ինչը չպե՛տք է կրկնել։ Այս կառույցը ստեղծում է աշխարհի համար գիտելիք ստեղծողների, որոնք իրենց մեջ կրում են մարդկության հայրենիքը, նրա ոգին՝ միևնույն ժամանակ նպաստելով ֆիզիկական հայրենիքի զորացմանը։ Սա իր բնույթով յուրօրինակ կառույց է, համամարդկային, բայց և այնպես՝ ազգային կառույց։

Հենց այս խորհրդով են կառույցի հանդիպումները տեղի ունենում հիմնականում գրադարաններում, քանզի այնտեղ է պահվում հասարակության հավաքական, բայց նաև խտրական հիշողությունը։ Այն հարգանքի տուրք է մատուցում անցյալին, ապագայի համար վկայություն է տալիս ներկայի մասին, հետևաբար հնարավորություն է ստեղծում դատողություններ անելու թե՛ անցյալի, թե՛ ապագայի վերաբերյալ։

Մեծ ջանքեր են գործադրվում, որպեսզի կառուցվի Սաղաթելյան Ինստիտուտը՝ իբրև ուժեղ, ջանասեր և ինքնավստահ համայնք, որը հստակ առաքելություն ունի ու հավատարիմ է դրան, այլ ոչ թե վերաբերվեն դրան իբրև հիմնարկի։ Այս կառույցի նպատակը մարդ արարածի եռանդին ազատություն տալն է, նախախնամությամբ այն պետք է դառնա մի յուրատեսակ «դպրոց» առաջնակարգ անհատականություններ ստեղծելու համար, որոնք կապրեն սիրելով ու ազնիվ ձգտումներով։

Ինձ համար կառույցի անդամ լինելու երջանկությունն ազատ լինելու երջանկությունն է, ասել է՝ ազատ լինել մտածելու, գրելու, արարելու, խորհելու, համաձայնելու կամ տարաձայնելու հարցերում այնպես, ինչպես ես կորոշեմ՝ գիտակցելով ինձ շնորհված արտոնությունների և պարտավորությունների կարևորությունը։

Հոդվածս կավարտեմ՝ խոսքս ուղղելով աշխարհասփյուռ գիտական համայնքին։

Երբ Հենրի Ռոսովսկին Հարվարդի համալսարանի հումանիտար ու բնական գիտությունների ֆակուլտետի դեկանն էր, նրա գրասեղանին փորագրված էր․ «Գերեզմանատները լի են անփոխարինելի մարդկանցով»։ Պետք է գիտակցենք,  որ առաջնորդության հաջողությունը կարելի է չափել նրանով, թե որքան տաղանդ ու ինչ կառույց ենք թողնում մեզանից հետո, սա մեր մտքում պահելով՝ պիտի հավատանք, որ հառնելու ու միավորվելու, ասել է թե՝ հաջողելու ենք։ Մենք մեր կառույցի անդամներին պիտի պատրաստենք  21-րդ դարի համար։ Չենք կարող իմ հասակակիցներին, մեր երիտասարդությանը դատապարտել տնտեսական ու տեխնոլոգիական հպատակության համար, ոչ էլ պասիվորեն դիտել, թե ինչպես է ձևավորվում պերմանենտ ենթադաս։

Կառույցի անդամ դառնալու ընթացակարգին ծանոթանալու համար հետևեք հետևյալ հղմանը

Նվեր Սաղաթելյան

SIS Education-ի հիմնադիր-նախագահ

Ջոնս Հոփքինսի համալսարանի ուսանող