կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-29 16:49
Հասարակություն

Ուկրաինայից կաթի փոշի է ներկրվում՝ խոչընդոտներ ստեղծելով կաթի մթերմանը

Ուկրաինայից կաթի փոշի է ներկրվում՝ խոչընդոտներ ստեղծելով կաթի մթերմանը

Այսօր ԱԺ-ում քննարկվում էր 2014թ. բյուջեի կատարողականը գյուղատնտեսության ոլորտում:

 

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հարց ուղղեց հիմնական զեկուցող` գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանին կաթի մթերման բնագավառում առաջացած ճգնաժամի մասին: Նա նշեց, որ կաթի մթերման գինն իջել է, և կաթ վերամշակող ընկերությունները փակվում են, որովհետև Ուկրաինայից ներմուծվում է էժան կաթի փոշի, և վերամշակող ձեռնարկությունները չեն դիմանում մրցակցությանը: «Խնդրում եմ` ասեք, թե ո՞վ է այդ արտոնյալը, ով ներկրում է կաթի փոշի: Դուք էլ չեք կարողանում դրա դեմն առնել, որպեսզի նորմալ կաթնամթերք արտադրվի»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

 

Փոխնախարարը պատասխանեց, որ թեև վերջին ամիսներին կաթի գինը տատանվում է, սակայն նախարարի հստակ պահանջ է դրել, որ կաթի մթերման գինը չպետք է ցածր լինի 110 դրամից: «Ամառվա այս ամիսներին կաթի գինը մի քիչ կարող է տարբերություն տալ` 30 դրամի սահմաններում` կապված կաթի յուղայնության ու ծավալի մեծացման հետ»,- ասաց նա:

 

Պատգամավորները տեղից արձագանքեցին, որ Տավուշում, առհասարակ, կաթ չեն մթերում:

 

Փոխնախարարը նշեց, որ օպերատիվորեն կզբաղվեն այդ հարցով: Հավելեց, որ 2014թ. ներկրվել է 2500 տոննա կաթի փոշի, ինչը, անշուշտ, ոչ շահեկան վիճակ է ստեղծել կաթ մթերող վերամշակող ձեռնարկությունների համար:

 

Գալստյանը կարծիք հայտնեց, որ պետք է իրականացնել կոշտ քաղաքականություն, որ դա չազդի կաթնամթերքի արտադրության վրա, և որպեսզի կանխվեն կաթի գնի վայրիվերումները: