Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Բաքուն հայտարարել է, որ Արցախի գազամատակարարումն Ադրբեջանի ներքին գործն է: Այդ երկրի ԱԳՆ խոսնակն այդպես արձագանքել է Հայաստանի ԱԳՆ-ի այն հայտարարությանը, թե Ադրբեջանն Արցախում հումանիտար ճգնաժամ է ստեղծում՝ անջատելով գազը: Խոսնակն ասել է, թե այսպես Հայաստանն ապակառուցողական հայտարարություններ է անում: Խորհուրդ է տվել Հայաստանին՝ հայկական զինուժը դուրս բերել Արցախից և նպաստել խաղաղության պայմանագրի կնքմանը: Եվ այս պայմաններում Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում հստակ գնահատական է տվել Արցախում ստեղծված իրավիճակին, ըստ որի՝ Ադրբեջանի գործողությունների արդյունքում Արցախը հայտնվել է հումանիտար աղետի շեմին: Այնուհետև ավելացրել է, որ Ադրբեջանը նման քայլով փորձում է Հայաստանին շեղել խաղաղության օրակարգից, ինչը նշանակում է, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ իր քայլերը պետք է արագացնի:
Նիկոլ Փաշինյանը փաստացի ամրագրում է այն, որ Արցախը դառնում է Ադրբեջանի ներքին խնդիրը: Ադրբեջանը, հաշվի առնելով հայկական կողմի որդեգրած քաղաքականությունը, անում է այն, ինչ ցանկանում է. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը՝ անդրադառնալով Արցախում ստեղծված հումանիտար աղետի և իշխանությունների վարած ադրբեջանամետ քաղաքականությանը:
«Այսօր վարչապետ Փաշինյանը հայտարարեց, թե ադրբեջանական կողմի ներկայացրած հինգ կետերը վերամշակվել են, այնուհետև ուղարկվել ԵԱՀԿ Մինսկի խմբին, բայց այդպես էլ չասվեց՝ ո՞ր կետերն են մշակվել: Սա խոսում է այն մասին, որ, այո՛, իշխանությունն ընդունել է Բաքվի ներկայացրող պահանջները: Այս իշխանությունները հայտարարում են, թե Ադրբեջանի առաջարկներն ընդունելի են, իսկ դա էլ հնարավորություն է տալիս Ադրբեջանին հայտարարելու այն, ինչ ցանկանում է: Եթե սառը գլխով դատենք, ապա Ադրբեջանի վարած քաղաքականությունը հասկանալի է. Հայաստանն ունի ղեկավարություն, որը հնչեցնում է այնպիսի հայտարարություններ, որոնք ոչ միայն հայկական շահերից չեն բխում, այլև ադրբեջանական շահերն են սպասարկում»,- ասաց Գ. Դավթյանը:
Ըստ փորձագետի՝ այս տարի Հայաստանի իշխանությունները կստորագրեն մի փաստաթուղթ, որում ամրագրված կլինեն Հայաստանի և Արցախի վերաբերյալ կարևոր կետեր, իսկ թե դրանք կբխե՞ն հայկական շահերից, դա այլ հարց է:
«Ադրբեջանից եկող ազդակները թույլ են տալիս պնդել, որ ստորագրվելիք փաստաթուղթը լինելու է ադրբեջանանպաստ փաստաթուղթ: Այդ փաստաթղթում չի լինելու այնպիսի կետ, համաձայն որի՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքը կդիտարկվի որպես առաջնահերթություն, կամ այն տարածքները, որոնք օկուպացվել են Ադրբեջանի կողմից, այնտեղից ադրբեջանական կողմը զորքերը դուրս կբերի: Ադրբեջանը չի պատրաստվում նահանջել, ավելին՝ նշյալ փաստաթղթում կլինեն անկլավների մասին կետեր: Բայց դա ինչպիսի՞ փաթեթավորմամբ կներկայացվի հասարակությանը, այլ հարց է: Մինչև պատերազմը Փաշինյանն անընդհատ խոսում էր Մադրիդյան դրույթների՝ ոչ հստակ գրված լինելու մասին, ավելացնում, որ դրանք տարրընթերցումների տեղիք են տալիս: Այսօր այն հինգ կետերը, որոնց մասին խոսվում է, ևս կարող են տարընթերցումների տեղիք տալ: Եթե Հայաստանը և Ռուսաստանը հրաժարվեն Արցախից, ապա Արցախը կվերածվի ուդիական համայնքի: Ադրբեջանն ամեն կերպ կհասնի նրան, որ Հայաստանը վերջնականապես և փաստաթղթով կհրաժարվի Արցախից, իսկ այն տարածքները, որոնք Ադրբեջանն օկուպացրել է, փաստաթղթի ստորագրումից հետո չեն դեօկուպացվելու: Հաշվի առնելով, որ այս իշխանությունները չունեն ազգային գաղափարախոսություն, ազգային հենք, վաղ թե ուշ իրենք լինելու են Ադրբեջանի և Թուրքիայի կամակատարը: Չգիտեմ գեթ մեկ պետականամետ երկրի ղեկավարի, որն իր երկրի տարածքների օկուպացիային զուգահեռ հայտարարում է, թե մենք չեն շեղվում խաղաղության պայմանագրի ստորագրումից»,- նշեց ադրբեջանագետը:
Իսկ թե ինչո՞ւ ՔՊ-ն դեմ քվեարկեց ընդդիմության առաջարկած օրինագծին, որով քրեական պատիժ էր նախատեսվում բոլոր նրանց համար, ովքեր հարցականի տակ կդնեն ՀՀ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ըստ Դավթյանի, խնդիրը խորքային է:
«ՔՊ-ն փորձում է տարածքային ամբողջականություն ասվածը չդիտարկել Հայաստանի համար կարևորագույն փաստ, քանի որ իրենք պատրաստվում են խաղաղության պայմանագրի կնքմանը: Եթե նախարարը, պատգամավորը ասել է, թե բլուրի կամ Սև լճի համար հո պատերազմ չե՞ն անի, չենք շեղվի խաղաղության պայմանագրի կնքումից, ըստ էության, կասկածի տակ է դնում Հայաստանի տարածքային ամբողջականությունը և, ըստ այդմ, պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության: ՔՊ-ն լավ է հասկանում, որ առաջիկայում ժողովրդին մանիպուլացնելու հնարավորություն են ունենալու, իսկ այդ օրենքի ընդունումը իրենց կխանգարի մանիպուլացնել ժողովրդին»,- եզրափակեց Գառնիկ Դավթյանը:
Լենա Կարապետյան