Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) առողջապահության, սնուցման և բնակչության հարցերով գլոբալ պրակտիկայի տնօրեն Ֆադիա Սաադահին: Վերջինս Հայաստանում է՝ ծանոթանալու ՀԲ ընթացիկ ծրագրերի և ոլորտում բարեփոխումների ընթացքին, նաև քննարկելու մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված ապագա աջակցության հեռանկարները:
Կողմերը բարձր են գնահատել երկկողմ գործակցության մակարդակը, նաև անդրադարձել ՀԲ կողմից կազմվող զեկույցներում ու վարկանշային աղյուսակներում տարբեր ցուցանիշերի գծով Հայաստանի զբաղեցրած հորիզոնականներին ու դրանք բարելավելու հարցերին:
Ֆադիա Սաադահը հետաքրքրվել է այն առաջնահերթություններով, որոնք առողջապահական գերատեսչությունը շեշտադրում է իր քաղաքականության մեջ, ապա և այն ծրագրերով, որոնցում ակնկալվում է բանկի ֆինանսական և տեխնիկական աջակցությունը:
«Եկող տարվա առողջապահության ոլորտի բյուջետային ուղղակի հատկացումների «առյուծի բաժինը» հատկացվելու է առողջապահության առաջնային օղակին, քանի որ մեզ համար գերակա է հիվանդությունների կանխարգելումը: Այս նպատակով նաև քննարկում ենք սքրինինգային որոշ ծրագրերի ներդրումը, շեշտադրում ընտանեկան բժշկության ինստիտուտի «վերակենդանացումը»: Ծխելու դեմ պայքարն ամրագրում ենք օրենքով, և այս աշնանն արդեն օրենքի նախագծի լրամշակված տարբերակը կուղարկենք խորհրդարան»,-փոխանցել է նախարար Թորոսյանը:
Կողմերը պայմանավորվել են հետագա հանդիպումների միջոցով առավել սերտացնել գործակցությունն ու նոր թափ հաղորդել իրականացվող համատեղ քայլերին:
Առողջապահության նախարարություն