կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-21 21:23
Քաղաքական

Թուրքիան տեղ չունի ռուս-ուկրաինական հարաբերությունների կարգավորման մեխանիզմում․ թուրքագետ

Թուրքիան տեղ չունի ռուս-ուկրաինական հարաբերությունների կարգավորման մեխանիզմում․ թուրքագետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պարբերաբար հայտարարում է՝ պատրաստ են Թուրքիայում հյուրընկալել Պուտին-Զելենսկի հանդիպումը:

Թուրքագետ Հակոբ Չաքրյանը, սակայն, Yerkir.am-ի հետ հարցազրույցում համոզմունք հայտնեց․ Թուրքիան ռուս-ուկրաինական հարաբերությունների կարգավորման մեխանիզմում տեղ չունի։

Այս եզրակացությանը նա հանգել է փաստից, որ ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը բոլոր երկրների ղեկավարների հետ հեռախոսազրույց է անցկացնում, բայց Էրդողանին դեռ չի զանգել։

«Կորեայի հետ զանգում, խորհրդակցում է, Ճապոնիայի հետ խորհրդակցում է, բայց Թուրքիայի հետ՝ չէ»,-վստահեցրեց նա։ 

Թուրքագետը ենթադրում է, որ պատճառը Թուրքիային վստահելի գործընկեր չհամարելն է։

«Ս400-ի պատմությունը գիտեք․ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, ՆԱՏՕ-ի պաշտպանական համակարգը ընդհանուր է, հետևաբար, այդ զենքերն էլ պետք է ընդհանուր լինեն։ Այդ Ս400-ները ո՞ւմ դեպ պիտի  օգտագործվեն՝ ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի դեմ։ Այսինքն, եթե Ռուսաստանը ՍՈՒ-երով հարձակվելու լինի՝ դրանք Ս400-ի ռադարում չեն գրացվելու, որովհետև վաճառելիս այդ կոդը չեն տալիս։ Նույնն էլ «Պատրիոտների» պարագայում՝ ամերիկացիներն էլ չեն տալիս»,-ասաց Հակոբ Չաքրյանը։

Անկարան փորձում է չեզոքություն ցուցադրել ռուս-ուկրաինական հարաբերություններում․ պատերազմի սկզբից դատապարտեց Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա՝ աջակցելով այդ երկրի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը: Թուրքիայի ղեկավարությունը հայտարարեց, թե իրենք պետք է կատարեն Մոնտրոյի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները՝ այն է՝ փակել պատերազմող երկրների ռազմանավերի ճանապարհը Միջերկրական ծովից դեպի Սև ծով: Այնուհանդերձ, Թուրքիան չմիացավ Ռուսաստանի դեմ արևմտյան երկրների պատժամիջոցներին, ինչպես նաև չփակեց իր օդային տարածքը: Միևնույն ժամանակ Անկարան շարունակում է Կիևին թուրքական արտադրության ԱԹՍ-ներ վաճառել՝ այդ քայլը համարելով ոչ թե աջակցություն, այլ փոխշահավետ գործարք:

Էրդողանը Պուտինի աջակցության կարիքն ունի, համարում է թուրքագետ Հակոբ Չաքրյանը, որովհետև Եվրամիության և ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերություններն, այնուամենայնիվ, լարված են։

«Փաստորեն, Թուրքիան մեկուսացած է և միջնորդի ակտիվ դերով փորձում է այդ մեկուսացումից դուրս գալ»,-ասաց նա։

Օգտագործելով ռուս-արևմտյան պատերազմը՝ իր ուղին հարթել դեպի Եվրամիություն, թուրքագետի համոզմամբ, պաշտոնական Անկարային չի հաջողվի։

«Չեմ կարծում, թե Թուրքիային դարձնեն Եվրամիության անդամ։ Պարզապես Թուրքիայի կշիռը Եվրոպայում մի քիչ կբարձրանա, եթե կարողացավ միջնորդական ջանքերը հաջողել։ Անթալիայի ֆորումում, ինչպես տեսաք, Ուկրաինայի ու Ռուսաստանի արտգործնախարարները Չավուշօղլուի նախաձեռնությամբ եռակողմ հանդիպում կազմակերպեցին, բայց հանդիպումը, ինչպես և սպասելի էր, ապարդյուն անցավ»,-ասաց Հակոբ Չաքրյանը։  

Նա վստահ է, որ եթե Թուրքիան աշխարհի համար ընկալելի լիներ որպես միջնորդ՝ գոնե Բայդենը մի անգամ կվերցներ՝ կզանգեր և հեռախոսազրույց կանցկացներ Էրդողանի հետ, բայց չնայած Թուրքիայի ջանքերին Բայդենը ոչ մի անգամ չի զանգում և չի խորհրդակցում։

Աննա Բալյան