կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-25 14:15
Տնտեսական

ՏՄՊՊՀ-ի դիտարկմամբ` գների էական փոփոխություն չկա

ՏՄՊՊՀ-ի դիտարկմամբ` գների էական փոփոխություն չկա

Այն ապրանքային շուկաներում, ուր ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություն է իրականացրել, էական գնային փոփոխություններ չեն նկատվել: Փոքր գնային փոփոխություններ այս երկու օրերի շուկայում արձանագրվել են միայն կաթնամթերքի շուկայում եւ մոտ երեք դրամի չափով` ձվի շուկայում: Այժմ հանձնաժողովի աշխատակիցներն ուսումնասիրություններ են իրականացնում` պարզելու համար դրանց էությունը. այսօր լրագրողներն ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:

 

Նա նշեց, որ կան նաեւ գների նվազում, օրինակ` ձիթապտղի եւ շաքարավազի շուկաներում: Արտակ Շաբոյանը նշեց, որ գնային փոփոխությունների մասին խոսելիս պետք է նկատի ունենալ, որ ՏՄՊՊՀ-ն մոնիտորինգ է իրականացնում ընդամենը 6-7 խոշոր` գերիշխող դիրք ունեցող սուպերմարկետներում, եւ այդ մոնիտորինգների արդյունքում ստացված պատկերն է վերլուծում:

 

Արտակ Շաբոյանը խոսեց նաեւ դեղորայքի շուկայում կատարված ուսումնասիրությունների մասին: ՏՄՊՊՀ նախագահը նշեց, որ քանի որ շատ դեղերի մասին էր խոսքը, հանձնաժողովը ընտրել է միայն մոտ 20 անուն դեղ, որոնք սոցիալական նշանակություն ունեն: Ու ստացվել է հետեւյալ պատկերը. անցյալ տարվա վերջում տեղի էր ունեցել այդ դեղերի գների նվազում, իսկ այս տարվա սկզբին նորից թանկացել էին, բայց արդեն փոխարժեքի փոփոխությունների ազդեցությունը, հանգեցրեց այն երեւույթին, թե այս շուկայում գների բարձրացում է եղել:

 

 

Արտակ Շաբոյանը անդրադարձավ նաեւ այն հարցին, ըստ որի` հանձնաժողովը պատասխանատվության է ենթարկում մանր ու միջին տնտեսվարողներին, իսկ իսկական մեղավորներին չի պատժում, ինչի արդյունքում խոշոր ու գերիշխող դիրք ունեցողներն էլ ավելի են ամրապնդում իրենց դիրքերը: Արտակ Շաբոյանը նշեց, թե իրականում այդպիսի դեպքեր չեն կարողլինել` հանձնաժղոովը անկողմնակալ է եւ օբյեկտիվ:

 

«Բնականաբար, երբ մենք տուգանում ենք որեւէ տնտեսվարողի, ընկերության, դա անդրադառնում է նրանց հեղինակության, իմիջի վրա, որն էլ ազդում է նրանց պահանջարկի, շուկայի վրա եւ այլն»,- նշեց ՏՄՊՊՀ նախագահը` հավելելով, թե հանձնաժողովի գործունեությունը հրապարակային է, ինչից, սակայն, խուսափում են հենց այն տնտեսվարողները, որոնց հարցերը քննարկվում են հանձնաժողովում:

 

 

Լրագրողների հարցին ի պատասխան, թե արդյոք մտահոգիչ չէ՞, որ Երեւանում վաճառվող ձեթն ավելի թանկ արժե, քան Փարիզի կամ Վիեննայի կենտրոնում գտնվող սուպերմարկետում վաճառվող ձեթը, ՏՄՊՊՀ նախագահը նշեց, թե իրենց տեսքով, անվանումով եւ այլն, Փարիզում ու Երեւանում վաճառվող ձեթերը տարբեր են, արտադրվում են տարբեր երկրներում եւ այլն, որի հետեւանքով էլ կարող են դրանց գները տարբեր լինել , ու այստեղ միտումներ հայտնաբերելը այնքան էլ ճիշտ չէ:

 

 

Արտակ Շաբոյանը պատասխանեց լրագրողների կողմից հնչեցված մեկ հարցի եւս, որը վերաբերում էր Հայաստանում ապրանքային շուկաների կենտրոնացվածության աստիճանի, այդ շուկաներ թափանցելիության վիճակին: Նա նշեց, թե նման ուսումնասիրություններ ՏՄՊՊՀ-ն պարբերաբար իրականացնում է: Ընդ որում` նա նշեց, որ բարձր կենտրոնացվածությունն ու գերիշխող դիրք ունենալը չեն հակասում ՀՀ օրենքներին, ու հանձնաժողովը ուսումնասիրում է միայն անբարեխիղճ մրցակցության դիմելու տեսանկյունից: