Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինչպես հայտնի է, այօսր մենք ապրում ենք մի իրողության մեջ, երբ համատարած թանկացումներ են, երկիրը փաստացի կանգնած է սոցիալական կատաստրոֆայի առաջ։ Համատարած գնաճը, զանգվածային թանկացումները գումարած դրամի օրեցօր արժեզրկումը հասարակության մոտ ոչ մի դրական ակնկալիքի հույս այլևս չի թողել։
Դեռևս նախորդ տարվանից իշախանության կողմից շրջանառվում էր այն թեզը, թե ռուսական կողմի հետ ձեռք բերված աննախադեպ պայմանավորվածությունների համաձայն՝ առաջիկա 10 տարիներին ՀՀ մատակարարվող գազի սակագինը չի փոխվի, այսինքն՝ կլինի այնքան, ինչքան հիմա է՝ 1000 խորանարդի համար՝ 165 դոլար։ Դրա փոխարեն կառավարությունը 10 տարի շարունակ տարեկան շուրջ 32 մլն դոլար պիտի վճարի «Գազպրոմի» կազմում գործող «Հրազդան-5» ընկերությանը՝ նախկինում չկատարված պարտավորությունների դիմաց։
Առաջին հայացքից թվում էր, թե սրանով առաջիկա տարիների համար ներմուծվող գազի գնի կայունության խնդիրը լուծվում է, բայց պարզվում է՝ այնքան էլ այդպես չէ. այս ամենի մեջ կառավարությունը մի կարևոր դետալ թաքցրել է։ Խոսքը կալորիականությունից կախված գազի գնի փոփոխության մասին է։ Այսպես՝ սահմանված 165 դոլար ներմուծման գինը վերաբերում է բացառապես մինչև 7900 կալորիականությամբ գազին․ այնինչ՝ Հայաստանն այսօր ավելի բարձր կալորիականության գազ է ստանում մոտ 8300 կիլոկալորիա։ Հետո նաև պարզվում է, որ այդ ավել կալորիաների համար պետք է հասարակությունը հավելյալ գին վճարի։ Ստացվում է գործ ունենք հերթական հակազգային մանիպուլիացիայի հետ․ փաստացի կառավարությունն արտաքուստ տպավորություն է ստեղծել, որ ներմուծվող գազի գինը չի բարձրանում, բայց իրականում այն բարձրանում է։
Հայտնի է, որ այս փոփոխությունը նախատեսվում է կիրառել ապրիլի 1-ից։ Սպասվող թանկացումը գազի ներմուծման գնի վրա կունենա, մոտավոր հաշվարկներով, 8 դոլարի կարգի կամ գրեթե 5 տոկոսի ազդեցություն։ Եթե 7900 կալորիականության գազի ֆիքսված գինը 165 դոլար է, ապա 8300 կալորիականությանը կլինի շուրջ 173 դոլար։ Այդ գումարը փաստացի ներքին սակագների բարձրացման միջոցով ստիպված են լինելու վճարել սպառողները։
Տրամաբանական հարց է առաջանում, թե ինչպես պիտի սպառողը համոզված լինի, որ ստանում է հենց 8300 և ոչ թե 7900, ավելի ցածր կամ ավելի բարձր կալորիականության գազ։ Ի դեպ՝ այս խնդիրը Հայաստանում միշտ էլ եղել է։ Բանն այն է, որ գազի կալորիականության ստուգումներն ամենուրեք չէ, որ հնարավոր է անել։ Նման լաբորատորիա ունի գազամատակարար ընկերությունը, բայց հասկանալի պատճառներով, բոլորը չէ, որ կարող են վստահություն ունենալ դրա նկատմամբ։ Հավանաբար նաև դա էր պատճառը, որ մինչև հիմա կալորիականությունից կախված գների ձևավորման մեխանիզմը չի գործել։
ՀԾԿՀ որոշմամբ՝ բնակչության համար գազի սակագինը կբարձրանա 4,7 դրամով. գործող 139-ի փոխարեն՝ 1 խորանարդի գինը կկազմի 143,7 դրամ։ Նույնքան կվճարեն նաև մինչև 10 հազար խորանարդ օգտագործողները։ Գազը շուրջ 10 դոլարով կթանկանա նաև խոշոր սպառողների կամ տնտեսության համար՝ 255,91-ից դառնալով 265,81 դոլար, իսկ ջերմոցային տնտեսությունները և գյուղմթերքի վերամշակումով զբաղվող ընկերությունները կվճարեն 233,9 դոլար, որը ևս շուրջ 10 դոլարով բարձր կլինի նախկին գնից։
Միանշանակ է, որ այս թանկացումները բավական լուրջ ազդեցություն են ունենալու ջերմոցային տնտեսության ու վերամշակող արդյունաբերության վրա, դրանք նախկինում արդեն տեսել ենք։ Գյուղմթերքների շուկայում գների այն բարձրացումները, որոնք կան, նաև դրա հետևանք են ու դեռ առաջիկա ամիսներին կտրուկ բարձրացումներն անխուսափելի են լինելու։
Չկա ոչ մի կասկած նաև, որ գազի սակագնի թանկացումը հանգեցնելու է արտադրության ինքնարժեքի բարձրացման, ինչը գների աճի տեսքով տեղափոխվելու է սպառողական շուկաներ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչ դեր ունի տնտեսության վրա գազի սակագինը, սա բերելու է ապրանքների ու ծառայությունների բավական ընդգրկուն ու էական թանկացումների։ Փաստացի բնակչության մեծ մասի համար սակագինը նվազում է, բայց իրականում սակագնային ճնշումն ավելանում է՝ ապրանքների ու ծառայությունների գների բարձրացման տեսքով։
Այս տակտիական հանրության համար նորություն չէ, քանի որ սա այս իշխանությունների որդեգրած այն քաղաքականությունն է, որով փորձում են քողարկել բնակչության վրա հանրային ծառայությունների սակագների բարձրացման ազդեցությունը։ Հենց այդպես վարվեցին նաև 2019թ-ին, երբ հանրային դժգոհություններից խուսափելու համար ցույց են տալիս, թե բնակչության համար սակագինը չեն բարձրացնում, բայց իրականում տուժողը կրկին եղավ հասարակությունը։ Ակնհայտ է, որ գործ ունենք կառավարության հերթական խորամանկության հետ, որից տուժելու է սպառողը՝ շարքային քաղաքացին։ Քաղաքացու համար չկա տարբերություն, թե սահմանին գազի գինը բարձրանո՞ւմ է, թե՞ չի բարձրանում, եթե դա, միևնույն է, հանգեցնելու է ներքին սակագնի ավելացման։
Երկրորդ կարծիք չի կարող լինել, որ այս ամենից տուժելու է նաև տնտեսությունը։ Նվազելու է մի կողմից՝ տնտեսության շահութաբերությունը, մյուս կողմից՝ մրցունակությունը։ Մեր տնտեսությունն առանց դրա էլ մրցակցային լուրջ խնդիրներ ունի։ Արտադրության ինքնարժեքի բարձրացման հետևանքով սպասվող գների աճը հանգեցնելու է մրցունակության կորստի, ինչն ազդելու է նաև արտադրության ծավալների ու տնտեսության զարգացումների վրա։ Հատկապես որ, հանրային ծառայությունների սակագների բարձրացումը չի սահմանափակվում միայն գազով։
Ըստ էության՝ անցած և այս տարվա համատարած թանկացումներից հետո գազի սակագնի բարձրացումը ևս մեկ լրացուցիչ ճնշում կլինի սոցիալական իրավիճակի վրա։ Այս ամենի հետ մեկտեղ՝ ինչքան էլ փորձ արվի սա այլ կերպ ներկայացնել և շուռ տալ իրականությունը, միևնույն է, սպառողներն ապրիլի 1-ից ավելի շատ գումար են վճարելու նույն քանակությամբ գազի սպառման դիմաց։ Անվիճելի փաստ է, որ Նիկոլի իշխանությունը երկիրը հասցրել է այն վիճակին, որ հասարակության մի զգալի հատված ստիպված է հազիվ գոյություն քարշ տալ։ Համատարած թանկացումներն ու բարձր գնաճը հանգեցրել են երկրում աղքատության խորացման և մարդկանց սոցիալական պայմանների վատացման։
Արթուր Թովմասյան