կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-16 19:06
Քաղաքական

Արեւմուտքի պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել համաշխարհային ողջ տնտեսությանը. Պուտին

Արեւմուտքի պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել համաշխարհային ողջ տնտեսությանը. Պուտին

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ամերիկացիներին ու եվրոպացիներին են հարվածում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Որպես զենք նրանք (արեւմտյան երկրները) ընտրել են Ռուսաստանի դեմ տնտեսական, ֆինանսական, առեւտրային եւ այլ պատժամիջոցներ, որոնք այժմ, ի դեպ, հարվածում են եվրոպացիներին եւ ամերիկացիներին՝ բենզինի, էներգակիրների, պարենային ապրանքների, թանկացման միջոցով, ռուսական շուկայի հետ կապված աշխատատեղերի կորստի, գների բարձրացման միջոցով... Այստեղ, ինչպես ասում են, պետք չէ ամեն ինչ մեզ վրա գցել՝ ամեն ինչում մեղադրելով մեր երկրին»,- ասել է Պուտինը։

Նրա խոսքով՝ պատժամիջոցները դաս են դարձել ռուսական բիզնեսի համար։ «Օտարերկրյա ակտիվների, ռուսական ընկերությունների եւ ֆիզիկական անձանց հաշիվների կալանքը դաս է ազգային բիզնեսի համար, որ չկա ավելի հուսալի բան, քան սեփական երկրում ներդրումներ կատարելը»: Միաժամանակ նա վստահեցրել է, որ Ռուսաստանը, ի տարբերություն Արեւմուտքի, կհարգի օտարերկրյա ընկերությունների սեփականության իրավունքը։

Պուտինը նշել է, որ արեւմտյան պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել համաշխարհային ամբողջ տնտեսությանը, աշխարհում սննդի հետ կապված խնդիրներ կառաջանան։ Նրա խոսքով, Արեւմուտքում Ռուսաստանի Դաշնության հաշիվները արգելափակելուց հետո շատ երկրներ իրենց պահուստները կվերածեն ապրանքների, ինչը կմեծացնի դեֆիցիտը։

Արեւմուտքի նպատակը միլիոնավոր մարդկանց կյանքը վատացնելն է, ագրեսիան տոտալ եւ անթաքույց բնույթ է կրում, ասել է ՌԴ նախագահը։ «Փաստացի նման քայլերն ուղղված են միլիոնավոր մարդկանց կյանքը վատթարացնելուն, դրանք ունեն ագրեսիայի, տնտեսական, քաղաքական, տեղեկատվական միջոցներով պատերազմի բոլոր նշանները, այն տոտալ եւ անթաքույց բնույթ է կրում»,- Ռուսաստանի Դաշնության մարզերին աջակցության միջոցառումներին նվիրված խորհրդակցության ժամանակ ասել է Պուտինը։