Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
14-ամյա հայ թենիսիստ Միքայել Ավանեսյանը Թուրքիայի Անթալիա քաղաքում մասնակցել է Թենիս Եվրոպայի զարգացման առաջնությանն ու հաղթող դարձել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։
14-ամյա Միքայել Ավանեսյանը Թուրքիայում դարձել է Թենիս Եվրոպայի զարգացման առաջնության հաղթող:
Կիսաեզրափակիչում հայ թենիսիստը առավելության է հասել Թուրքիայի ներկայացուցչի նկատմամբ, իսկ եզրափակիչում 4-6, 6-2 և 6-1 հաշվով հաղթել է չեռնոգորցի մարզիկին: Մրցաշարին եվրոպական 11 երկրի ներկայացուցիչ է մասնակցել:
Հայաստանի թենիսի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Գևորգ Կարամանուկյանի խոսքով՝ Ավանեսյանի այս նվաճումը բացառիկ է հայկական թենիսի պատմության մեջ։
«Միքայելն անցած տարվա դեկտեմբերին էլ էր մասնակցել այս մրցաշարին և զբաղեցրել երկրորդ հորիզոնականը, ինչը ևս աննախադեպ արդյունք էր: Այս տարի Միքայելն ինքն իրեն գերազանցեց: Նա Եվրոպայի վարկանիշային աղյուսակում 7-րդն է իր տարիքային խմբում, սա հիանալի ցուցանիշ է: Շատ ուրախ ենք, որ կարողացավ նաև մրցաշարի հաղթող դառնալ: Այս մի քանի տարվա ընթացքում Միքայելը շատ երկար ու բարդ ճանապարհ է անցել»,– նշել է Կարամանուկյանը:
Միքայել Ավանեսյանը Երևանից է, մարզվում է մայրաքաղաքում։ Ֆեդերացիայի ազգային վարկանիշային աղյուսակում նա լավագույնն է 14 տարեկանների շրջանում: Կարամանուկյանը շեշտել է, որ Միքայելը գնում է դեպի պրոֆեսիոնալ թենիս, բայց, իհարկե, պատանեկան թենիսը տարբերվում է պրոֆեսիոնալից, սակայն հույսերը մեծ են։
Զուգախաղերում էլ Հայաստանի ներկայացուցիչներ Միքայել Ավանեսյանն ու Դավիթ Պողոսյանը գրավել են երրորդ տեղը: Ըստ Գևորգ Կարամանուկյանի՝ դա էլ է մեծ հաջողություն։
Այս տարվա մրցաշարին հայկական թիմը մեկնել է պետական ֆինանսավորմամբ:
Բացի Հայաստանի՝ մինչև 14 տարեկանների հավաքականից, Թուրքիայում են գտնվում նաև մեր երկրի՝ մինչև 12 տարեկան տղաների և աղջիկների թիմերը, որոնք մասնակցում են Թենիս Եվրոպայի կազմակերպած ուսումնամարզական հավաքին:
Անթալիայում ընթացող մրցաշարը կավարտվի մարտի 7-ին: Այսօր կմեկնարկի մրցաշարի երկրորդ փուլը, որին ևս կմասնակցեն հայ թենիսիստները: Հայաստանի՝ մինչև 14 տարեկանների հավաքականի կազմում, բացի Միքայել Ավանեսյանից և Դավիթ Պողոսյանից, մրցավայր են մեկնել նաև Լիլիթ Անտոնյանը և Սոֆի Գիդաչյանը: Մարզիչը Վահե Ավետիսյանն է:
Հայաստանի՝ մինչև 12 տարեկանների հավաքականը ևս 4 մարզիկով է մասնակցում ուսումնամարզական հավաքին՝ 2 տղա և 2 աղջիկ: