կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-02 10:11
Քաղաքական

Խորհրդարանն այսօր քննարկում է ՀՀ նախագահի ընտրության հարցը

Ազգային ժողովն իր հերթական քառօրյա նիստերն է գումարել: Օրակարգում ընդգրկված է 29 հարց:

ԱԺ այս քառօրյայի օրակարգում է, մասնավորապես, ՀՀ նախագահի ընտրության հարցը: Միակ թեկնածում ՔՊ-ի առաջադրած Վահագն Խաչատրյանն է, որն այս պահին ԲՏԱ նախարարն է:

Ընդդիմադիր երկու խմբակցությունները հայտարարել են, որ չեն մասնակցելու նախագահի ընտրությանը և թեկնածու չեն առաջադրելու: ՀՀ նախագահին առաջին փուլում ընտրելու համար անհրաժեշտ է պատգամավորների ձայների 2/3-ը, սակայն ՔՊ-ն չունի այդքան ձայն, հետեւաբար, առավել հավանական է, որ ՀՀ նախագահը կընտրվի երկրորդ փուլով, երբ պետք  կլինի պատգամավորների 3/5-ը:

Օրակարգում է նաև ԿԲ անդամի ընտրության հարցը, թեկնածուն  ՔՊ-ի առաջադրած Լեւոն Սահակյանն է, որը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խորհրդականն է:

Զինծառայողների վերաբերյալ միանգամից երկու հարց է օրակարգում՝ մեկը՝ ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանի, մյուսը՝ ՔՊ ական Հայկ Սարգսյանի հեղինակած։ Վերջինս առաջարկում է ամրագրել, որ զոհված զինծառայողների եղբայրները չծառայեն բանակում, իսկ ընդդիմադիր պատգամավորն էլ առաջարկում է հեշտացնել պայմանագրային զինծառայողներին որպես փոխհատուցում տրվող՝ վարձով ապրելու գումարի տրամադրման կարգը։ Երկու նախագծերն էլ հանձնաժողովում դրական եզրակացություն են ստացել։