կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-14 16:15
Քաղաքական

«Ինչպե՞ս վստահ լինենք` ընտրվելուց հետո ցուցաբերելու եք քաղաքական հասունություն». ԱԺ-ն քննարկում է փոխնախագահների ընտրության հարցը

«Ինչպե՞ս վստահ լինենք` ընտրվելուց հետո ցուցաբերելու եք քաղաքական հասունություն». ԱԺ-ն քննարկում է փոխնախագահների ընտրության հարցը

Խորհրդարանը քննարկում է ԱԺ փոխնախագահների ընտրության հարցը: Նիստը վարում է Արարատ Միրզոյանը:

ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առաջադրեց  Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը:

Նրան հարց ուղղեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Գևորգ Գորգիսյանը: Նա Էնֆիաջյանին հիշեցրեց, որ վերջերս ԲՀԿ-ականները, այդ թվում` Էնֆիաջյանը, քաղաքական պայքարը տեղափոխել էին միջանձնային դատ:  «Ինչպես վստահ լինենք, որ ԱԺ փոխնախագահ ընտրվելուց հետո` ապագայում, դրսևորելու եք քաղաքական հասունություն ու չեք մտնելու անձնական վիրավորանքի դաշտ»,- հարցրեց Գորգիսյանը:

Հիշեցնենք, որ նախընտրական փուլում փոխադարձ, նույնիսկ անձնական վիրավորանքների շարք էր սկսվել ԱԺ անցած երկու ընդդիմադիր կուսակցությունների անդամների միջև:

Էնֆիաջյանը նշեց, որ անձնական վիրավորանքներն իրենց քաղաքական թիմի գործելաոճը չեն: «Ինչպիսի գործելաոճ կա մեր քաղաքական թիմի դեմ, նմանատիպ պատասխան, դեռ մի բան էլ ավելի կոշտ պատասխան է լինելու»,- ասաց նա:

Գորգիսյանն արձագանքեց. «Ձեր խոսքից այնպես հասկացվեց, որ հետագայում էլ շարունակելու եք օգտագործել ֆեյքերի բանակը, տարածելու եք անհանդուրժողականություն»:

Էնֆիաջյանն էլ հակադարձեց, թե Գորգիսյանը սխալ է հասկացել:  «Գործել ու գործելու ենք  բացարձակապես համարժեք: Անձնական վիրավորանքները մեր ոճը չեն, բայց երբ լինում են այդպիսի դեպքեր, մենք պատասխանում ենք համարժեք, իսկ, առհասարակ, անձնական վիրավորանքները մեր թիմի աշխատաոճը չեն»,- կրկնեց նա:

Իսկ ԱԺ երկու իշխանական փոխնախագահների թեկնածուներին` Ալեն Սիմոնյան և Լենա Նազարյան, ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Այս պահին ԱԺ նիստն ընդմիջվել է: Ընդմիջումից անմիջապես հետ ԱԺ ընդդիմադիր մյուս խմբակցության` «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը կներկայացնի իրենց թիմի ընդդիմադիր թեկնածուին` Մանե Թանդիլյանին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ընդդիմադիր փոխնախագահը պետք է ընտրվի առավել մանդատներ ստացած ընդդիմադիր ուժից: