կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-17 10:25
Քաղաքական

Իհարկե, չեն կարող ձերբակալել Արայիկ Հարությունյանին, միակ տարբերակն այն կլինի, որ նա սահմանը հատի և հայտնվի Ադրբեջանում․ քաղաքագետ

Իհարկե, չեն կարող ձերբակալել Արայիկ Հարությունյանին, միակ տարբերակն այն կլինի, որ նա սահմանը հատի և հայտնվի Ադրբեջանում․ քաղաքագետ

Ադրբեջանի դատախազության կողմից արված այն հայտարարությանը, որ իրենք հետախուզում են հայտարարել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նկատմամբ և վերջինս շատ շուտով կձերբակալվի, մնաց անպատասխան ՀՀ իշխանության կողմից։ 

PressTime.am-ը զրուցել է քաղաքագետ Արթուր Ղազարյանի հետ՝ պարզելու, թե այս հայտարարությունը որքան վտանգ ու ռիսկեր է պարունակում, և ինչպես է գնահատում ՀՀ-ի կողմից՝ Ադրբեջանին համարժեք պատասխան չտալը։ 

«Պարզ է, որ Ալիևի տեսանկյունից Արցախն իրենն է և Արցախի քաղաքացիներն էլ իր քաղաքացիներն են։ Իսկ Արայիկ Հարությունյանը ոչ միայն իրավունք չունի նախագահել այնտեղ, այլ նաև իրավունք չունի հակաադրբեջանական բաներ խոսելու։ 

Ընդհակառակը, Արայիկ Հարությունյանը պետք է ադրբեջանամետ դիրքորոշումներ ունենա։ Այսինքն՝ աբսուրդի ժանրից է իրենց կարծիքը։ Բայց սա իր մեջ մեսիջներ է պարունակում, սա անուղղակի նաև Հայաստանի իշխանություններին է ուղղված, որին պետք է ադեկվադ, ուժգին պատասխան տրվի հայկական իշխանությունների կողմից կամ Հայաստանի դատախազության կողմից, որը ցավոք տեղի չի ունենում»,-ասաց քաղաքագետը։ 

Ղազարյանն ասում է, որ սա մտածելու, մտահոգվելու տեղիք է տալիս, թե ինչու Ադրբեջանից եկող այդ հայտարարություններին արձագանք չի լինում․ «Օրինակ ինչու չի լինում, որ Ադրբեջանի նախագահը, Ադրբեջանի Պաշտպանության նախարարը, Ադրբեջանի արտգործնախարարը հետախուզվեն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով՝ որպես մարդկության դեմ ծանր հանցագործություն գործած անձիք։

 

Սա այն առնվազնն է, որ կարող է հայկական կողմից որպես պատասխան լինել նրանց հայտարարությանը, որը ցավոք սրտի տեղի չի ունենում։ Բայց այդուհանդերձ, սա նաև դրդում է, որ Արցախի իշխանություններն էլ ավելի կոշտ արձագանքեն, էլ ավելի շատ բարձրաձայնեն Ադրբեջանի հակահայկական, հակաարցախյան քաղաքական գծերին և դրանով փորձեն միջազգային կազմակերպություններին, միջազգային հանրությանը, գերտերությունների ուշադրությանը սևեռել այդ խնդրի վրա։ Քանի որ մենք գիտենք, որ Արայիկ Հարությունյանը բնավ էլ ոչ միայն հանցագործ չէ, այլև նա միջազգայնորեն չճանաչված, բայց բոլոր ատրիբուդներով դե ֆակտո հանրապետության նախագահ է։ Եվ նման մեղադրանք հնչեցնելը ոչ մի դեպքում չի բխում միջազգային իրավունքի տեսանկյունից, շահերից, սկզբունքներից»,-նշեց Ղազարյանը։

Հարցին, թե այս հայտարարության մեջ որևէ վտանգ կա արդյո՞ք, Ադրբեջանին կհաջողվի՞ ձերբակալել Արայիկ Հարությունյանին, քաղաքագետը պատասխանեց․ «Իհարկե չեն կարող, միակ տարբերակն այն կլինի, որ Արայիկ Հարությունյանը սահմանը հատի և հայտնվի Ադրբեջանում։ Իսկ որևէ այլ երկրում, միգուցե և ինչ-որ տեղ նույնականացնենք Ադրբեջան ասվածը Թուրքիայի հետ։ Եթե նա նույնիսկ Թուրքիայում էլ հայտնվի, հնարավոր է այդ վտանգը։ Թե չէ դա իրագործելի չէ»,-եզրափակեց քաղաքագետ Արթուր Ղազարյանը։

 

Սեդա Մակարյան

PressTime.am