Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բաքվի հմայիչ, հիանալի կերպարը, որ եվրոպական մեծ քաղաքներին հավասար այսօր կա, չափազանցություն չի լինի ասել, որ ստեղծել են հայ ճարտարապետները՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Ա. Թամանյանի անվ. ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրենի խորհրդական, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող Անուշ Տեր-Մինասյանը։
Անգամ Բաքվի գլխավոր ճարտարապետն է հայ եղել՝ 1911-ից 1918 թվականները․ Նիկողայոս Բաևը, որը ճարտարապետության մեջ մի հսկա է՝ դեռ լիովին չգնահատված՝ նշեց Անուշ Տեր-Մինասյանը։
Բաևը շատ մեծ գործեր է արել ոչ միայն ճարտարապետության մեջ, այլ նաև հայտնագործություններ է արել շինարարական տեխնոլոգիաների ասպարեզում։ Նա, օրինակ, հեղինակն է Մայիլովների թատրոնի, որի կմախքը ստեղծել է շատ թեթև քարե բլոկներից, դրանց միջին մասերը լցրել է բետոնով, միջհարկային միջնորմները եղել են բետոնյա, իսկ վերին հատվածը եղել է մետաղական․ այս ամենը շատ թեթևացրել է շենքը և այդ հսկա շենքի պատի հաստությունը եղել է ընդամենը 40 սմ։
Բաքվի ազգային օպերայի և ֆիլհարմոնիայի շենքը ևս հայ ճարտարապետ է կառուցել՝ Գաբրիել Տեր-Միքելյանը կամ Տեր-Միքելովը։ Այն կառուցել է իբրև Հասարակական ակումբ, որը հետո է դարձել ազգային ֆիլհարմոնիայի շենքը ու մինչև հիմա էլ գործում է իբրև այդպիսին։ Անուշ Տեր-Մինասյանն ասաց՝ հայտնի այդ շենքը հետաքրքիր է նրանով, որ այնտեղ կիրառված է հայկական ճարտարապետության գլխավոր կոմպոզիցիոն սկզբունքներից մեկը՝ կապը բնական լանդշաֆտի հետ, այսինքն, բարձունքի վրա տեղադրված այդ շենքը շատ հետաքրքիր քաղաքաստեղծ նշանակություն ունի, որովհետև շուրջը կազմակերպում է հետաքրքիր միջավայր, իսկ երկու կողմից բարձրացող աշտարակները քաղաքի սիլուետի համար են շատ կարևոր։
Տեր-Միքելովը շատ հայտնի ճարտարապետ էր, որը կառուցել է և՛ հասարակական շենքեր, և՛ բնակելի շենքեր։ Բաքվում հայ միլիոնատերեր շատ են եղել և նրանց պատվերով ևս Տեր-Միքելովը շենքեր է կառուցել, որոնցից հայտնի է, օրինակ, Յուզբաշյան միլիոնատիրոջ մենատունը։
Տեր-Միքելյանի հայտնի շենքերից է մոդեռն ոճով կառուցած՝ Թիֆլիսի առևտրային բանկի Բաքվի մասնաճյուղը, որը հետո ծառայել է որպես Մանկական աշխարհ հանրախանութ։
Բաքուն կառուցած մեկ այլ հայ ճարտարապետ է Վարդան Սարգիսյանը՝ Սարգիսովը, մի շատ հայտնի ճարտարապետ, որը մեծ պահանջարկ է ունեցել դեռ մինչև Անդրկովկասի սովետականացումը, որից հետո ևս նա աշխատել է։
Անուշ Տեր-Մինասյանն ասաց՝ հետաքրքիրն այն է, որ Սարգիսովը կառուցել է շատ տարբեր ոճերի շինություններ՝ թե՛ մոդեռն, թե՛ նեոդասական ոճում, տաբեր ոճերում, և դա եղել է ոչ թե պատվիրրատուի քմահաճույքը, ոչ մի դեպքում, այլ ոճն ինքն է ընտրել՝ ելնելով շենքի ֆունկցիայից և տեղադրման կոնկրետ վայրից։
Վարդան Սարգիսովը շատ հետաքրքիր հնարանքներ է արել․ ասենք, բնակելի շենք պիտի կառուցի, ու միջավայրն այնպիսին է, որ ցածր հարկայնության շենքեր են, իսկ իր կառուցելիքի ֆունկցիան այնպիսին է, որ պետք է շենքը լինի խոշոր, ճարտարապետը գտել է այնպիսի լուծումներ, որոնց շնորհիվ շենքն այդ միջավայրում դիտվել է ոչ մեծ․ ասենք, առաջին 4 հարկերը դիտվել են որպես պատվանդան, որովհետև այնտեղ խոշոր, լուսավորված շարվածք է արել, հետո շարունակել է հարթ շարվածքով, հորիզոնական շերտադրումներ պատշգամբների տեսքով և այլն։ Եվ հակառակը՝ երբ պետք էր շենքը մասշտաբային տեսք ունենա, այդ միջավայրին է հարմարեցրել։
Բաքուն կառուցած հայ ճարտարապետներից հետաքրքիր է Հովհաննես Քաջազնունին, որը հետագայում դարձավ Հայաստանի Առաջին Հանրապետության վարչապետը։ Քաջազնունին այնտեղ կառուցել է հայկական եկեղեցի՝ Սուրբ Թադևոս և Բարդուղիմեոս եկեղեցին։
Բաքվում եղել են բազմաթիվ հայկական եկեղեցիներ, ամենահինը եղել է Բաքվի միջնաբերդում՝ Աստվածածին եկեղեցին, որը քանդվել է, հետո կառուցվել է Սուրբ Գևորգ եկեղեցին, որը քանդվել է, հետո մեծ հայկական եկեղեցի կառուցելու մրցույթ է հայտարարվել, որը հաղթել են Տեր-Միքելովը և մեկ այլ հայ ճարտարապետ, սակայն դա չի կառուցվել, և սկսել է կառուցվել Քաջազնունու նախագիծը, որն էլ, ցավոք, հիմա չկա։
Բաքվի հայ ճարտարապետները նոր սխեմաներ են մշակել և կիրառել՝ հայկական ժողովրդական տան այնպիսի հորինվածքներով, ինչպիսիք են ներքին բակը, բաց պատշգամբները, ոճավորված ստեղծել են արևելյան և եվրոպական ոճերի խառնուրդ՝ այսպիսով ստեղծելով յուրահատուկ ոճ, որը հետո ադրբեջանական ազգային ճարտարապետություն է համարվել։
Հայերը Բաքվում ապրել են վաղնջական ժամանակներից, բայց ավելի ուշ, երբ նավթը սկսել են արդյունահանել ու Բաքուն դարձել է արդյունաբերական քաղաք, շինարարությունը կտրուկ խթանվել է, ու սկսել են այնտեղ գալ Ռուսաստանում կրթություն ստացած, մեծ փորձ ձեռք բերած, նոր ոճերի տիրապետող հայեր։ Բաքու էին գալիս հայեր Արցախից, Սյունիքից, Գանձակից, Ագուլիսից՝ Նախիջևանից, նաև Վրաստանից և Պարսկաստանից։
Այդտեղ շատ մեծ ասպարեզ էր բացվել իրենց գիտելիքները, նոր գաղափարները կիրառելու։ Նրանց թվում էին շատ մեծ ճարտարապետներ՝ այն ժամանակ երիտասարդ մասնագետներ, որոնք էլ կերտեցին Բաքվի այն պատմական կերպարը, որն այսօր գոյություն ունի։
Ճարտարապետ Էդմոնդ Տիգրանյանի գիրքը, որը պատմում է Բաքուն ու Անդրկովկասի մյուս բնակավայրերը կառուցած հայ ճարտարապետների մասին, հրատարակվել է չնչին տպաքանակով ու այժմ լրիվ սպառված է։ Այնինչ սա անգնահատելի ինֆորմացիա է, որը պետք է հրատարակել ու տարածել ոչ միայն հայերեն, այլև մի քանի լեզվով։ Սա ազգային անվտանգության հարց է․ եթե ուզում ենք ունենալ երկիր ու ժառանգություն, նախ պետք է տեր կանգնենք մինչև այսօր մեր ստեղծածին և ոչ միայն Հայաստանում։
Աննա Բալյան
Ամբողջական հացազրույցը՝ տեսանյութով․