կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-13 14:40
Աշխարհ

Լևոն Արոնյանը հաղթեց Գրան Պրիի կիսաեզրափակչի առաջին պարտիայում

Լևոն Արոնյանը հաղթեց Գրան Պրիի կիսաեզրափակչի առաջին պարտիայում

ԱՄՆ-ը ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» շարքի կիսաեզրափակչի առաջին պարտիայում հաղթել է Լեյնյեր Դոմինգեսին։

Արոնյան-Դոմինգես պարտիան ավարտվել է 41-րդ քայլին, հայ շախմատիստի հաղթանակով, որը խաղում էր սպիտակներով։ Այսպիսով Արոնյանը կարևոր քայլ կատարեց շարքի առաջին մրցաշարի եզրափակիչ. եզրափակիչ դուրս գալու համար նրան բավական է ոչ-ոքի խաղալ երկրորդ պարտիան, որը կանցկացվի այսօր երեկոյան։

«Դուք երբեք չեք կարող երաշխավորել, որ որոշակի դիրքեր կստանաք խաղատախտակում: Ես այնպիսի զգացողություն ունեի, որ ծանր թայբրեյքից հետո դա իմ լավագույն հնարավորությունն էր զարմացնել Լենյերին»,- այսպիսին էին Արոնյանի տպավորությունները խաղից հետո։

Այսօր տեղի կունենան պատասխան պարտիաները։ Եզրափակիչ դուրս գալու համար Արոնյանին բավական է ոչ-ոքի ավարտել երկրորդ պարտիան։

Բեռլինում ընթացող մրցաշարի 16 մասնակիցներ բաժանվել են չորս խմբի։ Արոնյանը հայտնվել է C խմբում, որտեղ նրա մրցակիցներն էին գերմանացի Վինսենթ Կեյմերը, հնդիկ Սանտոշ Վիդիտը և ռուս Դանիիլ Դուբովը։ Խմբային փուլում շախմատիստներն անցկացրել են վեց տուր։

Հիշեցնենք, որ սա Գրան պրիի երեք մրցաշարերից առաջինն է։ Ընդհանուր առմամբ Գրան պրիում հանդես կգա 24 շախմատիստ՝ յուրաքանչյուր փուլում 16 մասնակից։