կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-11 23:30
Հասարակություն

Մարդիկ սկսելու են կասկածել, որ Բրեժնեւը վերադարձել է․ Աղասի Ենոքյան

Մարդիկ սկսելու են կասկածել, որ Բրեժնեւը վերադարձել է․ Աղասի Ենոքյան

Հայաստանի քաղաքական դաշտում նման իդեալական իդիլիա չի եղել Բրեժնեւի ժամանակներից ի վեր։ Միայն մամուլն է ծուլորեն ինչ-որ ասֆալտի տենդերների կոռուպցիոն բացահայտումներ անում, բայց դա, կարծեմ վաղուց էր։ Քաղաքական գործիչներն էլ ամոթանք են տալիս ծերունի արվեստագետներին: Մեկ էլ ինչ-որ ակտիվիստներ են բողոքում քֆուրի օրենքի ու ինչ-որ դատավորի ձերբակալման դեմ։ Նաեւ՝ խորհրդարանական ընդդիմությունն է բոյկոտում ինչ-որ հանձնաժողովի ստեղծումը։ Մի խոսքով, ամեն ինչ նորմալ ժողովրդավարական գործընթացների շրջանակներում է։ Հա, նաեւ ԱԺ-ում մեկ-մեկ իրար ծեծում են, բայց դա էդմոնանց վախտ էլ էր եղել։ Մի ժամանակ արտասանում էին «կապիտուլյանտ», հիմա դա էլ դարձավ de mode։

Կարծես թե այս երկրում չէր, որ կեղծվել էին ընտրությունները՝ ընդդիմությունը հաճույքով է ընդունում նրանց արդյունքները։ Իշխանությունն էլ, եթե տեսնում է, որ տեղական ընտրությունների արդյունքն իրեն հաճո չէ, էլի չի բողոքարկում, պարզապես ձերբակալում է անհաճո գյուղապետ-քաղաքապետին, լավագույն դեպքում ոստիկանները փակում են գյուղապետարանները ու չեն թողնում, որ ազգընտիրները ժողով անեն։

Կարծես այս իշխանությունը չէր, որ մեկ տարի առաջ Հայրենիքի կեսը հանձնեց թշնամուն ու հինգ հազար ջահել մատաղ արեց։ Ու հիմա էլ այդ դավաճանության արդյունքներն է ուզում ամրագրել իր դելիմիտացիա-դեմարկացիայով։ Ընդդիմությունը ըստ էության դեմ չէ, բայց միայն ինչ-որ նկատառումներ ունի դելիմիտացիայի դեմ։

Կարծես այս երկիրը չի, որ այժմ կզած իր դարավոր թշնամու դեմ, հիմա էլ ուզում է օգտվել նրա ժամանակավոր «բարի ազդակներից» ու նրան հանձնել այն փոքրը, որը պահպանվել է սերունդների տիտանական ջանքերի շնորհիվ։

Կարծես թե այս երկրում չէ, որ իշխանություններից անհաճո խոսք ասելու համար մարդկանց ձերբակալում են, իսկ հիմա էլ բանտերում են բազմաթիվ պատգամավորներ, գյուղապետեր ու դատավորներ։

Չի բողոքում ոչ խորհրդարանական ընդդիմությունը, ոչ էլ անգամ՝ արտախորհրդարանականը։ Չկան միտինգներ, չկան անգամ քաղաքական հայտարարություններ։ Եթե չլինեն մի քանի քաղաքացիական ակտիվիստները ու ստատուսչիները, մարդիկ սկսելու են կասկածել, որ Բրեժնեւը վերադարձել է։

Դե հիմա, ենթադրենք մի մարսեցի Մարս մոլորակից կամ մի եվրոպացի Եվրոպա աշխարհամասից նայի այս երկրին, որտեղի՞ց է իմանալու կեղծված ընտրությունների, կորուսյալ տարածքների, անմեղ զոհերի, քաղբանտարկյալների ու հանցագործությունների մասին։ Բա անծանոթը չի՞ ասի, որ այս երկրի բրենդը ժողովրդավարությունն է։

Մի խոսքով՝ ամեն ինչ լավ է, գեղեցկուհի մարքիզուհի։

Աղասի Ենոքյան

Քաղաքագետ