կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-30 20:14
Հասարակություն

Եռաբլուրում ու՞մ վրա եք ծիծաղում, դրախտի տապալված խնձորենու՞, սատանայական այս ի՞նչ ուրախություն է, որ դաջված է ձեր դեմքին. ՔՊ֊ականներին ուղղված հարցեր

Եռաբլուրում ու՞մ վրա եք ծիծաղում, դրախտի տապալված խնձորենու՞, սատանայական այս ի՞նչ ուրախություն է, որ դաջված է ձեր դեմքին. ՔՊ֊ականներին ուղղված հարցեր
Գյուղում, հենց տան շեմին, որտեղ մեր աժդահա Բողարն էր կապած, մի խնձորենի ունեինք։ Երևի դրախտի խնձորենին էր։ Այնքա՜ն բերք էր վերցնում, որ ճյուղերը ծանրությունից ,,ճկռում, չոքում էին,,։ Ճյուղերը կպնում էին շան ականջներին, իսկ խնձորները կանաչ օղերի նման կախվում էին շան ականջներից։ Մի սքանչելիք էր, ամեն անգամ Բողարին տեսնելուց մտքումս ասում էի՝ բարև մադամ Բողար։
 
Իսկ այդ տարի ուրիշ էր։ Ծառը բերքի ծանրությունից մեջքակտոր էր եղել, պապս ներքևից փայտեր էր դեմ տալիս, որ չկոտրվեին։ Ինչքան ուզում էի հաշվել ծառի մի ճյուղի խնձորները, չէի կարողանում։ Մեր դրկիցն ասում էր՝ էդ մի ծառը մի ,, պադվալ կլցնի,,։ Տատս էլ աչքահանիք էր կպցրել, որ աչք չկպնի։ Աբորտ էր խնձորի անունը։ Ամեն մեկը մի փոքր երեխու գլխի չափ։
 
Բողարի կողքով անցնելուց մի խնձոր պոկեցի ու երբ կծեցի՝ ջուրը թռավ երեսիս։ Կերա, պրծա ու տուն բարձրացա։ Տատս գնաց շանը կերակրելու ու ինքն էլ եկավ տուն․
 
-Այ բողազդ կտրվի,- ասաց ինձ,- էդ խնձորները խի՞ չես թողնում, որ հասնեն հետո լափես։ Պատի վրայի երրորդ ճյուղի խնձորը խեյե՞ս պուկալ, այ անաստված։
 
Մեղավորի նման գլուխս կախ էի գցել ու մտածում, թե էդ ո՞նց իմացավ որ խնձորն եմ պոկել։ Ոնց որ միտքս կարդաց․
 
- Էդ խնձորի թուշը նոր էր կարմրել, երեք խնձորի մեջտեղինն էր։
 
Քիչ էր մնում գժվեի։ Ախր տան դիմաց երկու այգի ունեինք` տասնյակ խնձորի ծառերով, ո՞նց էր հիշում էդ մեկը, որի թուշը, իրոք, նոր-նոր էր կարմրել։ Հազարավոր խնձորների միջից ո՞նց էր հիշում այդ մեկին։
 
Նիկոլ, դու այդ ո՞նց չիմացար․ թե քանիսն էին հայոց ծառի խնձորները, որ անժամանակ, թշները դեռ չկարմրած գետնին թափվեցին՝ հինգ, վեց, յոթ, թե տասը հազա՞րը։ Մարդիկ իրենց մի խնձորի տեղն էլ գիտեն, դու մեր բերքը կարկտին տվիր ու մինչեվ հիմա չես իմանում՝ թե ինչքան էր։ Եթե ավելացնենք, որ այդ բերքը 18-20 տարեկան բողբոջուն կյանքեր էին, դուք ձեր թիմով պիտի գժվեք, գլխներդ պատերովը տաք, ողբաք․․․ Դուք ձեր իշխանիկ, իշխանուհիներով, հայոց բերքատու ծառի տապալված վայրում՝ Եռաբլուրում ու՞մ վրա եք ծիծաղում։ Դրախտի տապալված խնձորենու՞․․․Սատանայական այս ի՞նչ ուրախություն է, որ դաջված է ձեր դեմքին։ Ո° նց չի գետինը ճղվում ու ձեզ իր մեջ առնում։ Երեվի հողն էլ է խռով ձեզնից ու ձեզ իր մեջ չի առնի։
 
Հասմիկ Բաբաջանյան