կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-26 17:53
Հասարակություն

Հետաքրքիր բացահայտումներ են լինում ֆեյքերի գործով. մի քանի օրվա ընթացքում այնքան բան իմացա. Ն. Հոխիկյան

Հետաքրքիր բացահայտումներ են լինում ֆեյքերի գործով. մի քանի օրվա ընթացքում այնքան բան իմացա. Ն. Հոխիկյան
Հետաքրքիր բացահայտումներ են լինում Ֆեյքերի գործով։ Երեկ ինձ զանգեց Նոյեմբերյանի այն բնակիչը, ում դեմ ես հաղորդում եմ ներկայացրել հանցագործության մասին՝ ատելության խոսք ու հայհոյանք տարածելու համար։ Այդ տղայի խոսքով, իր կամքից անկախ, երկու տարի առաջ, իր անունով գնել են տվյալ կայքերը և սկսել օգտագործել առանց իր գիտության։ Պնդում է, որ այդ ֆեյք էջերի և կայքերի իրական տերերից մեկը սպասարկում է քաղաքական կեղտոտ մանիպուլյացիաների տարածման գործընթացները։
 
Իմ նախորդ հրապարակումից (https://www.facebook.com/nhokhikyan/posts/10158718733858831) հանել եմ Նոյեմբերյանի բնակչի անունը՝ պահպանելով անմեղության կանխավարկածը։ Ոստիկանությունում արդեն կան և այդ տղայի, և նրա մատնանշած անձանց տվյալները։ Սպասենք նախաքննության ավարտին, որից հետո անկասկած պիտի հարուցվի քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 137,1 հոդվածով, ինչը իր հետ բերում է մինչև 3 ամիս կալանք կամ խոշոր տուգանք։
 
Հիշեցնեմ, որ մոտ մեկ տարի է, մի շարք անանուն կայքեր և Ֆեյսբուքի կեղծ էջեր իմ դեմ հակաքարոզչություն են անում, տարածում կեղծ տեղեկություններ ամենազզվելի ստերով ու հայհոյանքով։ Փորձում են հանրությանը համոզել, որ ես իբրև թե այս կամ այն քաղաքական ուժի պրոյեկտ եմ, իբր թուրքերի հետ եմ համագործակցում, իբր հայ զինվորների մասին տեղեկություններ եմ տվել թշնամուն և այլն։ Սրանք բոլորը տարածվում են իմ նկատմամբ հանրային ատելություն սերմանելու նպատակով՝ հույս ունենալով, որ ես ուշադրություն չեմ դարձնի կամ հնարավոր չի լինի իմանալ այդ ամբողջ կեղտի աղբյուրը։
 
Բայց պետք է ունենալ համարձակություն ու սկզբունքայնություն՝ բռնելու կծիկի մի ծայրը, որից հետո այն ինքն իրեն քանդվում է։ Մի քանի օրվա ընթացքում այնքան բան իմացա այդ ֆեյքերի գործունեության, դրանց իրական տերերի, հաճախորդների, պատվերների տրամաբանության մասին։ Եվ այդ պատվիրատուներն էլ են հայտնի դառնում, թե ինչպես են ավտոմատացված համակարգերով աշխատում, որպեսզի սկզբնաղբյուրը չհայտնաբերվի։ Բայց նրանք երևի չեն հասկանում, թե ում հետ գործ ունեն։ Հատ-հատ հանելու եմ ջրի երես այդ բոլոր սրիկաներին՝ իրենց հովանավորներով հանդերձ։
 
Ֆեյք երևույթը պիտի արմատապես ոչնչացվի մեր երկրից ու մեր հանրության միջից։
 
Նաիրի Հոխիկյան
Լրագրող, փորձագետ