Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինձ համար տարբերություն չկա՝ Արշակ Կարապետյանին փոխարինում է Սուրեն Պապիկյա՞նը, Արայիկ Հարությունյա՞նը, թե՞ Կոլոտ Հովոն, որովհետև տեղի է ունենում պլանավորված գործողությունների շարք՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Սյունիքի ՀՅԴ «Լեռնահայաստան» մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գագիկ Ղահրամանյանը։
«Ե՛վ Կապան-Գորիս միջպետական ճանապարհի հանձնումը, և՛ Կապան-Ճակատեն ներհամայնքային ճանապարհի հանձնումը պլանավորված գործողությունների շարք է և այսօրվա իշխանությունները որևէ բանով ինձ չեն կարող զարմացնել, դրա համար ինձ արդեն չի հետաքրքրում Արշակ Կարապետյանին հանելն ու Սուրեն Պապիկյանին նշանակելը»,-ասաց նա։
Գագիկ Ղահրամանյանը Սփյուռքի ամբողջ հայության զորահավաքի անհրաժեշտություն է տեսնում, քանի որ պետության թիկունքի զգացողությունն այս պահին չկա։
«Գոնե սյունեցիները զգան, որ աշխարհի տարբեր կողմերում քույրեր, եղբայրներ ունեն, որոնք պատրաստ են ինչ-որ բանով օգնելու։ Մենք էլ այստեղ պատրաստ ենք՝ եթե մեզ հնարավորություն տան զենք ունենալու, որովհետև ամեն ինչ կարող ենք հայթայթել, գտնել, բայց զենքի հնարավորություն մենք չունենք, մեզ որ զենք ունենալու հնարավորություն տան՝ ինքներս կքշենք էս թուրքերին, նույնիսկ բանակի կարիքը չենք ունենա, ինքներս կքշենք։ Ադրբեջանցիներն իրենց բնակավայրերից ավելի հեռու են գտնվում, քան մենք, եթե իրենց մոտ այդ վստահությունը չլիներ, որ պատասխան քայլեր չեն ձեռնարկվելու, իրենք չէին համարձակվի այսքան մտնել մեր տարածք։ Պարզապես իրենք համոզմունք ունեն․ ո՞վ է այդ համոզմունքը իրենց տվել՝ հաստատ ոչ ես և դուք»,-ասաց Սյունիքի ՀՅԴ «Լեռնահայաստան» մարզային կոմիտեի ներկայացուցիչը։
Գագիկ Ղահրամանյանը վստահեցրեց, որ միայն կապանցիներն ընդունակ են 1000 զինվոր տալու, եթե իրենց չխանգարեն, իրենք ընդունակ են իրենց սահմանները պաշտպանելու՝ Ճակատենից նրանց տնակով հանդերձ բոլորին քշելու։ Բայց դրա համար միջոցներ են պետք։
«Աշխարհում՝ աշխարհաքաղաքական խոշոր կենտրոններից սկսած, պետություններից դուրս եկած, ընդունում են նրանց, ովքեր ընդունակ են գլխացավանք առաջացնել կամ տվյալ տարածաշրջանում գլխացավանք բուժել։ Մենք անընդհատ զիջում ենք, մենք անընդհատ զիջում ենք Արևելք, Արևմուտք, Հյուսիս, Հարավ, որ կարող է ինչ-որ մի ուժ մեր փոխարեն ինչ-որ զսպիչ գործողություններ անի ազերիների նկատմամբ․ այդպիսի բան չկա, աշխարհը հիմա տեսնում է, որ մենք ամեն ինչին համակերպվում ենք, բայց աշխարհը արդեն պիտի տեսնի, որ մենք համակերպվող չենք, մենք ընդունակ ենք, այդ դեպքում մենք ձեռք կբերենք դաշնակիցներ, որոնց շահերը կհամընկնեն մեզ հետ»,-ասաց Գագիկ Ղահրամանյանը։
Նա նշեց, որ մենք այլևս չպետք է ենթադրություններով զբաղվենք, թե ինչ գործողություններ են ծավալելու իշխանությունները, ի՞նչն է մտնում առաջին անհրաժեշտության ապրանքների մեջ, որ տանեն մեկուսացված գյուղեր, այլ պետք է ողջ ներուժը համախմբվի՝ միայն դա է ելքը։
«Ասենք թե ինչ-որ մեկն այնտեղ շաքարախտ է կամ սրտի տագնապ ունի՝ այստեղ ես չեմ կարող ենթադրել, թե ինչ դեղեր ուղարկեմ․․․ արդեն պիտի ամբողջ հայության զորահավաք կազմակերպվի, ես որևէ հույս, հավատ չունեմ, որ այս իշխանություններն ընդունակ են որևէ բան փոխելու այս իրավիճակում։ Ողջ հայության զորհավաք պետք է կազմակերպվի, հակառակ պարագայում մենք ականատեսն ենք լինելու Սյունիքի հայաթափման»,-ասաց Գագիկ Ղահրամանյանը։
Կապանում Գևորգ Փարսյանի քաղաքապետ ընտրվելը նրա մոտ էյֆորիա չի առաջացրել, այլ շատ կոնկրետ նպատակադրում․ «Գևորգ Փարսյանի հետ մենք Կապանի ինքնապաշտպանության կազմակերպման մեծ փորձ ունենք, համատեղ պաշտպանություն ենք մենք այստեղ իրականացրել, այս առումով մենք վստահ ենք, որ եթե ինքնապաշտպանությունը արդեն մեր ուսերի վրա դրվի՝ շատ լավ է, որ հատկապես համայնքի ղեկավարը Գևորգ Փարսյանն է, որի հետ մենք համագործակցել ենք»։
Աննա Բալյան
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․