Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սահմանադրական բարեփոխումների հետ կապված՝ շատ լավ տրամադրություններ են Արմավիրի մարզում, սակայն ոչ բոլորն են կողմ փոփոխություններին. այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:
Նա հայտարարեց, որ մարզում գրեթե բոլորը տեղյակ են փոփոխություններից և առաջիկա մեկ ամսվա իրենց բուն նպատակը լինելու է անտեղյակ քաղաքացիներին իրազեկելը: «Մեր առջև չկա սահմանադրականն անցկացնելու խնդիր, մեր առջև դրված է իրազեկելու, բացատրելու խնդիր»,- ասաց մարզպետը:
Հարցին՝ եթե սահմանադրական փոփոխությունները չանցնեն, հնարավո՞ր է՝ հրաժարական տաք, Ղահրամանյանը պատասխանեց. «Դուք համոզվա՞ծ եք, որ չի անցնելու: Խնդրում եմ, ընտրությունների օրը եկեք և կտեսնեք` առանց ընտրակեղծիքների՞ են անցնում, թե՞ ոչ»:
Հարցին` հնարավոր համարո՞ւմ եք, որ Ձեր մարզում «ոչ» ասեն հանրաքվեին, մարզպետը պատասխանեց, թե ինքը չի կարծում, որ նման բան կարող է լինել: «Չեմ կարծում: Մենք ամեն օր մեր գյուղացու կողքին ենք, նրա հոգսերով ցավում ենք»,- ասաց նա:
Ղահրամանյանը նշեց նաև, որ իրենց մարզում ընտրակեղծիքները բացառվում են: «Որովհետև այսօր մեր գյուղացին, մեր քաղաքացին հենց գնաց արկղի մոտ, ինքն է որոշում: Ինչքան ուզում ես խոսիր, բացատրիր»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե, խաղողի մթերման խնդիրը թողած, քաղաքացին ինչո՞ւ պետք է մտահոգվի սահմանադրական բարեփոխումներով ու հանրաքվեի արդյունքով, մարզպետն արձագանքեց, որ իրենք ամեն հնարավոր բան անում են՝ մթերման խնդիրը լուծելու համար, և ներկայումս արդեն խաղող մթերած գյուղացիների 65 տոկոսը ստացել է իր գումարը: Ղահրամանյանը նշեց նաև, որ բանկերի հետ աշխատանքներ են տանում` գյուղացիների վարկերի տոկոսադրույքների սառեցման հետ կապված: