կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-13 08:43
Քաղաքական

Իշխանությունները նպաստում են Թուրքիայի կողմից ՀՀ տնտեսական էքսպանսիային. դիտարկում

Իշխանությունները նպաստում են Թուրքիայի կողմից ՀՀ տնտեսական էքսպանսիային. դիտարկում
Երկու փաստ եմ ներկայացնում կողք կողքի.
 
1/ 2022թ. հունվարի 1-ից այլևս չի գործում թուրքական ծագման ապրանքները ՀՀ ներկրելու մասին արգելքը, որ գործում էր 2021թ. հունվարի 1-ից՝ կապված 44-օրյա պատերազմում Թուրքիայի մասնակցության և հակահայ, ահաբեկչական գործողությունների հետ: Ի դեպ՝ գործող իշխանությունները չեն մեկնաբանում, թե ինչով էր պայմանավորված արգելքի հանումը՝ զուտ ասելով, որ դա քաղաքական որոշում է:
 
2/ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը իր ադրբեջանցի պաշտոնակցին զորակցություն է հայտնել երեկ տեղի ունեցած ռազմական գործողության առնչությամբ՝ նշելով, որ «Թուրքիայի զինված ուժերը, ինչպես միշտ, Ադրբեջանի կողքին են արդար գործի համար պայքարում»:
 
Գործող իշխանությունների այս քաղաքականությունը արժանապատվության դիրքերից գնահատելը մի կողմ թողնելով հանդերձ՝ այս պահին երկու բացատրություն եմ կարողանում տալ այդ քաղաքականությանը.
 
1/Թուրքական ապրանքների ներմուծման արգելքի հանելը Հայաստանի իշխանամերձ բիզնեսմենների շահերից է բխում ու հարվածում հայրենական արտադրողների շահերին:
 
2/ Գործող իշխանությունները նպաստում են Թուրքիայի կողմից Հայաստանի տնտեսական էքսպանսիային և դա այն պայմաններում, երբ Հարավային Կովկաս ու Կենտրոնական Ասիա տարածաշրջանները ներկայում գտնվում են աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական մրցակցության ու վերաձևման ակտիվ փուլում:
 
Հ.Գ. Այսքանը քիչ է, դեռ նույն Աքարը հայ-թուրքական բանագնացային հանդիպմանն ընդառաջ հույս է հայտնում, թե Հայաստանը կբռնի Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից իրեն մեկնած խաղաղության ձեռքը, այլ կերպ ասած՝ ասում է՝ «խելոք կմնաք, թե չէ...»:
 
 Մենուա Սողոմոնյան