Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի պահվածքը բացարձակապես չի նպաստում տարածաշրջանում անվտանգությանը, ինչն այսօր դատապարտվում է ոչ միայն ՄԱԿ-ի, այլև առանձին պետությունների ղեկավարների կողմից. Yerkir.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը:
«Տեսնում ենք, որ կան համապատասխան ուղերձներ: Կարելի է ասել, որ Ադրբեջանի իշխանություններն այս գործողություններն այս ակտիվությամբ, այս ինտենսիվությամբ չէին իրականացնի, եթե չլիներ Թուրքիայի զգալի օժանդակությունը»,- նշեց քաղաքագետը:
Նրա խոսքով՝ Թուրքիան երբեք չի թաքցրել, որ հանդես է գալիս որպես Ադրբեջանի դաշնակից և Արցախյան հարցի կարգավորման հարցում ունի պրոադրբեջանական դիրքորոշում:
«Այդքան բացահայտ օժանդակությունը, որը Թուրքիան ցուցաբերել է Ադրբեջանին, այդ թվում` նաև հրահրելով ռազմական գործողությունները, բացարձակ չի նպաստում խաղաղությանը տարածաշրջանում և կոնֆլիկտի խաղաղ կարգավորման նախաձեռնություններին, որոնք իրականացվել են Մինսկի խմբի համանախագահողների կողմից: Թուրքիան փորձում է հանդես գալ որպես կողմ` համանախագահողների հետ, և դրան միանշանակ անհրաժեշտ է դադար տալ»,- ասաց քաղաքագետը՝ ընդգծելով, որ Թուրքիայի գործողությունները ոչ թե խաղաղության հասնելու նպատակ ունեն, այլ նպաստում են ռազմական գործողությունների մեծացմանը:
Մարգարովն ընդգծեց՝ միանշանակ պետք է բացառել բանակցային գործընթացում երրորդ կողմի ներգրավվածությունը: Ըստ քաղաքագետի՝ պետք է հստակ ցույց տալ, որ Թուրքիան ոչ միայն չի նպաստում խաղաղության զարգացմանը, այլև օգտագործում է միջազգային ահաբեկչական կառույցները՝ տարածաշրջանում լարվածությունն ու անկայությունը մեծացնելու համար:
Անդրադառնալով թուրքական Ֆ-16 կործանիչի կողմից Վարդենիսի տարածքում խոցված ՀՀ ԶՈՒ ռազմաօդային ուժերի Սու-25-ին՝ Մարգարովը նշեց, որ սա փաստում է՝ Թուրքիան ռազմական գործողությունների անմիջական մասնակից է:
«Սա փաստում է, որ Թուրքիան Ադրբեջանին տրամադրում է ոչ միայն բարոյական, այլև իրական օժանդակություն: Նրանց անմիջական մասնակցությունը միջազգային նորմերի խախտում է: Մենք պիտի ապացուցենք, որ հենց թուրքական Ֆ-16-ն է խոցել մեր Սու-25-ը», - ընդգծեց քաղաքագետը:
Հիշեցնենք՝ հայկական կողմը հայտնել էր, որ սեպտեմբերի 29-ին թուրքական Ֆ-16 ինքնաթիռը խախտել է Հայաստանի օդային սահմանը և հռթիռներ արձակել Վարդենիսի շրջանի ուղղությամբ: Թուրքական կողմը, սակայն, հերքում է տեղեկությունը:
«Այս հանգամանը ստեղծում է լուրջ մտահոգություն ոչ միայն հայկական կողմի համար, այլև գլոբալ առումով, որովհետև Թուրքիան ևս մեկ անգամ խառնվել է այլ երկրների գործին և հանդես է գալիս որպես հրահրող», - նշեց Մարգարովը՝ պնդելով, որ դատապարտման պիտի արժանանա ոչ միայն Ադրբեջանը՝ ագրեսիան սկսելու համար, այլև Թուրքիան, որն անմիջականորեն նպաստում է ագրեսիային և խրախուսում Ադրբեջանին:
Հարցին, թե, իրադարձություններին հետևելով, ի՞նչ եզրակացություն կարելի է անել, ինչպե՞ս կզարգանան և արդյո՞ք շուտ կավարտվեն ռազմական գործողությունները, քաղաքագետը պատասխանեց. «Ենթադրում եմ, որ ավարտը կարող է պայմանավորված լինել այն գործողությամբ, որը իրականացվում է Արցախի ՊԲ-ի կողմից, որը կարող է ստիպել հակառակորդին դադարեցնել գործողություններն ու խաղաղություն խնդրել: Մեր խնդիրն այստեղ ադրբեջանական կողմին խաղաղություն պարտադրելն ու բանակցային գործընթացը շարունակելն է, որի արդյունքը լինելու է դե ֆակտո գոյություն ունեցող կարգավիճակի ամրագրումը դե յուրե տարբերակով: Ռազմական գործողությունների դադարեցումը կանխատեսելի է այն ժամանակ, երբ Ադրբեջանն իր մաշկի վրա ևս մեկ անգամ զգա, որ իր գործողությունները հասնելու են այն կետին, որ իրենք կորցնելու են նոր տարածքներ»:
Սեպտեմբերի 27-ի լուսաբացին արցախա-ադրբեջանական հակամարտող կողմերի շփման գծի ողջ երկայնքով թշնամու կողմից սանձազերծվել են ռազմական գործողություններ: Արցախում Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել են նաև խաղաղ բնակչությանը: ՀՀ-ում և Արցախում սեպտեմբերի 27-ից հայտարարվել է ռազմական դրություն: Այս պահին ևս մարտերը շարունակվում են:
Վարդուհի Ստեփանյան