կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-07 19:37
Առանց Կատեգորիա

Հայաստանյան քաղաքական դաշտում ազգային բևեռի ձևավորման խիստ անհրաժեշտություն կա

Հայաստանյան քաղաքական դաշտում ազգային բևեռի ձևավորման խիստ անհրաժեշտություն կա

«Ազգային օրակարգ» հիմնադրամի նախագահ Արա Հակոբյանը ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու է ՀՅԴ ցուցակով` 13-րդն է: Նա նաև ռեյտինգային թեկնածու է  առաջադրվել 4-րդ ընտրատարածքում, որն ընդգրկում է Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի վարչական շրջանները:

Yerkir.am-ի հետ զրույցում պետական կառավարման և դիվանագիտական աշխատանքի փորձ ունեցող Արա Հակոբյանը նշեց Դաշնակցության ցուցակով  ընտրությանը մասնակցելու պատճառները:

- Մենք «Ազգային օրակարգ»-ում վստահ ենք, որ այսօր հայաստանյան քաղաքական դաշտում ազգային բևեռի ձևավորման խիստ անհրաժեշտություն կա, և կարծում ենք, որ հենց Դաշնակցությունն է այն քաղաքական ուժը, որի հետ համատեղ հնարավոր է այդ գաղափարը կյանքի կոչել: Ուստի այս ուղղությամբ մենք համագործակցում ենք Դաշնակցության հետ և նպատակ ունենք մի ընդհանրական օրակարգի շուրջ համախմբել ազգային առաջնայնություններ ունեցող կազմակերպությունները: Այն ներուժը, որը ունենք Հայաստանում և Սփյուռքում, պետք է համախմբվի և կայանա որպես մեկ կազմակերպված միավոր, որպեսզի ոչ միայն կարողանանք դիմակայել առկա մարտահրավերներին, այլև կարողանանք հաջորդական և հաղթական լուծել մեր բոլոր հիմնախնդիրները: Ահա, թե ինչու Դաշնակցությունն ընտրեցինք:

- Հայաստանում ներքին տնտեսական ի՞նչ առաջնահերթ խնդիրներ կան:

- Հայաստանի տնտեսության հիմնական խնդիրն  առ այսօր դրա օլիգարխիկ բնույթն է։ Ասում են, թե այլևս օլիգարխներ չունենք, այլ ունենք խոշոր սեփականատերեր, բայց դրանով փաստացի իրավիճակը տնտեսության մեջ չի փոխվել։ Եթե անգամ այսօր խոշոր սեփականատեր կոչվող երեկվա օլիգարխը սկսել է գործել օրենսդրությանը համապատասխան, բայց շարունակում է պահպանել իր մենաշնորհային կամ օլիգոպոլիկ դիրքը տնտեսության որևէ ոլորտում, դա նշանակում է, որ անհրաժեշտ համակարգային փոփոխությունները տեղի չեն ունեցել։ Տասնյակ տարիներ փորձում ենք ներդրումներ ներգրավել, բայց այդ հարցում նշանակալի հաջողության չենք հասնում։ Մենք պետք է հասկանանք՝ աշխարհում ներդրումային հոսքերն ուղղորդված են, և պետք է ունենալ լրջագույն  համեմատական գրավչություն, որպեսզի ներդրողն այլ երկրների և հնարավորությունների մեջ ընտրի Հայաստանը։ Այս համատեքստում մենք ունենք որոշակի առավելություն՝ ունենք Սփյուռք, որի համար, ներդրումային գրավչության հետ համատեղ, ներդրումներ կատարելու կարևոր գործոն կարող է դառնալ ազգային զգայականությունը (սենտիմենտ)։ Բայց նույնիսկ այդ պարագայում ներդրողը պետք է համոզված լինի, որ հայկական շուկայում առկա են բարենպաստ պայմաններ գործարարության համար։ Ընդհանրացնելով` նշենք, որ առանձնակի կարևոր է, որ պետությունը համապատասխան միջոցներ ու գործիքներ կիրառի շուկայում գերակա դիրք ունեցող ընկերությունների ազդեցությունը սահմանափակելու, շուկայում հավասար մրցակցային և թափանցիկ միջավայր ձևավորելու, ստարտափներին ու փոքր և միջին ձեռնարկություններին պահանջված աջակցությունը տրամադրելու համար և, վերջապես, անհրաժեշտ նախապայմաններ ապահովի գիտելիքահենք ու նորարարական տնտեսություն ձևավորելու համար։ Անհրաժեշտ է նաև, որ արտահայտված մոտեցումները կառավարության կողմից ձևակերպվեն որպես տնտեսության զարգացմանը միտված գործողությունների ծրագրեր և ամրագրվեն համարժեք օրենսդրական ակտերով։

- Ո՞ր ուղղություններով պետք է զարգանան մեր արտաքին տնտեսական հարաբերությունները, և որո՞նք կարող են  լինել արտահանվող հիմնական ապրանքները:

- Արդեն նշեցի, որ մեր տնտեսության զարգացման հիմքում պետք է լինեն բարձրակարգ կրթությունը, գիտությունը և նորարարությունը։ Այսինքն` հայկական ծագում ունեցող ապրանքին և ծառայությանը բնորոշող մրցակցային առավելությունը պետք է լինի բարձր տեխնոլոգիական բովանդակությունը, և նմանատիպ արտադրանքն է, որ պետք է կազմի մեր արտահանման հիմնական մասը։ Այս դեպքում է, որ կունենանք տնտեսության և բարեկեցության իրական աճ, ինչպես նաև էապես ավելի ընդգրկուն ու բազմազան կդարձնենք այն երկրների շարքը, որտեղ ի վիճակի կլինենք իրականացնել արդյունավետ արտահանում։

Անդրադառնալով Հայաստանի արտաքին տնտեսական հիմնական գործընկերներին` առաջին հերթին հարկ է նշել, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, ինչը կազմակերպության մյուս անդամ երկրների հետ առևտրում ապահովում է  ազատ առևտրի ռեժիմ, ինչպես նաև ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ առևտրում` հատուկ արտոնյալ ռեժիմներ։ Միաժամանակ, Հայաստանը Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ է, ինչի արդյունքում ԱՀԿ մնացած անդամների հետ առևտրային հարաբերություններում օգտվում է առավել բարենպաստության և ազգային ռեժիմներից։ Ասվածը ցույց է տալիս, որ հիշյալ` մեզ համար շահեկան առևտրային ձևաչափերում, ինչպես նաև այլ երկրների, մասնավորապես` Հնդկաստանի և Չինաստանի հետ առկա առևտրային հարաբերություններում թաքնված են լայն հնարավորություններ, որոնց առավելագույն արդյունավետ օգտագործումը խթան կհանդիսանա Հայաստանի տնտեսության հարատև զարգացման համար։

- Արտաքին  քաղաքական  ի՞նչ մարտահրավերների առաջ ենք կանգնած, ի՞նչ դիրք պիտի բռնենք աշխարհաքաղաքական արդի իրավիճակում:

- Բազմաթիվ են այն արտաքին քաղաքական մարտահրավերները, որոնց վերջին մոտ երեք տասնյակ տարիների ընթացքում առերեսվում է Հայաստան պետությունը։ Դրանց հիմնական մասը կարելի է հատկորոշել որպես շարունակվող տարաբնույթ գործընթացներ, որոնք են՝ Խորհրդային միության փլուզումով սկիզբ առած Յալթա-Պոտսդամ գործող աշխարհակարգի կազմաքանդումը և նորի ձևավորումը,  հայկական անկախ պետականության կայացումը և միջազգային տարբեր ատյաններում նրա համարժեք ներկայացումը, Արցախյան գոյամարտում տարած հաղթանակի արդյունքների միջազգային ճանաչումը ու դրա պայմանագրային ամրագրումը, Հայոց ցեղասպանության և հայրենազրկման միջազգային ճանաչումը և անհրաժեշտ կենսական փոխհատուցման ստացումը, աշխարհաքաղաքական կենտրոնների, ինչպես նաև հարևան երկրների հետ արդյունավետ երկկողմ և բազմակողմ հարաբերությունների ձևավորումը, տարածաշրջանում ընթացող աշխարհաքաղաքական զարգացումներում հայկական կողմի համապատասխան դիրքավորումը,  անդամակցած ռազմավարական  կառույցներում, մասնավորապես՝ ԵԱՏՄ և ՀԱՊԿ,  համակողմանի համագործակցության իրականացումը։

Հաշվի առնելով վերոհիշյալը` միաժամանակ անհրաժեշտ է արձանագրել, որ հեղափոխական գործընթացի արդյունքում մենք հայտնվել ենք բացարձակ նոր իրավիճակում և ունենք արտաքին քաղաքական հարաբերություններում վճռական վերադիրքավորում կատարելու ու ազգային հստակ օրակարգով հանդես գալու եզակի հնարավորություն։ 

Մ.Պ.