| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունն ու Արցախի «Արդարություն» կուսակցությունը հայտարարությամբ են հանդես եկել, որը ներկայացնում ենք ստորև:
Արցախի Հանրապետության դեմ 2020թ. աշնանը սանձազերծված պատերազմի արդյունքում արձանագրվել է պետական կառավարման համակարգի ճգնաժամ:
ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի ս.թ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 5 խմբակցություններից 4-ը պահանջել են ԱՀ նախագահ Ա. Հարությունյանի հրաժարականը: Չնայած իր պաշտոնից հրաժարվելու պատրաստակամությանը՝ նախագահ Ա. Հարությունյանը նախաձեռնել է քաղաքական խորհրդատվություններ, ստեղծված իրավիճակից ելք գտնելու և քաղաքական լուծումներ տալու նպատակով: Ելնելով առաջիկայում նոր խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացման խնդրահարույց լինելու հանգամանքից՝ խորհրդարանական ուժերն ընդունել են ազգային միասնության կառավարություն ստեղծելու Ա. Հարությունյանի առաջարկը՝ նախագահի փաստացի լիազորությունները սահմանափակելու և ողջամիտ ժամկետում արտահերթ ընտրություններ կազմակերպելու նախապայմանով:
Հետագա քննարկումների ընթացքում գործող նախագահը, խախտելով ձեռք բերված պայմանավորվածությունները, սկսել է միանձնյա ձևավորել նոր կառավարություն՝ դրանով իսկ խաթարելով երկիրը ճգնաժամից համախորհուրդ դուրս բերելու բացառիկ հնարավորությունը: Ստեղծված իրավիճակում անիմաստ է դարձել շարունակել կառավարության ձևավորման գործընթացին մեր մասնակցությունը, քանի որ այն իր մեջ չի պարունակում «ազգային համաձայնության կառավարության» ձևավորման տեսլականը:
Կառավարության ձևավորման, դրա հետագա գործունեության և երկրում տեղի ունեցող գործընթացների ամբողջական պատասխանատվությունը նման պայմաններում կրում է անձամբ ԱՀ նախագահ Ա. Հարությունյանը: