Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանն իր ՀՔԾ պետով, գլխավոր դատախազով, մի քանի դատավորներով պարտավոր է ներողություն խնդրել Ռոբերտ Քոչարյանից, Սեյրան Օհանյանից, Յուրի Խաչատուրովից ու ասեմ, թե ինչու։
Հետտոնական այս ընթացքում ուշադրություններս Ղազախստանի վրա էր, հեղաշրջման փորձ կանխվեց։ Դա, իհարկե, մեզ համար խորթ չէ, երկու փորձ եղել է մեզանում, որոնցից մեկը կանխվել է, մյուսը՝ ստացվել։ Ճակատագրի հեգնանքով, Հայաստանում երկու դեպքում էլ Նիկոլ Փաշինյանի մատը խառն էր, և մարդը առաջին անգամ տապալվելով և իմ գնահատմամբ՝ ոչ համաչափ պատիժ կրելով՝ երկրորդ անգամ հասավ նպատակին։ Արդեն մեկ շաբաթ է՝ հանրությունը, քաղաքական գործիչները, վերլուծաբանները իշխանությանը քննդատում են Հայաստանից Ղազախստան խաղաղապահ զորախումբ ուղարկելու համար՝ ՀԱՊԿ շրջանակներում՝ Ղազախստանի ներսում վիճակը կայունացնելու համար։ Սա և՛ անընդունելի է, և՛ անհասկանալի։ Ինչո՞ւ է անընդունելի․
Ուղիղ 8 ամիս է՝ մեր երկրի սուվերեն տարածք է մտել թշնամին, մեր հողը պաշտպանելու փոխարեն՝ Նիկոլ Փաշինյանը զորքը հետ քաշեց, թշնամին 45 կիլոմետր խորացավ երկրի տարածք։ ՀԱՊԿ-ը որևէ օգնություն չցուցաբերեց։ Գիտե՞ք ինչու, նախ որովհետև ՀԱՊԿ անդամ երկրներից բոլորը Ադրբեջանի հետ եղբայրական հարաբերությունների մեջ են, նաև՝ դե Հայաստանը պատշաճ չէր դիմել։ Միայն Ռուսաստանի հետ քիչ թե շատ հարաբերություն ունենք, ու հիմա մեր անվտանգության երաշխավորն է Ռուսաստանը։ Ղազախստանը միշտ պրոադրբեջանական դիրքորոշում է ունեցել, անգամ Ղազախստանի նախագահը պատերազմից հետո ջերմ շնորհավորել է Ադրբեջանին։ Հիմա մեր զորքն այնտեղ ի՞նչ գործ ունի։ Իհարկե՝ հասկանում ենք, որ Նիկոլ Փաշինյանն ընդամենը որոշման կատարող է եղել, բայց կարող էր, չէ՞, գոնե մեր տղերքին չուղարկել։ Հաջորդը՝ թշնամին մտել է մեր երկիր, Նիկոլը ո՛չ Շորժայում, ո՛չ Սյունիքում չի կարողանում պաշտպանել, Հայաստանում ամենամեծ խնդիրն անվտանգության հարցն է, բայց արի ու տես, որ Նիկոլը ափալ-թափալ, գնում է Ղազախստանը փրկելո՞ւ․ միգուցե՝ հենց Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը Ղազախստանում պաշտպանելու։ Ադրբեջանցին Հայաստանի մեջտեղում մաքսատուն է բացել, սա մեր զորքը Ղազախստանին օգնության համար է պահում։
Նիկոլի քայլը նաև անհասկանալի է ու ծիծաղելի։ Ո՞վ է հայկական զորք ուղարկողը։ Նիկոլ Փաշինյանը 2008 թվականին Հայաստանի ներսում կազմակերպել և իրականացրել է զանգվածային անկարգություններ։ Այնուհետև, տապալվելուց հետո, դիմել է փախուստի, 1 տարի և 4 ամիս եղել է հետախուզման մեջ, 2009 թվականին ձերբակալվել է և դատապարտվել 7 տարվա ազատազրկման՝ 2008 թ. մարտի 1-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով: Դե, բոլորս հիշում ենք իր ձայնը՝ մի քար մի փայտ վերցրեք, զինվեք, ոստիկանների ձեռքից վահաններ խլելուց էլ հոգին էր փառավորվում, խանութների թալանն էլ հայտարարում էր առաջին ավարը․․․ Այդ բոլորը Նիկոլ անունով անկարգություններ կազմակերպողն էր 2008 թվին։ Դե, մեկ տարուց էլ պակաս նստելուց հետո ազատ է արձակվում՝ Հայաստանի անկախության տարեդարձին նվիրված համաներման շնորհիվ։ Եկավ, 2018 թվականը, զանգվածային ակցիաների ու անկարգությունների արդյունքում Հայաստանում Նիկոլ Փաշինյանը զավթեց իշխանությունը։ Թող ոչ մեկ չասի, թե ռազմավարական օբյեկտ հանրային ռադիոյի շենքի գրավումն ահաբեկչություն չէր։ Հիմա Նիկոլ Փաշինյանը գնում է կանխելու այն, ինչ տարիներ շարունակ կազմակերպում ու իրականացնում էր Հայաստանում։ Էլի հիշեցնեմ, 2008 թվականին Նիկոլ Փաշինյանն էր ասում՝ զինվեցեք ով ինչով կարող է, ուրախանում էին, որ ոստիկանի ձեռքից մահակ են խլել, հոգիները փառավորվում էր, որ թալանել էին Լֆիկի Սիթին, ասում էր՝ մեր առաջին ռազմավարը Մաշտոցի պողոտայից, ու հիմա, տեսեք տեսեք՝ դեմ է՞։ Փաշինյանը երբ եկավ իշխանության, նրա հրահանգով գործ սարքվեց այն մարդկանց դեմ, ովքեր 2008 թվականին կանխել էին իր հրահրած, կազմակերպած, իրականացրած զանգվածային անկարգությունները։
2008 թվականին Ռոբերտ Քոչարյանը Երևանում արտակարգ դրություն մտցրեց, որովհետև Նիկոլ Փաշինյանի կազմակերպած անկարգությունները սպառնում էին երկրի անվտանգությանը․ բայց, Նիկոլը հենց հասավ իշխանության, սկսեց ասել, թե Ռոբերտ Քոչարյանը որ Հայաստանը փրկել է հեղաշրջումից, դրանով սահմանադրական կարգ է տապալել, այդ արտակարգ ռեժիմով ճնշել է խաղաղ ցուցացարարների ըմբոստ պոռթկումները։ Այսօր Ղազախստանի ամբողջ տարածքում արտակարգ դրության ռեժիմ է, սպանվել են 150 ավելի մարդիկ․ այսինքն՝ Ղազախստանի նախագահ Տոկաևը խախտել է Ղազախստանի Սահմանադրական կարգը Նիկոլի օգնությա՞մբ։ Էդպես է, չէ՞, ստացվում, գլխավոր դատախազ Արթուր Դավթյան կամ Սասուն Խաչատրյան, բան չունե՞ք ասելու։
Հիմա Նիկոլը ո՞ր կողմից է։ Թե՞ փաշինյանական տրամաբանությամբ, Հայաստանում պետք է կազմակերպվեն զինված ցույցեր, Ղազախստանում չեն կարող, Ղազախստանում պետք է հեղաշրջման փորձը կանխվի, Հայաստանում ո՞չ։
Իսկ իրականում, Փաշինյանն արդյո՞ք չի խոտովանում, որ մարտի 1-ի մասով պատասխանատուն, մեղավորը հենց ինքն է։ Բոլոր նրանք, ովքեր այս թեման տարիներ շարունակ շահարկել են, հանիրավի մեղադրել Ռոբերտ Քոչարյանին, թող սա իմանան։ Էն զգացմունք գողացողները, որ մի հատ ֆիլմ էին նկարել՝ «Հայաստանի կորսված գարունը», չեք ուզո՞ւմ մի հատ էլ ֆիլմ նկարել՝ «Ղազախստանի կորսված ձմեռը»։ Արա Շիրինյան, Տիգրան Պասկևիչյան, Քոչարյան Անդոն։ Հետո Սասուն Խաչատրյանը պաշտոնի բարձրացման խոստման դիմաց մի 120 հատոր «գործ» կհավաքի ու հերոսի դեմքով, ինֆարկտ ստանալու աստիճան սրտաճմլիկ տոնով կկարդա, թե ինչպես Հայաստանի վարչապետ, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլ Փաշինյանը, հանցավոր համաձայնության գալով Նազարբաևի, Լուկաշենկոյի, Պուտինի, Ժեենբեկովի և Տոկաևի հետ, վերջինիս իշխանությունը երկարաձգելու հանցավոր մղումներով դրդված, ստորագրեց հույժ գաղտնի, ասենք՝ 0038 հրաման և ղազախ ԽԱՂԱՂ ցուցարարների դեմ հանեց բանակը, գնդակահարվեցին բացառապես խաղաղ ցուցարարներ, այդպիսով տապալվեց Ղազախստանի սահմանադրական կարգը։ Բա նկարեք։ Դհոլի սիրահար դատախազն էլ իր տեղակալներով կգնա, ամեն մեկը մի խոստման դիմաց կրծքով կպաշտպանի գործը՝ իմանալով, որ մեկի հերը կդառնա դատավոր, էն մեկը ասպետի շքանշան կստանա, մյուսը գեներալի պագոն, ինքն էլ հանգիստ խղճով բոլոր հարսանիքներին ու կնունքներին քեֆը լավ դհոլ կխփի։ «Ղազախստանի կորսված ձմեռը» ֆիլմում հեղինակը սրտաճմլիկ տոնով կպատմի, թե ինչպես խեղճ ղազախ ժողովրդի՝ իր արժանապատվության ոտնահարման դեմ պայքարը, իր գազն իրենից խլելու, վերջին կոպեկները քամելու դեմ պայքարը հանցավոր ավազակապետությունը ճնշեց։
Սա ճակատագրի հեգնանք է․ քաղաքական բումերանգը մի քանի անգամ Նիկոլ Փաշինյանին ապացուցել է ցավոտ հարվածների ուժգնությունը։ Այն ամենը, որում Նիկոլը մեղադրել է նախկիններին, համարյա բոլոր հարցերում նույնն ինքն է արել, բայց՝ վատ ձևով։ Քոչարյանը Հայաստանում է պայքարել ահաբեկիչների դեմ, Նիկոլը՝ Ղազախստանում՝ թողնելով, որ Հայաստան ներխուժեն ահաբեկիչներ։ Նիկոլին էլ կոչ կանեմ մի հատ էլ ձևական ասուլիս որ հրավիրի, անկեղծ պատասխանի հարցին՝ ինչպե՞ս եղավ, որ Հայաստանում խանութ թալանող, մետաղե ձողերով զինված հանցագործը համարվեց անզեն ցուցարար, իսկ Ղազախստանում՝ ահաբեկիչ։
Ի դեպ, Ղազախստանում բողոքի ցույցերի հիմքը հեղուկ գազի գնաճն էր։ Մեզ մոտ էլ ամեն ինչ թանկանում է, Նիկոլի կառավարությունը բոլոր առումներով կռախի առաջ է կանգնած ու չեն բացառվում նաև Հայաստանում լայնածավալ ընդվզումներ, հուսանք՝ խաղաղ ու իշխանափոխության հենքով։ Այդ մասին՝ հաջորդիվ։ Հենց այստեղ է հարցի պատասխանը, թե ինչու Նիկոլ Փաշինյանը միանգամից ասաց, որ զորք է ուղարկում Ղազախստան։ Նա էլ է ուզում վաղը ՀԱՊԿ-ին խնդրել, որ մտնի Հայաստան՝ իր իշխանությունը երկարաձգելու համար։
Կարճ ասած՝ Նիկոլը, այսօր ՀԱՊԿ տեսակոնֆեռանսի իր ելույթի ընթացքում պետք է հիշեր, հպարտորեն օրինակ բերեր, ներողություն խնդրեր, ու շնորհակալություն հայտներ Ռոբերտ Քոչարյանին, որը ընդամենը երկրի մեկ քաղաքում արտակարգ դրության ռեժիմ մտցնելով, առանց արտաքին աջակցության, առանց միջազգային ռազմական կառույցների դիմելու, կարողացավ երկիրը մաքրել ահաբեկչությունից ու հեղաշրջումից 2008 թվականին։
Ցավոք, այդ ահաբեկչության մասնակիցները չստացան գնահատական ու հետագայում հեղաշրջում արեցին հենց այդ պատճառով։
Սևակ Հակոբյան