կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-03 21:18
Քաղաքական

«Կարճ ասած»․ Ի՞նչ պետք է առաջին հերթին անի Վազգեն Մանուկյանը

Հայաստանի ընդդիմադիր հիմնական ուժերը, իր վերջո, պատերազմի ավարտից ու խայտառակ կապիտուլյացիոն պայմանագրից 23 օր անց կայացրեցին որոշում՝ հետպատերազմական Հայաստանի համար անցումային կառավարության ղեկավարի՝ վարչապետի թեկնածուի անունը հայտնելու մասով։ Ընդդիմությունը կարողացավ վեր կանգնել կուսակցական շահերից և ստեղծել վերկուսակցական մարմին՝ Հայրենիքի փրկության շարժում: Նրանում ներառված են հայկական քաղաքական գրեթե բոլոր հայտնի կուսակցությունները, մտավորականներ, հասարակության լայն շրջանակների ներկայացուցիչներ: Նպատակը մեկն է՝ օր առաջ ազատվել Հայաստանի աղետաբեր վարչակազմից և փրկել երկիրը ազատ անկումից:

Սա այն պահն է, որ պետք է հեռացնել իշխանությանը, բայց պետք է զուգահեռաբար հերթական էքսպերիմենտը չանել։ Մեզ պետք է ոչ թե վարչապետ, որին կսիրենք կամ ոչ, մեր երկիրը դուր գալու հետևից ընկնելու ժամանակ այլևս չունի։ Մենք պետք է ունենաք ղեկավար, որը կբերի երկար սպասված կայունությունը, ինչը քանդվել է երկուսուկես տարի՝ ամեն օր։ Պետք է ունենանք վարչապետ, որը կարող է բանակցել միջազգային հարթակներում և անգամ՝ թշնամու հետ։ Մենք ունեցել ենք քանդված տնտեսություն, քանդված երկիր, մարդկային քանդված կապեր ու հարաբերություններ, մենք պարտվել ենք։ Ու հիմա նա պետք է առաջնահերթություններից սկսի, կարճ ժամանակում կարողանա հիմնական հարցերը լուծել։ Դրանք մեկը չեն, տասը չեն, հարյուրներ են։ Պետք է փորձառու, հաստատակամ գործիչ, լուրջ մարդ։

Ընտրությունը կանգ է առել Վազգեն Մանուկյանի վրա։

Ո՞վ է Վազգեն Մանուկյանը։ Նա ղարաբաղյան շարժման ակունքներում է կանգնած, այն շարժման, որի արդյունքում Արցախն անկախացավ։ Վազգեն Մանուկյանը Հայաստանի Երրորդ Հանրապետության առաջին վարչապետն է։ 1990 թվականին՝ Հայաստանի համար ծանր ժամանակաշրջանում, նա դարձավ վարչապետ, ԽՍՀՄ-ը փլուզվում էր, տնտեսական կապերը՝ նույնպես, պետական ինստիտուտները քանդվում էին։ Հայաստանում նոր տնտեսական համակարգ էր ստեղծվում։ Հայաստանը հայտնվում էր շրջափակման մեջ։ Կար նաև 88-ից առաջացած Աղետի գոտի, կային փախստականներ։ Էներգետիկ խնդիրներ կային, կապի խնդիր կար։ Ու նա կարողացավ այդ պահի համար կարևոր խնդիրներին լուծումներ տալ։ 1991թ. սեպտեմբերի 26-ին՝ անկախության հանրաքվեից 5 օր անց, Վազգեն Մանուկյանը հրաժարական տվեց։ Կային հակասություններ Լևոն Տեր-Պետրոսյանի ու նրա թիմի հետ։ Վազգեն Մանուկյանը 1992 թվականին դարձավ պաշտպանության նախարար, ու նրա օրոք ձևավորվեց կանոնավոր հայկական բանակը, փոխվեց պատերազմի ընթացքը, օր-օրի հաղթանակներ էինք գրանցում պատերազմում։ Ազատագրեց տարածքներ, որոնք Նիկոլ Փաշինյանը հանձնեց թշնամուն։

1996 թվականին Վազգեն Մանուկյանը ընդդիմության թեկնածուն էր նախագահական ընտրություններում, որոնցում հաղթեց, սակայն նրան թույլ չտրվեց փաստաթղթերով ամրագրել հաղթանակը։ 2018 թվականի այսպես կոչված հեղափոխությունից հետո, մեր երկրում նոր իշխանություն եկավ, այսպես ասած՝ երիտասարդները, ամեն ինչ վարի տվեցին, ու նաև Վազգեն Մանուկյանի սերնդի դերը դարձավ առաջնային։

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, երկուսուկես տարի պետության հերն անիծեց ու բերեց պատերազմ։ 25 տարի խաղաղ մեր երկիրը, հաղթած երկիրը հասցրեցին պատերազմի։ Մարդիկ կային որ զարմանում էին, սակայն շատերը այս ամենի մասին զգուշացրել են դեռ ժամանակ առաջ։ Պատերազմի թեժ օրերին, երբ սեփական խելք ունեցողները հասկանում էին, որ այս իշխանությունը պարտության է գնում, սկսեցին ահազանգել։ Ու առաջիններից մեկը հենց Վազգեն Մանուկյանն էր։

Հոկտեմբերի 28-ին նա հայտարարությամբ հանդես եկավ՝ պահանջելով բանակին հանձնել ողջ իշխանությունը, դա անել կամավոր, առանց ցնցումների։ Նա պնդեց, որ բանակը, իր ձեռքը վերցնելով ողջ իշխանությունը, պետք է կազմի միասնական Պաշտպանության կոմիտե Արցախի հետ միասին՝ կազմակերպելով պատերազմական ներկա իրավիճակին անհրաժեշտ միջոցառումները, ապահովելով վստահություն և գնալով բանակցությունների շահագրգիռ պետությունների, միջազգային կառույցների հետ։ Նա նշում էր, որ մենք հակառակ դեպքում կկորցնենք երկիրը։ Վազգեն Մանուկյանի հայտարարությունը տեղադրողներին ոստիկանությունը տուգանեց, նրա խոսքերին իշխանությունը ականջալուր չեղավ։ Մենք երկիրը իրոք կորցրեցինք։

Մենք կորցրել ենք, հիմա եկել է գլուխը բարձրացնելու ժամանակը։ Շատերը դեռ չեն հասկանում, թե ինչ ենք կորցրել։ Մենք դա կհասկանանք, երբ այս շոկն անցնի։ Դա զգացնել կտան ամեն ինչ՝ Ադրբեջանի հետ սահմանների երկարելը, սահմանամերձ գյուղերի շատանալը, Արցախից գյուղմթերքի չգալը, շնչներիս տակ ամեն օր թշնամուն զգալը, փախստականները։ Մենք արդեն Հայաստանիցել ենք շատ տարածքներ տվել։

12 հազար քառակուսի կիլոմետրի փոխարեն ունենք այսօր ընդամենը երկու հազարի վրա գոյատևող Արցախ։ Ու նոր վարչապետը պետք է այս բեռի տակ մտնի։ Նա մենակ չէ, նա ունի թիմ, նրան առաջադրել է ընդդիմությունը, և իզուր չէ, որ կոմիտեն կոչվում է Հայրենիքի փրկության շարժում, որովհետև փրկել է պետք։ Նա Նիկոլ Փաշինյան չէ, որ գնացքի պես պետք է քաշի իրենից կցված իմքայլական վագոնները։ Ոչ, այստեղ կան մեծ թվով առողջ ուժեր, որոնք ամեն մեկը մի բանով օգնելու են։

Կշեռքի նժարին հայրենիքն է։ Մեզ պետք են կտրուկ քայլեր։ Թռի-վռի ժամանակներն անցան, ունեցածը քանդելու ժամանակներն անցան։ Մենք իրավունք չունենք այլևս ունենալ թեկուզ մեկ պատգամավոր, որը չի հասկանում, թե ինքը որտեղ է ու ինչով է զբաղվելու, գոնե մեկ նման նախարար պետք է չունենանք։

Վազգեն Մանուկյանի թեկնածությունը կարծես ընդունելի է նաև մեր ռազմավարական գործընկերոջ՝ այսօր արդեն Արցախի անվտանգության երաշխավոր Ռուսաստանի Դաշնության համար։ Իսկ սորոսականների ու արևմտյան քանդիչ կողմնորոշում ունեցողների իշխանությունից հետո փրկության կոմիտեի թեկնածուն Ռուսաստանի համար լավ դաշնակից կարող է լինել։ Իսկ դա միայն Հայաստանի ու Արցախի շահերից է բխում։ Այո, կլինեն Վազգեն Մանուկյանի վրա հարձակումներ տարբեր քաղաքական ու կողմնորոշում ունեցողների կողմից, որոնք երկիրը քանդելուց հետո էլ դեռ առաքելությունը չեն ավարտել։ Բայց դա արդյունք չի տա, քանի որ ընդդիմությունը միասնական է, և հանրության վստահությունն է վայելում։

Կարճ ասած՝ Վազգեն Մանուկյանին մեծ ու տաժանակիր գործ է սպասվում․ նա պետք է այս թույնը, ատելությունը վերացնի, պառակտումը վերացնի։ Մենք հայրենիք ենք կորցրել, ու Վազգեն Մանուկյանին լուրջ աշխատանք է սպասվում։ Կարևոր է հիմա, որ Հայրենիքի փրկության շարժումն իր ծրագիրը ներկայացնելուց հետո կարողանա բացատրել Փաշինյանին, որ ինքը շանս չունի, պետք է խաղաղ հեռանա։

Սևակ Հակոբյան