Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կենտրոնական խորհուրդ
Դեկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների համաշխարհային ցանցի ներկայացուցիչները հեռավար աշխատանքային հանդիպում են ունեցել Արցախի Հանրապետության ներկայացուցիչների հետ: Քննարկվել է Արցախի շուրջ ստեղծված արտաքին քաղաքական միջավայրին և իրավիճակի հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների կողմից ձեռնարկվելիք միջոցառումները՝ Արցախի նկատմամբ միջազգային զորակցության ապահովման, ադրբեջանական շարունակական ոտնձգությունների կանխարգելման, Արցախի Հանրապետության միջազգային շահերի պաշտպանություն ուղղություններով։
Ամերիկայի Միացյալ Նահանգներ
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում դեկտեմբերի 14-ին կայացած լսումների ժամանակ կոնգրեսականները պետդեպարտամենտին կոչ են արել արձագանքել ադրբեջանական ագրեսիային։ Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահն ու հայկական հարցերի խումբը դատապարտել են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը։ Պայմանավորված Բաքվի կողմից Արցախի շրջափակմամբ՝ նկատելի է ԱՄՆ Կոնգրեսի աճող ճնշումն ԱՄՆ գործադիր իշխանության վրա։
Դեկտեմբերի 17-ին, ԱՄՆ շուրջ երեք տասնյակ կոնգրեսականներ՝ Ադամ Շիֆի գլխավորությամբ, նամակ են ուղարկել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով վճռական քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Արցախի բնակչության անվտանգությունը։
Դեկտեմբերի 21-ին, Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի՝ կառավարության հետ կապերի գծով տնօրեն Թերեզա Երեմյանը համակարգել և անցկացրել է հանդիպում Կոնգրեսի հայկական խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնեի, Կոնգրեսի ավելի քան 50 անդամների, Արցախի և ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբերի մասնակցությամբ։ Հանդիպմանը մասնակցում էր Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և Հայ դատի Արցախի գրասենյակի աշխատակից Գևորգ Իսկաջյանը։ Քննարկվել են Արցախում ստեղծված իրավիճակն ու Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աշխատանքի հիմնական ուղղությունները՝ ադրբեջանական հերթական ագրեսիային վերջ տալու նպատակով։
Դեկտեմբերի 24-ին ԱՄՆ Սենատը և Ներկայացուցիչների պալատը համատեղ հավանություն են տվել 2023թ․ ֆինանսական տարվա ծախսային ուղղություններին, որենք ենթադրում են ամերիկյան օժանդակության հատկացում Հայաստանին և Արցախին։ Նշենք, որ վերոնշյալ դրույթի օրենսդրական ուժ ստանալու համար Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը տևական ժամանակ ծավալուն աշխատանքներ է իրականացրել։
ԱՄՆ նախագահ Բայդենի վարչակազմին՝ Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական պժանդակության անհապաղ դադարեցման կոչով դեկտեմբերի 21-ին դիմել է նաև Գլենդելի քաղաքապետ Արդի Քասախյանը։
Փասադենայի քաղաքապետ Վիկտոր Գորդոնն էլ, իր հերթին, դեկտեմբերի 22-ին, հայտարարություն է տարածել, որով համերաշխություն է հայտել ամերիկահայ համայնքին և դատապարտել Ադրբեջանի կողմից Արցախի 120․000 հայության շարունակական շրջափակումը։ Քաղաքապետ Գորդոնը նաև միացել է Գլենդելի քաղաքապետի՝ Բայդենի վարչակազմին ուղղված վերը հիշատակված կոչին։
Եվրոպա
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի հաղորդմամբ՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Պետեր Վան Դալենը, Ֆրանսու Խավիեր ԲԵլամին, Լարս Պատրիկ Բերգը, Ֆրանսուա Ալֆոնսին, Ֆաբիո Մասսիմո Կաստալդոն և Անդրեյ Կովաչևը դեկտեմբերի 14-ին նամակ են ուղղել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին ու ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգային հարցերի բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին։ Պատգամավորները Շառլ Միշելին և Ժոզեպ Բորելին հորդորել են օգտագործել իրենց հնարավորությունները՝ Արցախի բնիկ հայ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար՝ նկատելով, որ ԵՄ-ն չի կարող թույլ տալ ադրբեջանական ահաբեկչական քաղաքականության շարունակություն։
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի, ՀՅԴ Հայ դատի Բելգիայի հանձնախմբի, Բելգիայի հայերի կոմիտեի և Բելգիահայ դեմոկրատների միության համատեղ նախաձեռնությամբ դեկտեմբերի 19-ին Բրյուսելում կայացել էր բողոքի ցույց՝ Արցախ տանող միակ ճանապարհի արգելափակումը վերջ տալու պահանջով։ Բողոքի ցույցին միացել էին բազմաթիվ հասարակական-քաղաքական գործիչներ, այդ թվում՝ սենատորներ, Ֆլամանդական խորհրդարանի պատգամավորներ Կարլ Վանլաուեն, Ալեսիա Կլաեսը և Արցախի հետ բելգիական ֆրանսախոս բարեկամության խմբի համակարգող Անդրե դը Բյուսը։
Կանադա
Դեկտեմբերի 20-ին, Մոնրեալի «Հայ կենտրոնում» ՀՅԴ Բյուրոն ներկայացնող պատվիրակությունը, ՀՅԴ Կանադայի Կենտրոնական կոմիտեն և Հայ դատի Կանադայի հանձնախումբը հանդիպել են Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլիի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի Հանրապետության միջև ցամաքային միակ ճանապարհի փակումը և Հարավային Կովկասում կանադական առաջին դեսպանատունը Հայաստանում բացելու շուրջ տարվող աշխատանքները։
Հայ դատի Կանադայի հանձնախմբի կողմից տարված աշխատանքների արդյունքում ադրբեջանական ագրեսիան դատապարտող հայտարարությամբ են հանդես եկել տասնյակից ավել պատգամավորներ։ Ավելի վաղ, դեկտեմբերի 14-ին, Կանադայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է միջանքի արգելափակումը և պահանջել ապահովել երկկողմանի անցանելիությունը։
Ավստրալիա
Ավստրալիայի ընդիմադիր կանաչների կուսակցության ներկայացուցիչները դեկտեմբերի 19-ին դիմել են Ադրբեջանին՝ պահանջելով վերաբացել Բերձորի միջանցքը՝ ազատ տեղաշարժի եւ անվտանգության ապահովման համար:
Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի գործողությունների արդյունքում Բերձորի միջանցքում ստեղծված իրավիճակը քննարկման թեմա է դարձել Ավստրալիայի օրենսդիր մարմիններում։ Մասնավորապես Հայ դատի հանձնախմբի դիմումի համաձայն խնդրին անդրադարձել է Ավստրալիայի Դաշնային Խորհրդարանի խոշորագույն քաղաքական խմբի արտաքին գործերի ներկայացուցիչ, սենատոր Ջորդան Սթիլ-Ջոնը՝ մտահոգություն հայտնելով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար լուրջ հետևանքներին։
Իրենց հերթին Ավստրալիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդամները դիմել են Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Փենի Վոնգին կոչ անելով իր կառավարությանը հրապարակայնորեն դատապարտել Ադրբեջանի կողմից շարունակվող՝ Արցախի Հանրապետության շրջափակումը։
Դեկտեմբերի 20-ին, Արցախի բարեկամների ավստրալական խմբի անդամները հեռավար հանդիպում են ունեցել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի և մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ։ Արցախի ներկայացուցիչները ներկայացրել են վերջին լուրերը կապված Բերձորի շրջափակման և այդ ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ։ Ի դեպ Հայ դատի հանձնախմբերի աշխատանքի արդյունքում՝ Ավստրալիայում Արցախի բարեկամության խմբի անդամների թիվը ավելացել է 12-ով և հասել է 100-ի։ Ի թիվս այլոց, խմբին են միացել ֆեդերալ խորհրդարանականներ Քելյա Թինքը, Զալի Սթեգալը, Հենրի Փիքը։
Մեծ Բրիտանիա
Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախմբի աշխատանքների արդյունքում դեկտեմբերի երկրորդ կեսին Արցախում ստեղծված իրավիճակը որոշակի քննարկում է ունեցել Մեծ Բրիտանիայի խորհրդարանական շրջանակներում։ Նախ ադրբեջանական հերթական ագրեսիան խստորեն և միանշանակ կերպով դատապարտվել է Մեծ Բրիտանիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի հայտարարությամբ, որը ստորագրել է խմբի նախագահ Թիմ Լոթնը։ Ավելին, բարեկամական խմբի անդամներ Քրիս Լոուն և Ջեսիկա Մորդենը հանդես են եկել անհատական հայտարարություններով և դատապարտել են Ադրբեջանի գործողությունները և դիմել արտաքին գործերի նախարարին, որպեսզի կառավարությունը քայլեր ձեռնարկի Բերձորի միջանցքի վերաբացման համար։
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամներ Սթիվեն Դաութին և Ֆիոնա Բրյուսը կառավարությունից շտապ մարդասիրական օգնություն են խնդրել արցախահայության համար և գործադիր իշխանությանը կոչ արել՝ քայլեր ձեռնարկել հումանիտար իրավիճակի բարելավման և Արցախում ազատ տեղաշարժի վերականգնման ուղղությամբ։
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ Դեյվիթ Ալթոնը Արցախում ստեղծված իրավիճակի կապակցությամբ հարցումներ երկու հարցում է ուղարկել բրիտանական կառավարությանը՝ տեղեկատվություն պահանջելով մասնավորապես այն մասին, թե կառավարությունն ինչ քայլեր է կատարել Արցախի ժողովրդի նկատմամբ ցողասպանության և վայրագությունների ռիսկերի գնահատման համար, ինչպես նաև, թե ինչ քայլեր է ձեռնարկում կառավարությունը տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանը նպաստելու համար։
Հունաստան
Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքի փակման և Արցախը մարդասիրական նոր աղետի մղելու առիթով, ՀՅԴ Հայ դատի Հունաստանի հանձնախումբը նամակ է ուղարկել Հունաստանի խորհրդարանի նախագահին և պատգամավորներին՝ պահանջելով անմիջական միջամտություն և միջազգային քայլերի կիրառում՝ կանխելու համար Արցախի ժողովրդին սպառնացող ցեղասպանական քաղաքականության վտանգը։
Դեկտեմբերի 21-ին, Հունաստանի Հայ դատի հանձնախմբի և ՀՅԴ երիտասարդական միության կազմակերպմամբ Աթենքում՝ Եվրոպական խորհրդի կենտրոնական գրասենյակի առջև տեղի է ունեցել բողոքի ցույց ընդդեմ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման։ Բողոքի ցույցի մասնակիցները պահանջել են եվրոպական ատյանների անմիջական միջամտությունը՝ վերաբացելու Արցախն ու Հայաստանն իրար կապող Բերձորի միջանցքը, ինչպես նաև ստեղծելու Արցախի բնիկ հայ ժողովրդին ադրբեջանական ցեղասպանական արարքներից պաշտպանելու գործիքակազմ։
Ուրուգվայ
Հայ դատի Ուրուգվայի հանձնախմբի աշխատանքների արդյունքում՝ դեկտեմբերի 21-ին Ուրուգվայի Սենատորների պալատը հայտարարություն է ընդունել, որով դատապարտել է Ադրբեջանի քաղաքականությունը և կոչ արել՝ կատարել միջազգային պարտավորությունները ու ապահովել ազատ շարժը Արցախին և Հայաստանին միավորող միջանցքով՝ վերջ դնելով քաղաքացիական բնակչության նկատմամբ գործադրվող ճնշումներին ու ահաբեկմանը։ Ուրուգվայի Սենատորների պալատը իր համերաշխությունն է հայտնել Արցախի բնակչությանը և արձանագրել, որ վերջինիս իրավունքները պետք է հարգվեն հակամարտության լուծման մեջ ներգրավված բոլոր դերակատարների կողմից։
Հայ Դատի հանձնախմբերն ու գրասենյակները շարունակում են ամբողջ աշխարհում իրականացնել հայության շահերի պաշտպանության աշխատանքներ՝ օգտագործելով լոբբիստական գործունեության համալիր գործիքակազմեր։ Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտելու, Արցախի տարածքային ամբողջականության վերականգնմանը նպաստելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը վերականգնելու, գերիների վերադարձի, արտասահմանյան լրատվամիջոցներին օբյեկտիվ տեղեկատվությամբ ապահովելու ուղղությամբ կատարվում են մեծ ծավալի աշխատանքներ։ Հատուկ ուշադրություն է դարձվում Ղարաբաղյան հմնախնդրի շուրջ տարբեր երկրներում ներքաղաքական քննարկումներ, խորհրդարանական լսումներ իրականացնելու վրա, որոնք հաճախ վերաճում են կոնկրետ բանաձևերի ընդունման։
ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ
30.12.2022 թ.