կարևոր
3910 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-01 14:45
Քաղաքական

ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների աշխատանքների ամփոփագիր (Հունվար 2023թ․)

ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների աշխատանքների ամփոփագիր (Հունվար 2023թ․)

Կենտրոնական խորհուրդ

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը հունվարի 19-ին հանդիպել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանին և վերջինիս փոխանցել Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Փասադենայի տեղական ենթահանձնախմբի կողմից ուղարկված Փասադենայի քաղաքապետ Վիկտոր Գորդոյի Արցախի ժողովրդի և նրա պայքարի զորակցության հայտարարությունը։ 2022թ․ դեկտեմբերի 22ի հայտարարությամբ քաղաքապետն անդրադառնում է 2020թ․ սեպտեմբերին Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված պատերազմին, Արցախի Հանրապետության շրջափակմանը, հասունացող հումանիտար ճգնաժամին, ինչպես նաև Փասադենայի հայ համայնքի՝ Ցեղասպանության զոհերի սերունդները լինելու հանգամանքին։

Կանադա

ՀՅԴ Հայ դատի Կանադայի հանձնախմբի տևական աշխատանքների արդյունքում հունվարի 25-ին Կանադայի Համանյքների պալատի արտաքին հարաբերությունների և միջազգային զարգացման մշտական հանձնաժողովը գումարել է երկու առանձին նիտեր։

Նիստերը գումարվել են համաձայն հանձնաժողովի կողմից նախորդ շաբաթ միաձայն ընդունված որոշման, որի նախագիծը ներկայացվել էր «Քվեբեկի բլոկ» խմբակցության անդամ Սթեֆան Բերգերոյի կողմից, որը պահանջել էր նվազագույնը երեք հանդիպում, որոնց ընթացքում հանձնաժողովի անդամները հնարավորություն կունենան լսելու Արցախի Հանրապետությունը ներկայացնող անձանց, ինչպես նաև փորձագետների և կանադահայ համայնքի ներկայացուցիչների։

Կանադական խորհրդարանում կայացած նիստերի բացառիկ բնույթն ու պատմականությունը նրանում է, որ առաջին անգամ Արցախի Հանրապետության պետական ներկայացուցիչները հանդես եկան կանադական խորհրդարանի առջև և ներկայացրեցին Արցախի բնակչության պայքարը հանուն արժանապատիվ կյանքի։ Առաջին հանդիպմանը մասնակցել են ՀՅԴ Հայ դատի Կանադայի հանձնախմբի համանախագահ Շահեն Միրաքյանը, դոկտոր Թալին Փափազյանը, Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Կանադայում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը և Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Երկրորդ հանդիպմանը մասնակցել են «Միջազգային ճգնաժամային խմբի» Հարավային Կովկասի հարցերով ավագ վերլուծաբան Օլեսյա Վարդանյանը և Վինդսորի համալսարանի իրավունքի պրոֆեսոր Քրիստոֆեր Վոթերսը։

Հրավիրյալները, յուրաքանչյուրն իր մասով, հանգամանորեն անդրադարձել են ստեղծված իրավիճակին։ Կարևորվել է Կանադայի կողմից Ադրբեջանի վրա միջազգային ճնշման իրականացումը, որպեսզի վերջինս վերջ տա իր ցեղասպան քաղաքականությանը։

Արցախի Հանրապետության ներկայացուցիչները հանձնաժողովի անդամներին ներկայացրել են իրական փաստեր՝ կապված մարդասիրական ծանր հետևանքների և Ադրբեջանի ցեղասպանական ագրեսիայի հետևանքների հետ, ինչպես նաև Արցախի Հանրապետության առաջնահերթություններն ու ազատ ու անկախ կյանքի տեսլականը։

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

ԱՄՆ սենատորներ Բոբ Մենենդեսը և Ջեք Ռիդը՝ համապատասխանաբար Սենատի արտաքին հարաբերությունների ռազմական հարցերի հանձնաժողովների նախագահները, հունվարի 13-ին կոչ են արել Բայդենի վարչակազմին հրատապ օգնություն ուղարկել Արցախ և ուժեղացնել ճնշումն Ադրբեջանի վրա՝ վերացնելու իրենց հայրենիքում 120․000 հայերի շրջափակումը։

ԱՄՆ Կոնգրեսի հայկական խմբի համանախագահներ Ֆրենք Փալոնը, Գուս Բիլիրակիսը, Ադամ Շիֆը, Դավիթ Վալադաոն և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ անդամ Բրեդ Շերմանը հունվարի 28-ին շրջանառության մեջ են դրել երկկուսակցական բանաձևի նախագիծ՝ նպատակ ունենալով վերջ տալ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը։ Բացի Ադրբեջանի գործողությունները խստորեն դատապարտելուց, բանաձևի նախագիծը նաև նախանշում է որոշակի գործողությունների շրջանակ, որոնք Միացյալ Նահանգները կարող է ձեռնարկել՝ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու համար։

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի առաջնորդությամբ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ձևավորվել է “Save Karabakh” կոալիցիան։ Այս նախաձեռնությունը հաջորդել է ԱՄՆ Կոնգրեսում Արցախի շրջափակման ադրբեջանական քաղաքականությունը դատապարտող երկկուսակցական բանաձևի շրջանառության մեջ դնելուն: Հիշյալ կոալիցիյաի մասին հայտարարությունը կատարվել է հունվարի 27-ին Կապիտոլիումի բարձունքում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ։ Ասուլիսին մասնակցել են ԱՄՆ կրոնական ազատության հարցերով նախկին դեսպան, սենատոր Սեմ Բրաունբեքը, ԱՄՆ-ում Արցախի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչներ։ Մասնակցել են նաև կոալիցիոն կազմակերպությունների ներկայացուցիչներ` մասնավորապես «Միջազգային և կառավարական հարցերով անգլիական գրասենյակից», Բարոնուհի Քերոլայն Քոքսի կողմից հիմնադրված «ՀԱՐԹ կազմապերպությունից», «Խոցելի ժողովուրդների նախագծից», “Genocide watch”-ից, «Հունա-ամերիկյան առաժնորդության խորհրդից», «Ի պաշտպանություն քրիստոնյաների» և այլ կազմակերպություննից։ Կոալիցիային միացած կազմակերպությունների ընդհանուր թիվը քսան է։

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արագ արձագանքման համակարգի միջոցով նախագահ Բայդենին, փոխնախագահ Քամալա Հարիսին, USAID-ի ղեկավար Սամանտա Փաուերին, և ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկկուսակցական ղեկավարությանը ուղարկվել է ավելի քան 250 000 հաղորդագրություն, որոնցում պահանջվում է ԱՄՆ-ի աջակցություը Արցախի շրջափակման հաղթահարման գործում:

Եվրոպա

Հունվարի 16-ի երեկոյան գումարվել է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբերի առցանց խորհրդակցական ժողով, որի ընթացքում քննարկվել է Եվրոպական Միության անդամ երկրներում և Մեծ Բրիտանիայում Հայ դատի հանձնախմբերի աշխատանքների ներկա փուլը՝ պայմանավորված Ադրբեջանի կողմից Արցախին պարտադրված ամբողջական շրջափակմամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հանձնախմբերի աշխատանքը Արցախում ստեղծված հումանիտրար իրավիճակի և Ադրբեջանի էթնիկ զտումներ հետապնդող քաղաքականության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման ուղղությամբ։ Կարևորվել են Արցախի համար միջազգային զորակցության ապահովմանն ու Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումների ուժեղացմանը միտված աշխատանքները։
2023թ․ հունվարի 19-ին Եվրոպական Խորհրդարանն իր լիագումար նիստում ընդունել է «Լեռնային Ղարաբաղում շրջափակման հումանիտար հետևանքները» բանաձև, որով խորհրդարանն արձանագրել է շրջափակման արդյունքում Արցախում ստեղծված հումանիտար հետևանքները։ Եվրոպական Խորհրդարանն Ադրբեջանին հորդորում է հարգել և իրականացնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները և անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը։
Հունվարի 31-ին Բելգիայի Դաշնային Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձաժողովը միաձայն ընդունված բանաձևով դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի արգելափակումը և կոչ արել անհապաղ բացել միջանցքը:

Ավստրալիա

Ավստրալիական Ուիլաբիի և Ռայդի քաղաքապետներ Տանյա Թեյլորը և Սարգիս Յեդելյանը հունվարի 12-ին կոչով դիմել են արտաքին գործերի նախարար Փեննի Վոնգին՝ Ադրբեջանից պահանջելու ապաշրջափակել Բերձորի հումանիտար միջանցքը։

Մեծ Բրիտանիա

Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախմբի կողմից՝ բրիտանական հասարակական քաղաքական շրջանակներում ադրբեջանական ագրեսիայի բարձրաձայնման և բրիտանական կառավարությանը գործնական քայլերի դրդելու ուղղությամբ տարվել են էական աշխատանքներ։ Դրանց արդյունքում բազմաթիվ խորհրդարանականներ հանդես են եկել Արցախին սատարող և ադրբեջանական ագրեսիան դատապարտող հայտարարություններով, դիմել կառավարությանը՝ գործադրելու գործնական քայլեր։

Տարբեր առիթներով Արցախում ստեղծված իրավիճակի մասին հայտարարությամբ են հանդես եկել բարոնուհի Քերոլայն Քոքսը, Թիմ Լոթնը, Լորդ Ալթոնը, Լորդ ՄաքՔոլնեսը, Սթեֆան Դոթին, Քրիս Լոն, Ալեքս Սոբելը, Ջեսիկա Մորդենը, Ֆիոնա Բրյուսը, Քովենթրիի եպիսկոպոս Ռոման Վիլյամսը և այլոք։

Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախմբի փոխանցմամբ՝ հունվարի 24-ին Արցախի անօրինական շրջափակման հարցով Վեսթմիսթերյան պալատում տեղի ունեցած խորհրդարանական քննարկման արդյունքում Մեծ Բրիտանիայի արտաքին քարտուղարի ներկայացուցիչ Դեյվիթ Ռութլին հայտնել է, որ կառավարական ֆինանսավորմամբ գործող “The Start Fund” ոչ կառավարական կազմակերպությունը 350․000 ֆունտ ստերլինգ է հատկացրել Լաչինի միջանցքի փակումից տուժածների համար։ Խորհրդարանական հիշյալ քննարկման ընթացքում, որին մասնակցել էր նաև Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախմբի նախագահ Անեթ Մոսկոֆյանը, ելույթ էին ունեցել, ադրբեջանական ագրեսիան դատապարտել և բրիտանական կառավարությունից որոշակի գործողություններ պահանջել առավել քան մեկ տասնյակ օրենսդիրներ։ Նրանք բրիտանական կառավարությունից, ի թիվս այլնի, պահանջել էին հումանիտար օժանդակություն տրամադրել Արցախին, ինչին ի պատասխան արտաքին քարտուղարի ներկայացուցիչը հայտարարել էր սույն հատկացման մասին։

Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախումբը, որ տևական աշխատանք էր կատարել հունվարի 24-ի քննարկումը հնարավոր դարձնելու համար, շարունակում է բրիտանական հասարակական-քաղաքական շրջանակների հետ աշխատանքները՝ Արցախում ստեղծված իրավիճակի հանրահռչակման և բրիտանական պետության կողմից Ադրբեջանի վրա ճնշումների հասնելու համար։

Հարավային Ամերիկա

ՀՅԴ Հայ դատի Հարավային Ամերիկայի հանձնախումբը հունվարի 26-ին հանդիպում է ունեցել Արգենտինայի արտաքին գործերի նախարար Սանտյագո Կաֆիերոյի հետ և ներկայացրել ադրբեջանական հանցագործ քաղաքականության արդյունքում Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը։ ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի պատասխանատուներն արգենտինական կառավարությունից զորակցություն և ճանապարհի ապաշրջափակման պահանջ են ակնկալում։ Հանդիպմանը արգենտինական կողմից նաև մասնակցել են արտաքին քաղաքականության փոխքարտուղար, դեսպան Կլաուդիո Ռոզենցվայգը և եվրոպական հարցերով նախարար Պաբլո Պինեյրոն։

Կիպրոս

ՀՅԴ Հայ դատի Կիպրոսի հանձնախմբի նախագահ Հակոբ Ղազանչյանը և Կիպրոսում Արցախի բարեկամների խմբի անդամ, Կիպրոսի բանասերների միության նախագահ Կիրիակոս Պարրիսը հունվարի 28-ին միացել են Լիմասոլի հայ համայնքի կողմից կազմակերպված բողոքի ցույցին՝ ի պաշտպանություն Արցախի ժողովրդի։ Ղազանչյանը, Պարրիսը և տեղի Դաշնակցական կառույցի կողմից՝ Թորոս Փիլիպոսյանը հանդես են եկել ելույթներով։ Այս ցույցը Լիմասոլի հայ համայնքի պատմության մեջ առաջին բողոքի գործողությունն էր։

Հայ Դատի հանձնախմբերն ու գրասենյակները շարունակում են ամբողջ աշխարհում իրականացնել հայության շահերի պաշտպանության աշխատանքներ՝ օգտագործելով լոբբիստական գործունեության համալիր գործիքակազմեր։ Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտելու, Արցախի տարածքային ամբողջականության վերականգնմանը նպաստելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը վերականգնելու, գերիների վերադարձի, արտասահմանյան լրատվամիջոցներին օբյեկտիվ տեղեկատվությամբ ապահովելու ուղղությամբ կատարվում են մեծ ծավալի աշխատանքներ։ Հատուկ ուշադրություն է դարձվում Ղարաբաղյան հմնախնդրի շուրջ տարբեր երկրներում ներքաղաքական քննարկումներ, խորհրդարանական լսումներ իրականացնելու վրա, որոնք հաճախ վերաճում են կոնկրետ բանաձևերի ընդունման։

 

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ

01.02.2023 թ.