կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-04 23:17
Հասարակություն

Նիկոլ Փաշինյանի հյուրանոցային հաճախորդները

Նիկոլ Փաշինյանի հյուրանոցային հաճախորդները

Անցած տարվա հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը ձևավորեց արտախորհրդարանական ուժերից բաղկացած ձևաչափ, որում ընդգրկվել են իրեն լոյալ բազմաթիվ մանր ու գերմանր քաղաքական կուսակցություններ։

Իրական քաղաքական կշիռ չունեցող այդ միավորներից բաղկացած մարմնի անդամների հետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է բավական հաճախ, ամիսը մեկ, երբեմն՝ երկու անգամ։

Օրինակ, նախորդ տարվա դեկտեմբերի սկզբին անվտանգային ամենօրյա սպառնալիքներ ունեցող երկրի ղեկավարի հանդիպումն իրենցից ոչինչ չներկայացնող այդ ուժերի ներկայացուցիչների հետ տևել էր հինգ ժամից ավելի։ Քաղաքական ու քաղաքագիտական որևէ հիմնավորում այդ ձևաչափը, բնականաբար, չունի։ Հայաստանը խորհրդարանական կառավարման կարգ ունեցող պետություն է, և Ազգային ժողովը համարվում է ներկայացուցչական մարմին, որտեղ ընդգրկված են հանրության քաղաքական նախապատվություններն արտահայտող ուժերը։

Բայց քանի որ գործող ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանին չի սիրում այնքան, որքան, ասենք, Սամվել Բաբայանը կամ Տիգրան Խզմալյանը, նա գերադասում է երկարաշունչ քննարկումներ անցկացնել ոչ թե պառլամենտական միջավայրում, այլ որևէ հյուրանոցի սրահում՝ իրեն հաճելի մթնոլորտում։

Մյուս կողմից, սակայն, հազիվ թե Փաշինյանի պարբերական հանդիպումները սալոնային ընդդիմադիրների հետ միայն փոխադարձ կոմպլիմենտների ունկնդրման նպատակ ունեն։ 

Ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանը չի բացառում ցանկացած պահի երկրում ֆորսմաժորային, արտահերթ գործընթացների զարգացման հնարավորությունը, և ի դեմս հյուրանոցային ընդդիմադիրների՝ իր համար պահեստային տարբերակներ է պատրաստում։

Ընդ որում, պետք չէ բացառել նաև արտահերթ գործընթացների հարուցումը հենց իր՝ Նիկոլ Փաշինյանի կողմից, ինչը նրան կարող է անհրաժեշտ լինել մի կողմից՝ ինչ-ինչ արտաքին պարտավորություններից խուսափելու, մյուս կողմից՝ վերահսկելի խորհրդարան ձևավորելու համար։ Բայց գործող քաղաքական ներկապնակի պայմաններում արտահերթ ընտրությունների անցկացումը կարող է խիստ ռիսկային լինել։ Հատկապես անցած աշնանը բազմաթիվ համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ 2020թ․ հունիսից հետո իշխանության վարկանիշը զգալիորեն նվազել է, մարդիկ դուրս են գալիս պոպուլիզմի թմբիրից, և նոր արտահերթ ընտրություններում Նիկոլ Փաշինյանը հազիվ թե կարողանա մեծամասնություն ստանալ։

Բոլոր այս գործոնների հաշվառմամբ, նրա համար խիստ մեծանում է, պայմանականորեն ասած, «Սամվել Բաբայան&Co»-ի կարևորությունը, որոնք անվանապես լինելով ընդդիմություն, իրականում կներկայացնեն Նիկոլ Փաշինյանին, ասենք, արտահերթ ընտրություններում։

Իհարկե, նրանք կա՛մ վարկանիշ չունեն, կա՛մ ունեն հակավարկանիշներ, բայց վերջին ընտրական ցիկլերում Նիկոլ Փաշինյանը սկսել է տիրապետել վարչական ռեսուրսի օգտագործման ու ընտրակեղծարարության բոլոր տեխնոլոգիաներին, այնպես որ դժվար չի լինի Ոստիկանությանը հանձնարարել աշխատել՝ Սամվել Բաբայանի, ԱԱԾ-ին էլ՝ Լևոն Շիրինյանի օգտին։

Նիկոլ Փաշինյանն իր իշխանավարման տարիներին ցույց է տվել, որ առանձնակի սեր է տածում ամենայն ֆեյքի նկատմամբ։

Նա ունի Ֆեյսբուքի ֆեյքերի բանակ, ֆեյք պատգամավորներ ու նախարարներ, ժամանակն է նաև ստեղծելու ֆեյք ընդդիմություն՝ ֆեյք պետությունն ամբողջացնելու համար։

Ռոբերտ Տեր-Սարգսյան