կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-03 16:47
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աշխարհի մեծերը Սերժ Սարգսյանի նկատմամբ խիստ հարգալից էին. Ալվարդ Պետրոսյան

Նորանկախ Հայաստանի 4 ղեկավարները. Yerkir.am-ը բացառիկ հարցազրույց է ունեցել գրող, հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ Ալվարդ Պետրոսյանի հետ։

Մաս 4. Սերժ Սարգսյան

Ալվարդ Պետրոսյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանն իշխանության գալիս Ռոբերտ Քոչարյանից ժառանգել է կայուն պետություն և, ըստ նրա, կարողացել է արժանավայել պահել այդ պետությունը՝ ունենալով հզոր դիվանագիտություն։

«Աշխարհի մեծերը հարգում էին Սերժ Սարգսյանին: Այսօր այնպիսի տգեղ վերագրումներ են անում: Այդ անհեթեթ՝ նախկիններ բառը: Ի՞նչ է նշանակում՝ նախկին: Ես նախկին եմ, Աննա Հակոբյանը նախկին չէ՞։ Երբեմն համեմատում են Թուրքիայի հետ Սերժ Սարգսյանի վարած դիվանագիությունն այս արարածի՝ Նիկոլի դիվանագիտության հետ: Սարգսյանը հանդես էր գալիս հաղթած երկրի դիրքերից, կարողանում էր այդ արժանապատվությունը պահպանել»,-ասաց Ալվարդ Պետրոսյանը։

Դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանին մեղադրում են Փաշինյանին իշխանություն տալու մեջ, նա արձագանքեց՝ ավելի անհեթեթ բան երբեւէ չի լսել: «Նույն հաջողությամբ գրում են, որ Ռիտա Սարգսյանը դեռ ողջ է: Ուզում ես ասել՝ այո, ողջ է, որովհետեւ այնքան վառվռուն կերպար էր, չքնաղ երեւույթ էր, ասես գարուն լիներ, որը չէր կարող մեռնել: Բայց այդ չքնաղ կինը գնաց: Նույն անհեթեթ ձեւով էլ կարող են ասել, որ Սերժ Սարգսյանը բերեց Նիկոլին: Ինչո՞ւ, ինչպե՞ս, վասն ինչի՞ պետք է Նիկոլ Փաշինյանին հովանավորեր»,- նշեց Պետրոսյանը:

Որպես հարցի լրացում՝ ասացի՝ 2018թ. իշխանափոխությանը մասնակցած քաղաքացիներից շատերը, որոնք այսօր զղջում են Նիկոլ Փաշինյանին բերելու համար, ասում են՝ Սերժ Սարգսյանի իշխանության ներկայացուցիչներն այնքան վատն էին, որ ստիպված բերեցին Փաշինյանին, որը ոչ միայն Արցախը հանձնեց, այլեւ զոհասեղանին է դրել նաեւ Հայաստանը: Օրինակ՝ Խաչատուր Սուքիասյանն ասում է, թե Սերժ Սարգսյանը Բադեն-Բադենում խաղամոլությամբ է զբաղվել Հայաստանի բյուջեի հաշվին:

Ի պատասխան Պետրոսյանը ծիծաղեց, երբ լսեց, թե ում խոսքերն եմ մեջբերում։

«Խաչատուր Սուքիասյանը․․․ Այնպիսի վկայի եք մեջբերում՝ Վանոյի հացկատակն էր: Մեր կյանքի անկումն այն աստիճանի է հասել, որ մենք արդեն վկայակոչում ենք Գորվետկայի Գռզոյին: Էդ էլ Վանոյի նվերն էր մեր հասարակությանը: Ես չեմ ուզում նրան պատասխանել, իջնել այդքան։ Ես խզել եմ հարաբերություններս իմ շատ ընկերների հետ, որովհետեւ նրանք այլ կերպ են մտածում Արցախի մասին: Չեմ ուզում, ոչ էլ կպարտադրեմ, իրենք՝ իրենց ճանապարհով, ես՝ իմ: Սերժ Սարգսյանն իմ բարեկամն է, իմ ընկերն է, ես կարեւոր եմ համարում նրա գոյությունը, ես շնորհակալ եմ, որ նա այդքան անձնական ողբերգություն տեսնելուց հետո ձեռքերը չի լվացել եւ հետ քաշվել»,- ասաց Պետրոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիանա Սարգսյան

Տե՛ս նաեւ

Թո՛ղ ների ինձ Ռոբերտը, որ սա հրապարակում եմ․ Պետրոսյանը հոկտեմբերի 27-ից մանրամասներ է հայտնում

ՏԵՍԱՆՅՈՒԹ․Վազգենի սպանությունը ձեռնտու էր նրանց, ովքեր հիմա Նիկոլին են պահում, ովքեր իշխանության էին ձգտում․ Ալվարդ Պետրոսյան

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չարիք է, վիրուս է Նիկոլը, բացիլ, նրա դեմ պիտի ներարկվել, որ չշարունակվի․ Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին