կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-23 15:55
Քաղաքական

Այո, վարչապետը պատասխանում է հարգալից ու հավասարակշռված ցինիզմով

Այո, վարչապետը պատասխանում է հարգալից ու հավասարակշռված ցինիզմով

Վարչապետի հավասարակշռված ցինիզմը քաղաքացիների համար որևէ եղանակ չի փոխում` ո'չ տնտեսական, ո'չ էլ սոցիալական առումով: Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը` անդրադառնալով Տիգրան Սարգսյան- Ռոբերտ Քոչարյան հեռակա բանավեճի մասին Սերժ Սարգսյանի արձագանքին: Նշենք, որ այսօր,«Առավոտի»  հարցմանն ի պատասխան, ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը ուղարկել է հաղորդագրություն, որում ասվում է, թե ինչպես է Սերժ Սարգսյանը վերաբերվում Ռոբերտ Քոչարյան- Տիգրան Սարգսյան հեռակա բանավեճին: Ըստ այդ հրապարակման` «կառավարությունը վերջին ժամանակներում իսկապես շատ ավելի բաց ու ակտիվ է դարձել պարզաբանումներ տալու  հարցում և վստահություն կա, որ այդպես էլ կշարունակի, քանի որ դա է ճիշտ ճանապարհը»:

 

Տիգրան Ուրիխանյանի խոսքով` շատ «բաց ու թափանցիկ» ձևով տեսանելի ու ընկալելի է այն չարությունը, որը կառավարությունն իրականացնում է պետության ու ժողովրդի նկատմամբ: «Տեսանելի է, թե ինչպես 17 միլիոն դոլար փոշիացվում է կարտոֆիլական դասախոսությունների վրա, թե ինչպես են հարյուրհազարավոր դոլարներ ծախսվում զուգարանների ու ինքնաթիռներ վարձելու վրա: Տեսանելի է, թե ինչպես են տապալում տնտեսությունը, թե ինչպես են գեղանկարչական հմտությամբ ձևակերպում տնտեսական աճի տեմպեր»,- ասաց պատգամավորը:

 

Տիգրան Ուրիխանյանի խոսքով` բոլոր երևույթներին պետք է նայել քաղաքացու աչքերով: Ըստ նրա` թող վարչապետն ու կառավարության անդամները գունավոր աղյուսակներն ու հանրահաշվային երկրաչափական տեսությունները պահեն` իրենց հոգսերը հոգալու համար, իսկ քաղաքացին ունի շատ ավելի իրատեսական հոգսեր, որոնց պատասխանն այն է, որ կառավարության գործառույթը քաղաքացու կենսակերպի բարելավումն է, ինչին կառավարությունը չի տիրապետում ու որևէ պատասխան չի տալիս այդ կապակցությամբ:

 

Դիտարկմանը, որ, հանրապետության նախագահի կարծիքով,  վարչապետն ու կառավարության մյուս անդամները բարձրացված հարցերին պատասխանել են պատշաճ, հավասարակշռված ու հարգանքով, Տիգրան Ուրիխանյանն արձագանքեց. «Այո, հարգանքով էր: Մենք հիշում ենք, թե ինչ հարգանքով Տիգրան Սարգսյանը հրաժարվեց 200 միլիոն դրամը փոխանցել քանդվող մանկապարտեզներին ու դպրոցներին` նպատակահարմար գտնելով այն փոխանցել առանց այդ էլ բարվոք վիճակում գտնվող վարչական շենքերի ֆասադները վերանորոգելու վրա: Տեսանք` ինչ հարգանքով ու հավասարակշռված ցինիզմ դրսևորեց` ասելով` հնարավոր է, բայց` ոչ»: