Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վանի Գյուրփընար (Հայոց Ձոր) գավառի Ուզունգեդիք թաղամասում անհասկանալի պատճառներով տներ են այրվում։ Այդ մասին հայտնում է Akunq.net-ը՝ վկայակոչելով թուրքական «Իհլաս» լրատվական գործակալությունը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ անհայտ ծագմամբ հրդեհների գաղտնիքը ոչ մի կերպ չի բացահայտվում և խիստ անհանգստացնում է տեղի բնակիչներին։ Այսպես, 2018 թ․ այստեղի Չըլգը կոչվող վայրում միանգամից 4 տուն և 2 թոնիր է այրվել, որի հետևանքվ 2 ընտանիք անտուն է մնացել։
Հրդեհներից տուժած ընտանիքներից մեկը գյուղից 500 մ հեռավորության վրա գտնվող մի վայրում նոր տուն է կառուցել, սակայն նոր բնակարանում նույնպես հրդեհ է բռնկվել։ Եվ այդ ընտանիքը ճարահատյալ նախկին տուն է վերադարձել։
Հրդեհից տուժած բնակիչներից Նեջմեթին Սյոնմեզը «Իհլաս» գործակալության թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ վերջին օրերին իրենք անընդմեջ հերթապահում են՝ ձեռքներին ջրով լի դույլեր, և որ այլևս հանգիստ չունեն։ Նա նաև հավելել է․ «Մի քանի տարի սպասեցինք, մեր նոր տունը ևս սկսեց այրվել։ Դրա համար Ստամբուլ գնացի, մի խոջայի մոտ։ Վերջինս ասաց, որ հրդեհը կդադարի։ Մինչև առավոտ չենք կարողանում քնել։ Ձեռքներիս ջրով լի դույլեր՝ հերթապահում ենք։ Որ հատվածն սկսում է այրվել, այդ կողմ ենք վազում։ Շատ անհանգիստ ենք։ Քուն ու դադար կորցրել ենք։ Մեր տունը օրեկան 6, 7, 8, որոշ օրեր էլ 20 անգամ հրդեհվում է։ Ինչ ունեինք-չունեինք, ամեն բան այրվեց։ Ոչ մի բան չմնաց։ Հիվանդ երեխաներ ունեմ։ Քանի որ վախեցել են, իրենց հարևանի մոտ եմ թողել»։
Հրապարակման վերջում նշվում է, որ արտակարգ իրավիճակների մասնագետները մանրամասնորեն ստուգումներ են իրականացրել, բայց ոչ մի կերպ չեն գտել այդ անհասկանալի հրդեհների պատճառը։
Թուրքական աղբյուրն իհարկե նման ենթադրություն չի անում, սակայն հայ ընթերցողի մոտ ակամա հետևյալ միտքն է առաջանում․ իսկ գուցե այդ խորհրդավոր հրդեհների պատճառը Հայոց ցեղասպանության զոհերի անե՞ծքն է․․․
Մելինե Անումյան / Akunq.net