կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-18 13:50
Քաղաքական

Ես ընդունել եմ և պատրաստ եմ էլի ընդունել սեփական սխալներս. Սերժ Սարգսյան

Ես ընդունել եմ և պատրաստ եմ էլի ընդունել սեփական սխալներս. Սերժ Սարգսյան

ՀՀԿ 17-րդ համագումարում ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից հատված․

 

«Բացարձակ նպատակ չունեմ բոլոր խնդիրները, մեղքերն ու սխալները բարդելու ուրիշների վրա: Հասկանում եմ և քանիցս հրապարակավ, ի տարբերություն շատերի,  ընդունել եմ, որ մեր կառավարման տարիներին առկա էին բազմաթիվ սխալներ ու բացթողումներ: Որ բազում խնդիրներ դանդաղ էին լուծվում: Որ մեր հայրենակիցների սպասումները մեզնից ավելին էին: Որ երկրում կար անարդարության և կոռուպցիայի բարձր ընկալում: Որ բավարար կոշտություն չեմ ցուցաբերել իշխանության ներսում ծվարած և մեր անվան տակ ազդեցություն կամ հարստություն դիզողների նկատմամբ: Որ ժողովրդի հետ շփվելիս հաճախ մինչև վերջ բաց ու հասկանալի լեզվով չեմ խոսել: Որ թերագնահատել եմ զանգվածային ազդեցության ցանցային նոր տեխնոլոգիաների դերակատարությունը: Որ առավելապես կենտրոնանալով երկրի անվտանգության ու պաշտպանության հարցերի վրա` ներքին մի շարք խնդիրներ բավարար ուշադրության չեմ արժանացրել: Որ որոշ      դեպքերում, իսկ դրանք քիչ չէին, վստահել եմ մարդկանց, ովքեր դրան արժանի չէին: Եվ որպես հետևանք՝ գերագնահատել եմ պետական համակարգի կառավարելիության աստիճանը:

Այս շարքը ոմանք կարող են շարունակել՝ ինձ և մեզ վերագրելով տարաբնույթ չգործած կամ գործած սխալներ: Երևի հեշտ է ապրել, երբ քո գործած սխալների և առկա խնդիրների մեջ կարող ես մեղադրել բոլորին, բացի քեզնից: Չէ՞ որ, երբ, ըստ քեզ, ամեն ինչում «Սերժն է մեղավոր», ապա անվերջ կարող ես թմրեցնել սեփական խիղճդ և խուսափել ապագայի հանդեպ քո բաժին պատասխանատվությունից:

 

Ես ընդունել եմ և պատրաստ եմ էլի ընդունել սեփական սխալները: Եվ այստեղ ուզում եմ դիմել որոշակի շրջանակների. ձեր սխալն ինձ մի վերագրեք, խնդրում եմ: Ես ձեզ չեմ ստիպել մասնակիցը դառնալ այս արկածախնդրությանը, հետո գնալ և նախրի միջից  պաչել ամենաբարձր զռացողի` էշի ճակատը: Եվ այնուհետև առասպելներ հորինել, թե իբր ես պայմանավորված եմ իշխանությունը հանձնել սրան, իբր համագործակցում եմ սրա հետ և այլ անհեթեթություններ:

Ես հիմա խնդրում և հորդորում եմ բոլորիդ՝ դադարեցնել հանդիմանել այսպես կոչված հեղափոխության մասնակիցներին: Չէ՞ որ նրանց մեջ եղել են բազմաթիվ բարի մղումներով մարդիկ, ովքեր հավատացել են, որ այդպես ավելի լավ երկիր կունենանք: Հայրենիքի համար այս ծանր օրերին մենք պարտավոր ենք ամեն ինչ անել միասնականության վերականգնման համար:

Այժմ՝ մեր կուսակցության մասին:

Դուք գիտեք, որ մեր իշխանության տարիներին ես մշտապես կասկածամտությամբ եմ վերաբերվել ՀՀԿ անդամակցության աճող թվերին, համարել եմ, որ այն չի համընկնում նվիրյալ հանրապետականների թվի հետ: Ինչպես հետխորհրդային բազմաթիվ երկրներում, մեզ մոտ նույնպես, ավաղ, չհաջողվեց խուսափել բյուրոկրատացումից, կուսակցության ուռճացումից, պատեհապաշտներից: Վերջիններս, որոնց ես «տարանցիկ ուղևորներ» կբնորոշեմ, չդիմացան փորձություններին, նրանց թվաց, թե Հանրապետականի նավը վերջնականապես խորտակվում է, թե «թագավորը մահացել է», և պահն է «կեցցե՛» գոռալ նոր «թագավորին»: Գիտեք, մի հետաքրքիր օրինաչափություն կար այս ամենում՝ ում պատճառով Հանրապետականին ամենաշատն էին քննադատում, այդ նույն մարդիկ առաջիններից լքեցին մեզ և հարմար տեղավորվեցին նոր տաքուկ տեղերում:

Եղել են նաև հազարավոր շարքային քաղաքացիներ, որոնց մեր որոշ նախկին   գործընկերներ պարզապես զանգվածաբար ցուցակագրում էին որպես ՀՀԿ անդամներ՝ թվերով ինձ տպավորելու համար: Կուսակցությունը ուներ ինքնամաքրման խնդիր՝ թե՛ թվաքանակի, թե՛ կառուցվածքի առումով: Տեղյակ եք, որ ամիսներ առաջ մենք նախաձեռնեցինք կուսակցության անդամների վերահաշվառման, ինչպես նաև կուսակցական ստորաբաժանումների և ենթակառուցվածքի արդիականացման գործընթաց: Մեր գործունեության մեջ այժմ, առավել քան երբևէ,  շեշտադրվել են գաղափարական ամուր հենքն ու ժառանգականությունը: Եվ ես ավելի քան համոզված եմ, որ մեր դավանած ազգային պահպանողականությունն է այն անհրաժեշտ հենքը, որի վրա հնարավոր է վերակառուցել Հայաստանը և պահել Արցախը:

Հանրապետականը եղել և մնում է մեր երկրի` միջազգային ամենալայն կապերն ունեցող քաղաքական ուժը և կապերի այդ լայն շրջանակը ծառայեցրել և շարունակելու է ծառայեցնել մեր պետության ու ժողովրդի ազգային շահերի սպասարկմանը: Անգամ իշխանություն չունենալու պարագայում մենք ավելին ենք արել արտերկրում մեր դիրքերի պաշտպանության համար, քան ուսապարկերի ողջ պահեստը իր պահեստապետով հանդերձ:

Կուսակցական հետագա գործունեության համար ես առաջնահերթ եմ դիտարկում հետևյալ ուղղությունները, որոնց մասին բարձրաձայնել եմ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հետ համատեղ կազմակերպած մեր վերջին հավաքի ընթացքում:

Հակիրճ թվարկեմ՝

1) կուսակցության կենտրոնական մարմնի արհեստավարժության զարգացում և ամրապնդում,

2) տարածքային կազմակերպությունների օպտիմալացում և արդյունավետության մեծացում,

3) անդամների թվի և ակտիվության փոխկապակցվածության ապահովում,

4) կուսակցության արտաքին գործունեության արդյունավետության մեծացում,

5) կուսակցության արժեքային ուղղվածության և պրակտիկ գործունեության ներդաշնակեցում,

6) ներկուսակցական ժողովրդավարության պահպանում և ամրապնդում:

Մեզ համար գերակա են մնալու երիտասարդների, ուսանողների և կանանց ներուժի բացահայտման ու ներգրավման աշխատանքները, հանրության լայն շերտերին հուզող խնդիրների լուծումների որոնումները, ժողովրդի հետ անկեղծ ու բաց ամենօրյա շփումները»: