կարևոր
3844 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-03 12:30
Քաղաքական

Կանգնած ենք սեփական եսը գտնելու, սեփական ինքնության հետ առերեսվելու մարտահրավերի առջև․ Արտաշես Շահբազյան

Կանգնած ենք սեփական եսը գտնելու, սեփական ինքնության հետ առերեսվելու մարտահրավերի առջև․ Արտաշես Շահբազյան

Համազգային հայ կրթական և մշակութային միության ԿՎ անդամ Արտաշես Շահբազյանի ողջույնի խոսքը «Հայ հասարակական -քաղաքական միտքը 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի առաջին կեսին։ Պատմություն և արդիականություն» խորագրով գիտաժողովի ժամանակ։

Կանգնած ենք սեփական եսը գտնելու, սեփական ինքնության հետ առերեսվելու մարտահրավերի առջև

Հարգարժան ներկաներ, սիրելի բարեկամներ «Համազգային» հայ կրթական և մշակութային միության կենտրոնական վարչության անունից շնորհավորում եմ այս գիտաժողովի գումարումը: «Համազգայինի» ու Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պատմության և հասարակագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ կազմակերպված գիտաժողովը, դատելով հենց ժողովի խորագրից, արդիական մեծ կարևորություն ունի:

Պատմական ներկա հանգրվանում, երբ մեր ազգային-պետական կյանքը գաղափարական-քաղաքական խարխափումների, եթե չասենք մոլորությունների մեջ է, կարևոր է հետահայաց անդրադարձը քաղաքական-հասարակական մտքի խմորման և զարգացման անկյունադարձային ժամանակահատվածին։

19-րդ դարի վերջին տասնամյակներին մեկ կողմից սաստկանում և ֆիզիկական զանգվածային բռնությունների ձև է ստանում թուրքական հայահալած քաղաքականությունը, իսկ մյուս կողմից, որպես նաև դիմակայության յուրատեսակ դրսևորում, բուռն վերելք է ապրում հայոց հասարակական-քաղաքական միտքը, որի ակունքից էլ ի դեպ, պետք է ծնունդ առնեին ազգային-ազատագրության գաղափարախոսությունները:

Քիչ ուշ արդեն ասպարեզ իջած ազատագրության պայքարի գործիչների վրա թեև մեծ պետք է լիներ արևմտյան և հատկապես ռուսական հեղափոխական մթնոլորտի ազդեցությունը, սակայն նրանց որդեգրած հասարակական-քաղաքական միտքը արմատներով ու բովանդակությամբ ամբողջովին սնվում էր ազգային վերազարթոնքի երազանքն ուրվագծող սեփական ակունքներից՝ հանձինս Խաչատուր Աբովյանի, Պատկանյանի, Մկրտիչ Խրիմյանի, Միքայել Նալբանդյանի և հատկապես Րաֆֆու հայրենասիրական քերթվածքների։

Այդ իսկ պատճառով այն ոչ միայն դարձավ ազգային-ազատագրական գաղափարախոսությունների հիմքը, դիմացավ հակասական ու հարափոփոխ ժամանակների ալեկոծումներին, այլև կենսունակ եղավ 20-րդ դարի վերջին բռնկված Արցախյան ազատագրական պայքարի օրերին և գրեթե միշտ պատնեշի դեր խաղաց օտար և ապազգային հոսանքների ներխուժման դեմ:

Ինչպես կանգ չի առնում կյանքը, այնպես էլ չի կարող կանգ առնել հասարակական-քաղաքական մտքի զարգացման ընթացքը, իսկ ազգային գաղափարախոսությունների դեմ ժամանակ առ ժամանակ կազմակերպվող արշավանքները այլ նպատակ չեն հետապնդում քան դրանց փոխարինումը օտար, վերազգային, ազգային իդեալներին ու նպատակներին հակասող գաղափարախոսություններով: Եթե դարեր շարունակ, պատմության ամենապղտոր ժամանակներում, բոլոր տեսակի ճակատամարտերից ու պատերազմներից առավել հայ ժողովրդի գոյատևումն ապահովել են հայոց հոգևոր-մշակութային, պատմական արժեքները, ապա նույն և առավել չափով այսօրվա ու վաղվա բաց, գլոբալիստական աշխարհում հայ ժողովրդին պաշտպանել ու պահպանել կարող է նրա ինքնության միջուկը կազմող և յուրատեսակ մարդակային հավաքականությունը բնորոշող ազգային, հասարակական ու քաղաքական արժեքային համակարգը: Թերևս այսօրվա հայ մտավորական սերնդի գլխավոր առաքելությունը այդ արժեքները, հայոց հասարակական-քաղաքական ավանդական միտքն ու մտածելակերպը սերունդների սեփականությունը և ապագային միտված գործունեության ծրագրային հենքը դարձնելն է: Այս իմաստով գուցե թե ներկա գիտաժողովն էլ կարող է իր համեստ ներդրում ունենալ տվյալ կարևոր գործում: Առավել քան երբևէ կանգնած ենք սեփական եսը գտնելու, սեփական ինքնության հետ առերեսվելու մարտահրավերի առջև:

Ողջունում եմ բոլոր ներկաներին ովքեր այստեղ են իրենց զեկույցներով և անգամ ներկայությամբ օգտակար լինելու համար նշյալ նպատակի իրականացման գործին: Արդյունավետ աշխատանք եմ մաղթում գիտաժողովին:

Շնորհակալություն: