կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-10 17:29
Քաղաքական

Չենք պատկերացրել, որ ԱԺ-ում կազմակերպված հանցագործություն կլինի. Սաղաթելյանի օգնական

ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի առնչությամբ ԱԱԾ քննչական դեպարտամենտ հարցաքննության է կանչվել նաեւ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի օգնական Սեւակ Նազարյանը: Նա Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ ԱԱԾ-ում դեպքի մանրամասներն ամբողջությամբ ներկայացրել են:

Նազարյանը նշեց, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում փորձում են այնպես անել, որ ընդդիմադիր պատգամավորների օգնականները լռեն ու հետ քաշվեն։

«ԱԱԾ-ում փորձում են հավասարության նշան դնել, իբրեւ թե երկկողմանի է խնդիրը: Բացարձակապես այդպես չէ, միջադեպը կազմակերպել են ՔՊ-ական պատգամավորները։ ԱԱԾ-ում փորձում են այնպես անել, որ հետ քաշվենք: Մինչեւ վերջ շարունակելու ենք: Հույս ունեմ, որ գործ կհարուցվի: Այսպիսի բան որեւէ իշխանության ժամանակ չի եղել, որ պատգամավորները խաբեությամբ տեղ կանչեն ԱԺ աշխատակիցներին ու հարձակվեն նրանց վրա»,-ասաց նա։

Նազարյանը շեշտեց՝ ծեծկռտուքից հետո ՔՊ-ական պատգամավորները խեղաթյուրել են իրականությունը, դեպքն անձնավորել, մասնավորեցրել։

 «Որոշեցինք պարտադիր բացատրություն տալ, պատմել իրողությունը, ճիշտ հունի վրա դնել ընթացքը, որովհետեւ տեսանք, որ նախորդ երկու օրերին  ծեծկռտուքի հետ կապ ունեցող պատգամավորները ԱԺ-ում, խեղաթյուրելով իրականությունը, փորձում էին լրիվ այլ ուղղությամբ տանել: Իրականությունն այն է, որ ՔՊ-ական պատգամավորների կազմակերպմամբ ու ներգրավմամբ՝ ԱԺ-ում տեղի է ունեցել հանցագործություն: Երբեք չէինք պատկերացնի, որ ԱԺ-ի ներսում կազմակերպված հանցագործություն կլինի: Անձամբ ֆիքսել եմ Վահագն Ալեքսանյանին եւ Հրաչյա Հակոբյանին, որոնք, բռունցքներին դիմելով, փորձում էին հարց լուծել: Երբ Գերասիմը ասում է՝ մասնակցել է 30-ից ավելի մարդ, չափազանցություն չէ»,- մանրամասնեց Նազարյանը:

Նրա խոսքով՝ ԱԺ տեսագրությունները կփաստեն ասածը. հույս ունի, որ տեսագրությունը կփոխանցեն քննող մարմնին, եւ ամեն ինչ պարզ կլինի՝ ով է սկսել, ով է կազմակերպել:

Նազարյանը վստահ է՝ միջադեպը պլանավորված է եղել: Ամեն ինչ սկսվել է ՔՊ-ական պատգամավորներից։ «Նրանք են հրահրել։ Մեր ընկերները, նաեւ՝ ես, փորձել ենք կոնֆլիկտը հարթել: Փողոցային վարք էր, որ դրսեւորեցին: Այս մարդիկ ինքնագնահատականի լուրջ խնդիր ունեն: Սա Հայաստանի պատմության մեջ տեղի ունեցած ամենախայտառակ իրադարձությունն է՝ ԱԺ-ում պատգամավորները հարձակվել եւ փորձել են ֆիզիկական բռնություն կիրառել այլ աշխատակիցների վրա: Միանշանակ, կազմակերպված խուլիգանություն էր մի քանի անձանց կողմից»,- ասաց նա:

Նազարյանը համոզված է՝ ՔՊ-ականներին հաճելի չէ իրենց ներկայությունը Ազգային ժողովում։ «Քանի որ հստակ քաղաքական գնահատական ենք տալիս եւ երբեք չենք վախեցել՝ անկախ ճնշումներից: Փորձեցին ուժի ցուցադրություն անել, ինչպես արեցին ԱԺ նիստի ժամանակ։ Որեւէ մեկը մեզ չի կարող վախեցնել, հետամուտ ենք լինելու, որ այս խուլիգանությունը բոլոր հարթություններում գնահատական ստանա՝ եւ՛ իրավական, եւ՛ քաղաքական: Իշխանությունը կորցնելուց հետո շատ ցավոտ անկում են ունենալու»,- ընդգծեց նա:

Դեպքի առիթով նախօրեին ԱԱԾ հարցաքննության են կանչվել նաեւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի օգնական Գերասիմ Վարդանյանը, Արմենուհի Կյուրեղյանի օգնական Տարոն Ղազարյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովում ծեծկռտուք էր տեղի ունեցել։ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականներ Գերասիմ Վարդանյանին, Սևակ Նազարյանին, Տարոն Ղազարյանին ՔՊ-ական մի քանի պատգամավորներ հրավիրել էին ԱԺ փոխնախագահ, ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանի սենյակ եւ հարձակում գործել նրանց վրա։

                                                                                                  Լիանա Սարգսյան