Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մոսկվայի կարմիր գծերի, Արևմուտքի կողմից Ուկրաինային որպես «բութ» գործիք դիտարկելու, ռուս-թուրքական հարաբերությունների և աշխարհագրական հնարավոր փոփոխությունների մասին Yerkir.am-ը զրուցել է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի հետ։
-Պարո՛ն Մաթևոսյան, ՆԱՏՕ-ն, ըստ էության, հատել է Մոսկվայի սահմանած կարմիր գծերը։ Արևմտյան ռազմաքաղաքական դաշինքը զենք ու զորքով տեղավորվել է Ռուսաստանի արևմտյան սահմանների մոտ։ Մոսկվան էլ դեռևս իր դիվանագիտական թրերն է սրում։ Ինչպիսի՞ զարգացումներ եք կանխատեսում, որքա՞ն է հնարավորությունը, որ կսկավի 3-րդ համարաշխարհային պատերազմ ։
- Բանակցություններում, սովորաբար, ընդունված է հետևյալ պրակտիկան, որ մինչև բանակցությունները՝ դու հայտնում ես հակառակ կողմին քո պահանջների մասին։ Մենք հասկացանք, որ ռուսական կողմի մաքսիմումը այն է, որ Ուկրաինան չլինի ՆԱՏՕ-ի անդամ։ Եթե մենք վերցնենք ՌԴ նախագահ Վ. Պուտինի վերջին հոդվածը, որն ուղղված էր Ուկրաինային, մենք կտեսնենք` իրենց համար կարմիր գիծը ոչ միայն այն է, որ Ուկրաինան մաս չլինի ՆԱՏՕ-ին, այլև Ուկրաինան հակառուսական նախագծի մաս չդառնա, և այնտեղ իշխանության չլինեն այնպիսի ուժեր, որոնք հիմա կան։ Այլ կերպ ասած` Ուկրաինան այլևս չլինի երկիր, որը արտաքին կառավարման ներքո է գտնվում. սա է իրենց կարմիր գիծը։
Տրամաբանական է, որ ԱՄՆ-ն ունի իր կարմիր գծերը և տրամաբանական է, որ իրենք բարձրաձայնում են իրենց կարմիր գծերի մասին։ Ինչ վերաբերում է 3-րդ համաշխարհային պատերազմին. նախկին երկու պատերազմների պատմությունն այն է, որ այն ժամանակ չկար ատոմային զենք։ Հիմա, եթե լինի նոր պատերազմ, և կողմերից որևէ մեկը օգտագործի ատոմային զենք՝ հավատացնում եմ, վնասներն այնքան մեծ են լինելու, որ հարց է լինելու հաղթող կողմը իրապես հաղթող է, թե` ոչ։ Կարծում եմ, որ այս լարվածության ավելացումը արվում է նրա համար, որ դու կարողանաս քո դիրքերը բանակցային սեղանի շուրջ ամրապնդել։
Մի կարևոր հանգամանք. մինչև Պուտին-Բայդեն հանդիպումը՝ ԱՄՆ պաշտոնական կայքում մի տեղեկություն էր զետեղվել, ըստ որի` նախագահ Բայդենը, մինչև Պուտինի հետ քննարկումը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարների հետ։ Այստեղ Ուկրաինայի մասին խոսք անգամ չկա, և այս ամենից կարող ենք եզրակացնել, որ կարևոր տեղում չի լինելու Ուկրաինայի հարցը, այլ լինելու է հարցերից մեկը։ Իմ խորին համոզմամբ` մենք այժմ մի գործընթացի ենք ականատես լինում, երբ նոր աշխարհակարգ է ձևավորվում։
- Տեսնում ենք, որ Ուկրաինան հաստատուն քայլերով գնում է դեպի ՆԱՏՕ, իսկ ԱՄՆ «գրկաբաց սպասում է» և ասում, որ ատամներով կպաշտպանի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։ Չե՞ք կարծում, որ Ուկրաինան պարզապես «բութ» գործիք է դառնում Արևմուտքի ձեռքին՝ Ռուսաստանին ճնշելու համար։
- ԱՄՆ-ն կամ ՆԱՏՕ-Ն Ուկրաինայի չեն սպասում «գրկաբաց». եթե ցանկանային, որ Ուկրաինան մաս կազմեր իրենց դաշինքին, ապա դա կարվեր դեռ 2014 թ.։ Երկրորդ` եթե մենք հետևենք թե՛ Պենտագոնի ղեկավարի հայտարարություններին, թե՛ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի վերջին հայտարարությանը, ապա այդտեղ հստակ ասվում է՝ ՆԱՏՕ-ի պայմանագրի այդ կետը, ըստ որի՝ հարձակումն անդամ պետությունների վրա դա հարձակում է բոլորի վրա, դա չի գործելու Ուկրաինայի համար, քանի որ այդ մարդիկ չեն պաշտպանելու Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն՝ այն մոդելով, որը պատկերացնում է Ուկրաինան. սա մի տեսակ շատ է նման Փաշինյանին։ Եթե Փաշինյանն ասում է՝ այստեղ ՀԱՊԿ-ը պետք է գա, որ Սև լիճը պահպանի, այնտեղ էլ իրենց նախարարներից մեկը ասել էր, որ կանադական, ամերիկյան և մեծ բրիտանական զորքերը պետք է գան Ուկրաինայի տարբեր տեղերում կանգնեն։ Այսինքն այդ քաղաքական ծաղրածու լինելու հանգամանքը տարածված է աշխարհում և, ցավոք սրտի, մեզ վրա էլ է դա տարածվում։ Ինչ վերաբերում է նրան, որ Ուկրաինան գործիք է, ապա, ինչպես Պուտինն է իր խոսքում նշել, Ուկրաինան այլևս դասական իմաստով պետություն չէ, դա արտաքին կառավարման ներքով գտնվող մի սյուբեկտ է, որին վերածել են հակառուսական նախագծի։
- Թուրքիան և Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են, որոնք կառուցում են բազմաբևեռ աշխարհ և մերժում են աշխարհի արևմտակենտրոն պատկերը՝ ճանաչելով միմյանց ազդեցության գոտիներն ու շահերը: Երկու երկրներն էլ գիտեն ինչպես գտնել ընդհանուր եզրեր և փոխզիջումներ՝ չնայած տարբեր հարցերի շուրջ տեսակետների տարբերությանը: Կարո՞ղ ենք ասել, որ Ռուսաստանը Թուրքիային ընդհանրապես չի ընկալում որպես, այսպես ասած, «ՆԱՏՕ-ի երկիր», և Ղարաբաղի դեպքը հենց դրա օրինակն է:
- Եթե մենք անկեղծ լինենք՝ պետք է հիշենք հետևյալը. և՛ Պուտինի նկատմամբ, և՛ Էրդողանի նկատմամբ Արևմուտքը վարում է շատ մոտ քաղաքականություն: Այսինքն՝ երկու երկրների նկատմամբ նրանք կիրառում են որոշակի սահմանափակումներ, պատժամիջոցներ, երկու երկրների զեկավարներին անվանում են դիկտատորներ և այլն։ Այսինքն՝ իրենք իրենց քաղաքականությամբ ստեղծել են մի իրավիճակ, երբ Ռուսաստանը և Թուրքիան սահմանափակված լինելով Արևմուտքի հետ իրենց հարաբերությունները զարգացնելու հնարավորության մեջ, միմյանց հետ համագործակցում են։ Իմ կարծիքով՝ Ռուսաստանը որոշ չափով շատ է խորացրել իր փոխհարաբերությունները Թուրքիայի հետ, ինչը շատ վտանգավոր է։ Օրինակ` Ռուսաստանն ասում է, որ իր համար Ուկրաինայի՝ ՆԱՏՕ անդամ լինելը և ՆԱՏՕ-ի ռազմական տեխնիկան իր սահման բերելը վտանգավոր է, բայց ասիական երկրներում Ռուսաստանի սահմաններին մոտ բացեն ոչ թե ՆԱՏՕ-ի ռազմաբազաներ, այլ Թուրքիայի ռազմաբազաներ. արդյո՞ք սա վտանգավոր չի լինի Ռուսաստանի անվտանգության համար, որքան ՆԱՏՕ-ի ռազմաբազաներն Ուկրաինայում։ Արևմուտքի քաղաքականությունն է մերձեցրել Ռուսաստանին և Թուրքիային, բայց դրա հետ մեկտեղ կան որոշակի սահմաններ, որոնք անվտանգային սպառնալիքի տեսանկյունից ՌԴ-ն չպետք է հատեր, բայց հատել է։
- Պարո՛ն Մաթևոսյան, կարևոր փաստ է, որ Թուրքիան Ռուսաստանին ընկալում է որպես իրավահավասար գործընկեր՝ ի տարբերություն հավաքական Արևմուտքի: Եվ երկու նախագահներն էլ «սիրալիր» են միմյանց նկատմամբ: Այսպիսով՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը դարձավ միակ օտարերկրյա ղեկավարը, ով հրապարակայնորեն աջակցեց Պուտինին և քննադատեց Բայդենին: Կարո՞ղ ենք կարծել, որ Ռուսաստանին ձեռնտու է, երբ Թուրքիան ԱՄՆ-ին դուրս է մղում տարածաշրջանից: Սա տեսանք Սիրիայում, Լիբիայում, Անդրկովկասում:
- Ամեն դեպքում՝ մենք պետք է մի բան հասկանանք, որ քաշային կարգերի հետ կապված որոշակի խնդիր կա։ ՌԴ-ն իրեն համարում է ծանր քաշային, այսինքն՝ համաշխարհային մակարդակի խաղացող, որը շահեր ունի և՛ Աֆրիկայում, և՛ Հարավային Ամերիկայում, ինչի մասին Լավրովը վերջերս ասաց, որ, եթե իրենք էլ քարտեզներ նկարեն, ապա ռուսական աշխարհի քարտեզը կարող է Հարավային Ամերիկայում էլ լինել։
Իրենք Թուրքիային ավելի շատ ընկալում են որպես տարածաշրջանային տերություն և ամեն դեպքում Թուրքիայի հետ ինչ որ համագործակցության եզրեր պետք է գտնեն, բայց խոսել այն մասին, թե իրենք հավասարազոր են, ապա դա այդպես չէ։ Բայց ինչ վերաբերում է Ձեր նշածին, թե Թուրքիան այս կամ այն հարցով աջակցեց Ռուսաստանին և այլն, ես կրկին կասեմ, որ Արևմուտքի քաղաքականությունն է բերել նրան, որ երկու պետությունների միջև կա համագործակցություն։ Մեկ այլ օրինակ ևս. Ռուսաստանի դեմ պատժամիջոցների արդյունքում է, որ վերջին տարիներին ռուս-չինական հարաբերություններն այդքան խորացել են և՛ ռազմավարական, և՛ ֆինանսական առումներով։ Սա տրամաբանական է. մի տեղ երբ դուռդ փակվում է, դու փորձում ես այլ դուռ բացել։
Լենա Կարապետյան