կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-09 18:31
Հասարակություն

Վարդենիսում ցուցարարները փակ ճանապարհների վրա խարույկ են վառել

Ցուցարարները շարունակում են փակ պահել Վարդենիսի գլխավոր ճանապարհը: Ոստիկաններին չի հաջողվում բացել այն:

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ցուցարարները խարույկներ են վառել փակ ճանապարհների վրա և պատրաստվում են երկար մնալ այնտեղ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Yerkir.am-ը հայտնել էր, որ իշխանությունները, չհաշտվելով Վարդենիսում պարտության հետ, վարչական, դատական, ուժային մեթոդների կիրառմամբ, փորձում են նվաճել Վարդենիսի ավագանին: Այդ նպատակով նրանք ձերբակալել են «Միասնական Վարդենիս» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանին:

Վարդենիսցիները, հաջակցություն ընդդիմադիր դաշինքի առաջնորդի, փողոց են փակել։

Նշենք, որ այս առնչությամբ «Միասնական Վարդենիս» դաշինքը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Վարդենիս խոշորացված համայնքում կայացած ավագանու ընտրությունների արդյունքում 12 մանդատ ստացել է «Քաղաքացիական պայմանագիրը», 10՝ «Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքը, 5՝ «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքը:

Ելնելով արդյունքներից՝ «Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքը և «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքը Համագործակցության և համայնքում տեղական իշխանության մարմինները միասնաբար ձևավորելու մասին հայտարարություն են ստորագրել:

Իշխանությունները, սակայն, չհաշտվելով պարտության հետ և վարչական, դատական, ուժային մեթոդների կիրառմամբ, վախեցնելով ու զոռբայությամբ փորձում են նվաճել Վարդենիսի ավագանին: Հիշեցնենք՝ իշխանական գործիչներից մեկը՝ պատգամավոր Հայկ Սարգսյանը, հայտարարել է, որ ավագանու անդամները կարող են մտքափոխվել և ձայն տալ ՔՊ-ին:

Այժմ փորձ է արվում ԿԸՀ-ի միջոցով մեկ մանդատ խլել դաշինքներից՝ թվային հարաբերակցությունը դրանով դարձնելով 14/13: Սակայն 13 մանդատը ևս չի բավարարում ՔՊ-ին՝ համայնքապետ ընտրելու համար: Ելնելով դրանից՝ իշխանությունները փորձում են ձերբակալությունների միջոցով ստանալ ձայնային առավելություն: Քիչ առաջ այդ նպատակով ապօրինաբար ձերբակալել են «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանին:

Իշխանությունների այս լկտի, ցինիկ վարքագիծը և բանեցվող բռնաճնշումները հուզումների տեղիք են տվել Վարդենիսի բնակչության շրջանում:

 

Տես նաև՝ Իշխանությունը փորձում է ազդել ՏԻՄ ընտրությունների արդյունքի վրա՝ համատարած բռնություններ գործադրելով. ՀՅԴ ՀԳՄ հայտարարությունը