կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-05 20:41
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դիերով բեռնատարների վրա մոմ ենք վառել, խունկ ծխեցրել տղերքի համար․ Մեծամորի դատաբժիշկը մանրամասներ է ներկայացնում

Մեծամորի դիահերձարանի բակում կանգնած՝ «Սպայկա» ընկերության սառնարան-բեռնատարների պահոցներում խիստ արտահայտված նեխային փոփոխությունների ենթարկված դիեր եւ մասունքներ են։ Զոհված տղաների մարմիններն անճանաչելի են։ Այս մասին Yerkir.am-ին պատմեց Մեծամորի հիվանդանոցի ճանաչողական կենտրոնում կամավորության սկզբունքով աշխատող դատաբժիշկներից մեկը։ Շեշտում է՝ մարմին կամ մարմնամաս չկա, որ ԴՆԹ փորձաքննության ենթարկված չլինի։

«Դեմք չկա, բախտավոր՝ դեմք լիներ, ծնողը ճանաչեր որդուն։ Այստեղ սովորական դիակներ չեն։ Եթե տեսնեք, թե այնտեղ ինչ է կատարվում, Ձեր հոգեկանը կխախտվի, ինչպե՞ս բացատրեմ։ 2000, 2001, 2002 թիվ երեխաներ են։ Բեռնատարից ամեն անգամ երեխա իջեցնելիս, հասկանո՞ւմ եք, թե ինչ է մարդու հետ տեղի ունենում։ Ո՞ւմ վստահեմ դա, ո՞ւմ բերեմ, դարձնեմ հոգեկան հիվանդ:

Ինչո՞ւ են այդքան քննարկում բեռնատարների կողքին դրված խնկամանների փաստը, տղերքին իրենց հարազատները դեռ չեն գտել, բայց մենք այստեղ ենք։ Ամանորի գիշերն այստեղ ենք անցկացրել, սառնարանների կողքին, բոլոր բեռնատարների վրա մոմեր են վառել, խունկ ենք ծխեցրել տղերքի համար»,- պատմում է դատաբժիշկը։

Բոլոր մարմիններից ու մարմնամասերից գենետիկական նմուշառում է կատարվել, բոլորը կոդավորված են։ Բժիշկն ընդգծում է՝ զոհված տղաների մարմինները Մեծամորի դիահերձարան են բերվել, քանի որ այստեղ սառնարանային հնարավորությամբ բեռնատար պահոցներ կան։

«Մարմինները դատագենետիկական նմուշառումների են ենթարկվում մինչեւ Մեծամոր բերվելը։ Չկա մարմին կամ մարմնամաս, որ համարակալված չլինի։ Զոհվածի ծնողն այստեղից իր որդու մարմինը կարող է տանել բացառապես այն դեպքում, երբ նույնականացում է եղել, համընկել է, եւ մեզ կոդ են ուղարկել։ Նմուշառումները նույնանալուց հետո լիազորված համապատասխան մեքենան գալիս է, կոդավորված պարկը տալիս ենք իրենց, տանում են Հերացի։ Այնտեղ, զինվորական քննչական վարչության քննիչի ներկայությամբ, ծնողը համոզվում է, որ հաստատ իր որդին է, հետո միայն՝ տանում մարմինը։ Գենետիկային չեն հավատում, դրանից հետո փորձում են այլ հատկանիշով նույնացնել, դա շատ սխալ է։ Եթե մեր տեսածը 100 տոկոսով ճիշտ է, գենետիկան ճշգրիտ է 150 տոկոսով»,- շեշտում է Մեծամորի դիահերձարանում աշխատող բժիշկը։

Մեծամորի դիահերձարան բերված մարմինները այստեղ այլեւս որեւէ փորձաքննության կամ այլ գործողության չեն ենթարկվում։ Բեռնատարները բացվում են բացառապես այն դեպքում, երբ նույնականացումը համընկել է, ծնողը եկել է՝ որդու մարմինը տանելու։

«Մարմինը տեղափոխվում է համապատասխան դատաբժշկական դիահերձարան, հակահամաճարակային բոլոր գործողություններն արվում են, պարտադիր դրվում է դագաղի մեջ, ծածկվում եռագույնով։ Չի եղել այնպես, որ ծնողը գա, պարկով մարմին տանի այստեղից»,- վստահեցնում է դատաբժիշկը։

Դիահերձարանի շենքի առաջին հարկում անհետ կորած զինվորների լուսանկարներով մի սենյակ կա, բացի դրանցից՝ դաջվածքներով, հատկանշական խալերով եւ սպիերով մարմնամասերի լուսանկարներ․ մեկն ամուսնուն է փնտրում, մյուսը եղբորը կամ որդուն․․․

Շարունակելի

Լիանա Սարգսյան