Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Akunq.net-ը, մի քանի օր առաջ Գերմանիայում իր մահկանացուն էր կնքել հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունների ճանաչման և դատապարտման համար պայքար մղած թուրք գործիչ, Ֆրանկֆուրտում գործող «Միություն ընդդեմ ցեղասպանության» կազմակերպության հիմնադիր ու նախագահ Ալի Էրթեմը։ Ստորև ներկայացնում ենք միության հայտարարության հայերեն թարգմանությունը նրա մահվան վերաբերյալ․
«2021 թ․ դեկտեմբերի 2-ի առավոտյան մեր սիրելի ընկերը՝ Ալի Էրթեմը, անժամանակ և անսպասելիորեն լքեց մեզ։
Ալի Էրթեմը, որպես «Միություն ընդդեմ ցեղասպանության» կազմակերպության հիմնադիր ու նախագահ, խիզախորեն պայքարեց Թուրքիայում իրագործված ցեղասպանությունների ճանաչման համար։
Սգում ենք մեր ընկեր ու նախագահ Ալի Էրթեմի մահը։ Նրանից հետո առաջացած դատարկությունը անհնար է որևէ ձևով լցնել։ Ալի Էրթեմը իր խիզախության, վճռական կեցվածքի և անզիջում համոզմունքների շնորհիվ միշտ ներգործել է մեզ վրա՝ թե որպես մարդ և թե որպես քաղաքական գործիչ։
Իրենց լավ բարեկամին են կորցրել նաև այնպիսի ճնշված ժողովուրդներ, ինչպիսիք են հայերը, ասորիները, պոնտոսցի հույներն ու քրդերը։ Թուրքիայում իրականացված ցեղասպանությունների ճանաչման ու դատապարտման համար պայքար մղած անձինք կորցրեցին իրենց առաջատարին և պայքարի ամենանվիրյալ մարտիկներից մեկին։
Ալի Էրթեմը մեր միության առաջնորդն ու շարժիչ ուժն էր։ Ալին առաջատար մարտիկ էր, իսկական հեղափոխական, որովհետև երբեք չէր հրաժարվում իր համոզմունքներից և դրանք միշտ վերածում էր կոնկրետ գործողությունների։
Ալի Էրթեմի ուժը, ստեղծարար գործունեությունը և հստակ կեցվածքը կշարունակեն ուղենիշ լինել մեզ համար՝ որպես մի լույս Թուրքիայում կատարված ցեղասպանությունների պատմության ժխտման մթության մեջ։
Սիրելի՜ Ալի, քեզ շատ վաղաժամ և անսպասելիորեն կորցրեցինք, սգում ենք քո մահը։ Սակայն, միևնույն ժամանակ, համոզված ենք, որ քո աշխատանքի պտուղներն ապարդյուն չեն լինի, մեր սիրելի՜ ընկեր։
Անվերջ կզգանք քո պակասը, մշտապես կկարոտենք քեզ»։
Միություն ընդդեմ ցեղասպանության կազմակերպություն, Ֆրանկֆուրտ
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net